«Մատնաչափիկը», հանրաճանաչ հեքիաթային սյուժե ճկույթի չափ փոքրիկ տղայի արկածների մասին։

Մատնաչափիկը
էսպերանտո՝ Fingreto
Տեսակգրական հերոս, բանահյուսական կերպար, gas station chain?, թատերական կերպար և գեղարվեստական անձ
Երկիր Անգլիա
Գրվել է16-րդ դար
 Le Petit Poucet
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատնաչափիկը (այլ կիրառումներ)

Հայտնի են սյուժեի ժողովրդական մի քանի տարբերակներ։ Գրիմ եղբայրների ժողովածուում կրում է 37 համարը, Ա. Ն. Աֆանասևի ժողովածուում՝ 300 համարը։ Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ներկայացված է 700 համարի ներքո։ Ուկրաինական և բելառուսական տարբերակները տարբերվում են սոցիալական սուր դրվածքով (փոքրիկ տղան ծաղրում է թագավորին, բարինին, տերտերին ու վնասում նրանց), բաշկիրական ու թաթարական տարբերակները բարդացված են մանրամասնություններով։ Գոյություն ունեն նաև հեքիաթի ճապոնական, թուրքական, հրեական և հնդկական տարբերակներ։

Սլավոնական դիցաբանության մեջ չեխական Křet տնային ոգին պատկերվել է մատի մեծությամբ բրոնզե փոքր արձանիկների տեսքով, այդ պատճառով էլ անվանվել է Paleček (Մատնաչափիկ)[1]։

Գրականության մեջ խմբագրել

 
Երեխաներին գաղտագողի մոտեցող մարդակերը (Գյուստավ Դորեի փորագրանկար)

Մատնաչափիկը գրականության մեջ առաջին անգամ հանդես է եկել 16-րդ դարի «Tumbe his life and death» անգլիական բանաստեղծության մեջ, նաև զարգացել է Պեռոյի հեքիաթներում։ 1621 թվականին Լոնդոնում հրատարակվել է 40 էջանոց «The History of Tom Thumbe» բրոշյուրը, որի հեղինակը, ինչպես ենթադրվում է, Ռիչարդ Ջոնսոնն է։ Այն դարձել է առաջին տպագրված անգլիական հեքիաթը[2]։

Այդ սյուժեները տարբերվում են եվրոպական ժողովրդական տարածված տարբերակներից։ Աֆանասևի ժողովածուի տեքստը, որը մոտ է Գրիմ եղբայրների հեքիաթի սյուժեին և Ռուսաստանի գյուղացիական կյանքի մանրամասների հետաքրքիր նկարագրություններ է պարունակում, իր հերթին աղբյուր է դարձել Ալեքսեյ Տոլստոյի համանուն հեքիաթի համար։ Գրիգորի Դանիլևսկին մշակել է ուկրաինական ժողովրդական հեքիաթը («Коротышка»): Ռուսական և ուկրաինական ժողովրդական հեքիաթներին բնութագրական են Մատնաչափիկի ներկայացումը որպես դյուցազնի, որը երբեմն իր համար զենքեր է ընտրում[3]։

Եվրոպական տարբերակ խմբագրել

Երեխա չունեցող ամուսնական զույգը ցանկանում է մի տղա ունենալ, թեկուզ նա ունենար մեկ դյույմ հասակ։ Գրիմ եղբայրների հեքիաթում կինը յոթ ամիս անց մի մատի չափ տղա է ունենում, ռուսական տարբերակում՝ նա կաղամբը կտրատելիս պատահաբար կտրում է մատը, որը վերածվում է խելացի երեխայի։

Մի անգամ Մատնաչափիկը նստում է ձիու ականջին ու նրան հրամաններ տալիս։ Անցորդները (կամ բարինը), տեսնելով այդ, հորն առաջարկում են տղային վաճառել իրենց։ Հայրը շատ թանկ գնով վաճառում է։ Շուտով Մատնաչափիկը փախչում է։ Ճանապարհին նա հանդիպում է գողերի, որոնց հետ ընկերանում է և առաջարկում դարպասները բացել՝ մտնելով կողպեքի ճեղքը։ Երբ գողերը տղային մենակ են թողնում, նրան կովի փորոտիքի հետ կուլ է տալիս քաղցած գայլը։ Մատնաչափիկը գայլին ստիպում է գնալ հոր տուն, վերջինս էլ սպանում է գայլին։

Հրեական տարբերակը շատ է հիշեցնում եվրոպականին, բայց և ունի իր առանձնահատկությունները։ Կինը ցանկանում է տղա, թեկուզ լոբու չափ։ Անմիջապես լոբին վերածվում է տղայի՝ Բեբելին։ Երբ տղան փախչում է գողերից, ու կովը նրան կուլ է տալիս, նա սկսում է (կովի ներսից) կովին նախատել, որ իրեն կուլ է տվել, և վախեցած տերը մորթում է կենդանուն, իսկ փորոտիքը թափում։ Տղային գտնում է Բեբելի աղքատ, հին ծանոթը և տանում տուն։

Շառլ Պերոյի տարբերակ խմբագրել

 
Երեխաների վերադարձը տուն (Օֆերդինգերի նկարազարդում)
 
«Թուղթն այստեղ է» – նշան Էֆտելինգում

Սյուժե խմբագրել

Երկրում տիրում են աղքատությունն ու սովը։ Փայտահատն ու նրա կինն իրենց յոթ որդիներին կերակրելու համար այլևս ոչինչ չունեն։ Մի գիշեր, մինչ երեխաները քնած էին, ծնողները որոշում են նրանց տանել անտառ և թողնել այնտեղ։ Տղաներից մեկը, որն իր կարճ հասակի պատճառով ուներ Մատնաչափիկ մականունը, գաղտնի լսում է նրանց խոսակցությունն ու հեռատեսորեն սպիտակ քարեր հավաքում, որպեսզի դրանք գցի ճանապարհին, իսկ այնուհետև դրանց շնորհիվ գտնի տուն վերադառնալու ճանապարհը։ Հաջորդ օրը հայրը կատարում է իր չարագործ ծրագիրը։ Բայց Մատնաչափիկն ու նրա եղբայրները քարերի շնորհիվ վերադառնում են տուն։ Ծնողները դրա համար շատ են ուրախանում, քանի որ երեխաների բացակայության ժամանակ գյուղապետը վերջապես փայտահատին էր տվել նրան պարտք փողը։ Բայց այդ երջանկությունը կարճատև էր։

Երբ կրկին կարիքի մեջ են հայտնվում, ծնողները նորից որոշում են երեխաներին թողնել անտառում, բայց դրանից առաջ Մատնաչափիկին փակի տակ են պահում, որպեսզի վերջինս չկարողանա քարեր հավաքել և այդպիսով եղբայրները չէին կարողանա վերադառնալ։ Թափառելով անտառում՝ նրանք մի տնակա են գտնում և փորձում այնտեղ ապաստան գտնել։ Դուռը բացող կինը փորձում է համոզել նրանց հեռանալ, քանի որ նրա ամուսինը՝ մարդակեր է և ուտում է երեխաներին։ Բայց յոթ եղբայրները, ավելի շատ վախենալով անտառային գայլերից, մտնում են տուն։ Երեկոյան գալիս է մարդակերը, նրա կինը թաքցնում է տղաներին, բայց նա գտնում է նրանց։ Կինն ամուսնուն համոզում է իր սարսափելի խնջույքը թողնել վաղվան։

Վախենալով, որ մարդակերը գիշերը կհարձակվի իրենց վրա, Մատնաչափիկը, մինչ եղբայրները քնած էին, նրանց գլխարկները փոխում է մարդակերի յոթ դուստրերի ոսկե թագերի հետ։ Մարդակերը մտնում է ննջարան, և ենթադրելով, որ գլխարկներով քնած են տղաները՝ սպանում է իր դուստրերին։ Տղաներն այդ ժամանակ փախչում են, իսկ կատաղած մարդակերը շտապում է նրանց հետապնդել իր արագընթաց յոթ մղոնանոց կոշիկներով։ Հոգնելով՝ հանգստանում է մի քարի վրա, որի հետևում թաքնվել էին տղաները։ Մատնաչափիկը եղբայրներին համոզում է վերադառնալ հայրական տուն, իսկ ինքը հագնում է արագընթաց կոշիկներն ու վազում մարդակերի տուն։ Մարդակերի կնոջը պատմում է, որ ավազակները նրա ամուսնուն գերի են վերցրել՝ պահանջելով փրկագին, և որ ամուսինն իրեն ուղարկել է փողը բերելու, իսկ հանձնարարությունը հաստատելու և արագ քայլելու համար տվել է իր կոշիկները։

Արդյունքում Մատնաչափիկը մեծ հարստությամբ վերադառնում է ծնողների մոտ, որոնք իրենց երեխաներին ընդունում են ուրախությամբ և թեթևացած։

Նախապատմություն խմբագրել

Շառլ Պերոյի տարբերակը հայտնվել է մեծ սովի համատեքստում, որը եղել է Լյուդովիկոս XIV-ի իշխանության տարիներին, և արտացոլում է գյուղացիների կյանքի անկայունությունն ու երեխաների դրությունը, որոնց առաջինն էին զոհաբերում աղետի ժամանակ։

17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի սկզբի միջև ընկած ժամանակահատվածում, երբ Շառլ Պերոն հրատարակել է հեքիաթի առաջին տարբերակը (1697), Եվրոպան և հատկապես Ֆրանսիան ցնցել են բնական աղետները։ Դա եղել է Փոքր սառցե դարաշրջանի կիզակետը, իսկ կլիմայական առաջին մինիմումը եղել է 1650 թվականին։ Եղել են անձրևային ամառներ, խիստ ցրտաշունչ (սիբիրյան) ձմեռներ և տեղային սով, որոնք, ըստ պատմաբանների, եղել են 1660, 1661, 1662, 1675 թվականներին։ 1693 թվականի ձմեռը բերել է համընդհանուր սով։ 1705 թվականի ձմռանը ծովերը սառցակալել են ափի երկայնքով, իսկ 1715 թվականին Սեն գետն ամբողջությամբ սառել է։ Հողը սառել է մինչև 70 սմ խորությամբ։ Բերքը ոչնչացել է։ Սատկել են նույնիսկ վայրի կենդանիները, իսկ գայլերը (Ֆրանսիայի պատմության մեջ հանդիպած հազվադեպ փաստ) սկսել են հարձակվել մարդկանց վրա։ Հացահատիկի գնումներն անհրաժեշտ էր կատարել արտասահմանում, բայց Լուի XIV-ի ավերիչ պատերազմներն սպառել են պետական գանձարանը։

Անգլիական տարբերակ խմբագրել

 
Մատնաչափիկը Արթուր թագավորի պալատում (անհայտ նկարիչ, 1864)

Սյուժեն մասամբ հիմնված է անգլիական «Tumbe his life and death» բանաստեղծության վրա, որն ստեղծվել է Արթուր արքայի մասին լեգենդի և ասպետական վեպերի ազդեցությամբ։

Սյուժե խմբագրել

Մի անգամ կախարդ Մեռլինը, ընդունելով աղքատի կերպարանք, գիշերելու է մնում մի անզավակ գյուղացու տանը։ Մերլինին զվարճացնում է կնոջ՝ թեկուզ ամուսնու բութ մատի չափ հասակով երեխա ունենալու ուժեղ ցանկությունը, և կախարդը կատարում է նրա ցանկությունը։ Երբ գյուղացու կինը պստլիկ երեխա է ունենում, անգամ փերիների թագուհին է թռչում պատուհանից՝ ցանկանալով տենել փոքրիկին։ Նա համբուրում է նորածնին, նրան անվանում Թոմ և կանչում էլֆերին, որպեսզի նրանք տղայի համար հագուստ պատրաստեն։ Էլֆերը տղային հագցնում են իրենց երեխաների նման։ Այնուհետև հեքիաթում ներկայացվում են տղայի արկածները, որոնք ընկած են եվրոպական ավանդական ժողովրդական սյուժեի հիմքում։ Թափառումներից հետո Մատնաչափիկին տանում են թագավոր Արթուրի և թագուհի Գվինևրայի մոտ՝ պալատին զվարճացնելու համար, որտեղ նա իր կատակների շնորհիվ դառնում է Կլոր սեղանի ասպետների սիրելին։ Մատնաչափիկը թագավորի հետ գնում է որսի, սեղանի շուրջը նստում թագավորի ափսեի դիմաց փոքրիկ դրված աթոռին, նրա համար պատրաստել էին հատուկ պալատ և կառք, որին լծված էր յոթ մուկ։ Այդպիսով, նա իր օրերն անցկացնում էր մշտական ուրախության և զվարճանքի մեջ։

Ոչ եվրոպական հեքիաթներ խմբագրել

Ճապոներենում Մատնաչափիկին անվանում են Իսսումբոսի (一寸法師), նրա մասնակցությամբ հեքիաթը նույնպես արկածային է, բայց ունի տեղական յուրահատկություններ, առկա են դևեր։

Սյուժեի ճյուղավորում խմբագրել

 
Մատնաչափիկը և քնած մարդակերը: Կոմպոզիցիա Էֆտելինգ թեմատիկ այգու Հեքիաթային անտառում (Նիդեռլանդներ)

Հանս Քրիստիան Անդերսենը 1835 թվականին տպագրել է «Մատնաչափիկը» հեքիաթը, որը հեքիաթի տարբերակն է փոքրիկ աղջկա արկածների մասին։

Կերպարը մշակույթում խմբագրել

Թատրոնում խմբագրել

Էկրանավորումներ խմբագրել

  • «Մատնաչափիկը» – 1938 թվականի խորհրդային մուլտֆիլմ՝ ստեղծված Շառլ Պերոյի հեքիաթի մոտիվներով,
  • «Մատնաչափիկը» – 1958 թվականի անգլո-ամերիկյան ֆիլմ՝ ըստ Գրիմ եղբայրների հեքիաթի,
  • «Մատնաչափիկը» – 1977 թվականի խորհրդային մուլտֆիլմ՝ ստեղծված ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով,
  • «Մատնաչափիկը» – 1985 թվականի խորհրդային-չեխոսլովակիական գեղարվեստական ֆիլմ սեփական սյուժեով,
  • «Մատնաչափիկը» – 2006 թվականի ռուսական մուլտֆիլմ «Ակնեղենների լեռը» սերիալից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սլավոնական դիցաբանությունը և սլավոնների կրոնը». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Opie, Iona; Opie, Peter (1992) [1974]. The Classic Fairy Tales. Oxford University Press. ISBN 0-19-211559-6.
  3. Будур, 2005, էջ 278

Աղբյուրներ խմբագրել

  • Будур Н. В. Мальчик-с-пальчик // Сказочная энциклопедия / общ. ред. Н. В. Будур. — М.: Олма-Пресс, 2005. — С. 275—278. — ISBN 5-224-04818-4.
  • Saintyves P. Les Contes de Perrault et les image des legendares. — Paris, 1912, p. 319—349.(ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնաչափիկը (հեքիաթ)» հոդվածին։