Մաս և ամբողջ, առարկաների և երևույթների կառուցվածքային կողմը բնութագրող փիլիսոփայական կատեգորիաներ, որոնց հարաբերակցության տարբեր մեկնաբանությունները ծառայում են ճանաչողական տարբեր խնդիրների։ Պարզագույն դեպքում ամբողջը մասերի (այն կազմող միատեսակ առարկաների) սոսկական գումարն է, ուստի այն վերլուծելով մասերի՝ մենք ճանաչում ենք ամբողջը և, հակառակը, ամբողջի հատկությունները կարող են փոխադրվել մասերի վրա։ Այսպիսի գումարային ամբողջից, ըստ էության հավաքականությունից, տարբերվում է բուն իմաստով ամբողջը՝ ամբողջականությունը, որն իր հատկություններով համարժեք չէ մասերին, օժտված է կառուցվածքային միասնությամբ և «վարքի» ու զարգացման ինքնուրույնությամբ. մասերը տարատեսակ են և կապված են բազմազան հարաբերություններով, դրանք կոչված են ծառայելու ամբողջին և նրանից դուրս իմաստ չունեն, ամբողջը դրանք «ենթարկում» է իրեն, կարգավորում և ուղղորդում դրանց գործունեությունը։ Այս մոդելով կարող են ներկայացվել օրգանիզմները, հասարակությունը՝ որպես տնտ. և սոցիալական օրգանիզմ և այլն։ Ամբողջականության կատեգորիային բացառիկ նշանակություն է տվել Ի. Կանտը՝ նպատակի վերաբերյալ իր ուսմունքում։ Հեգելը դրա հետ է կապել ինքնազարգացման դիալեկտիկական գաղափարը։ Հետագայի մի շարք ուսմունքներ (ռոմանտիզմ, «կյանքի փիլիսոփայություն», հոլիզմ, գեշտալդ հոգեբանություն են) պնդել են, թե բնագիտական՝ «մեխանիստական», «պատճառական», «վերլուծական» ճանաչողությունը կարող է ներկայացնել միայն գումարային հավաքականությունները, բայց ոչ ամբողջականությունը։ Կ. Մարքսի մեծագույն ծառայություններից է հասարակական օրգանիզմի դիտարկումը որպես ամբողջականություն, որի նկատմամբ նա առաջին անգամ կիրառեց համակարգային կառուցվածքային մոտեցում։ Ներկայումս պարզ է, որ խիստ ինտուիտիվ մակարդակով առանձնացված Մաս և ամբողջի հարաբերակցության տարբեր ըմբռնումները կարող են ճշգրտվել համակարգերի տեսության մեջ՝ ձևական մոդելների օգնությամբ (աես Համակարգային մոտեցում)։ Այս ճշգրտությամբ հստակ է դառնում նաև Մաս և ամբողջի հարաբերակցության տարբերությունը բազմության և տարրի, վերացականի և կոնկրետի, ընդհանուրի, հատկականի ու եզակիի ուրիշ հարակից հակասություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 266