Առոգանություն, հնչյունի, բառի, նախադասության ընդհանրացված արտասանություն։ Յուրաքանչյուր լեզու ունի իր առոգանությունը, որը հնարավորություն է տալիս ճիշտ հասկանալու բանավոր խոսքը:

Պատմություն խմբագրել

Առոգանության հարցերով սկսել են զբաղվել վաղ ժամանակներից (Դիոնիսիոս Թրակացի, «Քերականական արվեստ», մ. թ. ա. 2-1-ին դարերում)։ Արտահայտության հիմնական միջոցներ են հնչերանգն ու շեշտը։

Հնչերանգ խմբագրել

Հնչերանգը դրսևորվում է ամենատարբեր ձևերով, որոնցից կարևոր են պատմողականը (առանց որևէ նշանի), հարցականը «՞», հրամայականը «՛» և բացականչականը «՜»։ Որոշ լեզուներում (աֆրիկյան լեզուների մի մասում, չինարենում և այլն) առատ է երաժշտական տարրը, որն արտահայտվում է արտասանության ժամանակ ձայնի ելևէջումներով և շեշտի տևականությամբ։

Շեշտ խմբագրել

Առոգանության մեջ մեծ է շեշտի նշանակությունը, այն տարբեր լեզուներում տարբեր ձևերով է դրսևորվում։ Գոյություն ունեն բառական և տրամաբանական շեշտեր։

Բառական շեշտ խմբագրել

Բառական շեշտն արտահայտում է շեշտվող վանկի ուժգնությունը, որը հայերենում կայուն - շարժական է, այսինքն՝ միշտ (բացառությամբ գրեթե, մանավանդ և նման բառերի) դրվում է բառի վերջին վանկի վրա (տուն - տներ - տների), ռուսերենում՝ շարժական (вода-воды, рука-руки), գերմաներենում՝ կայուն - անշարժ (Mensch-«մարդ», menschlic - «մարդկային», Ménschlichkeit - «մարդկայնություն»)։ Ի տարբերություն գերմանական և ռոմանական լեզուների շեշտի ուժգնության, ֆրանսերենում այն թույլ է արտահայտվում (հմմտ. ֆր.՝ sabre՝ «սուսեր», գերմ.՝ säbel

Տրամաբանական շեշտ խմբագրել

Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացի, ես տուն գնացի և այլն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ Առոգանությունը թեև շատ դանդաղ բայց ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Այդպիսի փոփոխություններ կան նաև հայերենի բարբառներում։ Դրանք դրսևորվում են և՛ հնչյունական համակարգում (օրինակ՝ «է»-ի քմայնացումը Վանի, Խոյի, Հաճընի բարբառներում, «ա»-ի շրթնայնացումը Բայազետի խոսվածքում), և՛ շեշտի վերջընթեր լինելու ու մեծ տևականության, և՛ նախադասությունների երանգների յուրահատուկ դրսևորումների մեջ։ Առոգանությունը կարող է ըմբռնվել առավել ընդհանուր իմաստով (ակցենտ), երբ որևէ լեզվով կամ բարբառով խոսող անձնավորություն իր մայրենի լեզվի կամ բարբառի ընդունված առոգանության համապատասխան խոսում է մի այլ լեզվով կամ բարբառով (օրինակ՝ ֆրանսիացին՝ ռուսերեն, համշենցին՝ Լոռու խոսվածքով և այլն)։