Մատիեններ (հուն․՝ Ματιηνοί), հնագույն ցեղ կամ ցեղային միավորում Կապադովկիայում, Հալիս գետի աջ հովտում։

Մ.թ.ա. VΙ-V դարերում Մատիենները իրենց հյուսիս-արևելյան հարևան ցեղերի՝ ալարոդիների ու սասպիրների (սպերացիներ) հետ միասին կազմել են Աքեմենյան աշխարհակալության 18-րդ սատրապությունը։ Որոշ ուսումնասիրողներ Մատիեններին շփոթել են Կապուտան (Ուրմիա) լճից հարավային՝ Փոքր Զավ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Մարաստանի «Մատիենե» կոչվող գավառի հետ։ Մ.թ.ա. VI-V դարերում պատմիչներ Հեկատեոս Միլեթացին և Հերոդոտոսը վկայում են, որ Մատիենները տարազով, զինվածությամբ և էթնիկական այլ հատկանիշներով մերձավոր են եղել փոքրասիական հարևան ցեղերին՝ Կապադովկիայի ասորիներին, պափլագոնացիներին, մոսքերին ու կոլքերին։ Հետևաբար Մատիեններին անկարելի է նույնացնել նույն Հերոդոտոսի հիշատակած Մատիենե գավառին, որը նա վերագրում է բուն Մարաստանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 289