Հռոմի ֆորում
(Forum Romanum)
Պատկեր:Forum Romanum (16640231981).jpg
Պահպանվող կառույցներՏաբուլարիում, Հառաչանքների աստիճաններ, Սատուրնի տաճար, Վեսպասիանոսի և Տիտոսի տաճար, Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար, Կուրիա Յուլիա, Ռոստրա (ամբիոն), Էմիլիայի բազիլիկա, Հռոմի ֆորում, Յուլիայի բազիլիկա, Կեսարի տաճար, Ռեգիա, Կաստորի և Պոլուքսի տաճար, Վեստայի տաճար
Կայսերական կոմիցիում (հավաքատեղի)Կուրիա Յուլիա, Օգոստոսի ամբիոն, Ումբիլիկուս Ուրբիս, Ոսկե անկյունաքար, Սև մարմար, Մաքսենտիոսի բազիլիկա


Հռոմի ֆորումը (լատին․՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano) ուղղանկյուն հրապարակ է Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով: Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես արևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:

Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի կենտրոնը՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը: Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց: Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրն աշխարհում ամբողջ պատմության ընթացքում:[1] Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների:[2]

Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում: Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին հարավ-արևելյան հատվածում: Դրանք ներառում էին հնադարյան նախկին թագավորական նստավայրը՝ Ռեգիան (մ.թ.ա. 8-րդ դար), և Վեստայի տաճարը (մ.թ.ա 7-րդ դար), ինչպես նաև իր շուրջը գտնվող Վեստալուհիների տունը, որոնք բոլորը վերակառուցվել են Հռոմեական կայսրության հզորացումից հետո:

Հյուսիս-արևմուտքում են գտնվում այլ հինավուրց սրբատեղիներ, ինչպիսիք են Ումբիլիկուս Ուրբիսը (լատին․՝ Umbilicus Urbis)` Հռոմի պորտը, և Վուլկանալը (լատին․՝ VulcanalՎուլկան աստծո սրբատեղին, որը կառուցվել է Հռոմի հանրապետության նախկին կոմիցիումում (հավաքատեղի, լատին․՝ Comitium): Այստեղ է ձևավորվել Հռոմի սենատը, ինչպես նաև հանրապետական կառավարությունը: Այս տարածքում աստիճանաբար հայտնվել են սենատը, կառավարական գրասենյակներ, տրիբունալներ, տաճարներ, հուշարձաններ և արձաններ:

Ժամանակի ընթացքում հնադարյան կոմիցիումը փոխարինվեց հարակից ավելի մեծ ֆորումով և դատական գործընթացները տեղափոխվեցին նորակառույց Էմիլիայի բազիլիկա (մ.թ.ա. 179 թվական): 130 տարի անց Հուլիոս Կեսարը կառուցեց Յուլիայի բազիլիկան, ինչպես նաև Կուրիա Յուլիան, որոնք ընդգրկում էին դատական մարմիններն ու սենատը: Այս նոր ֆորումն այն ժամանակ ծառայում էր որպես վերակենդանացած քաղաքի հրապարակ, որտեղ ավելի մեծ թվով հռոմեացիներ կարող էին հավաքվել ինչպես առևտրային և քաղաքական, այնպես էլ դատական և կրոնական գործերով:

Ի վերջո, տնտեսական և դատական գործերի մեծ մասը ֆորումից տեղափոխվեց հյուսիսում գտնվող ավելի ընդարձակ և ավելի շքեղ շինություններ՝ Տրայանոսի ֆորում և Ուլպիայի բազիլիկա: Կոնստանտինոս I-ի կառավարման օրոք կառուցվեց ֆորումի վերջին հսկայական շինությունը՝ Մաքսենտիոսի բազիլիկան (321 թվական): Դրանով ֆորումը կրկին դարձավ քաղաքական կենտրոն մինչև Արևմտյան հռոմեական կայսրության անկումը գրեթե 2 դար անց:

Նկարագրություն խմբագրել

Ի տարբերություն Հռոմի ավելի ուշ շրջանի կայսերական հրապարակների, որոնք կառուցվել են հին հունական քաղաքային հրապարակների մոդելով, Հռոմի ֆորումը զարգացել է աստիճանաբար և մաս առ մաս՝ երկար դարերի ընթացքում:[3] Չնայած նրան, որ Սուլլան, Հուլիոս Կեսարը, Օգոստոսն ու այլոք փորձել են կարգուկանոն հաստատել այդտեղ, նրանց դա որոշ չափով է հաջողվել: Արդեն կայսերական շրջանում մեծ հասարական կառույցները, որոնք կուտակված էին կենտրոնական հրապարակում, նվազեցրել էին բացօթյա տարածքը 50 մետրով՝ հասցնելով 150 մետրի, իսկ որոշ տվյալներով՝ 75 մետրով՝ հասցնելով 200 մետրի: Ֆորումի երկարությունը ձգվում էր հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք և տարածվում էր Կապիտոլիում բլրից մինչև Վելիում բլուր: Ֆորումի կայսերական շրջանի բազիլիկաները՝ Էմիլիայի բազիլիկան հյուսիսում և Յուլիայի բազիլիկան հարավում, եզրագծում էին նրա երկարությունն ու ապահովում վերջնական տեսքը: Զուտ ֆորումն ընդգրկում էր հրապարակը, նրան շրջապատող շինություններն ու երբեմն նաև հավելյալ տարածք (լատին․՝ Forum Adjectum), որը ձգվում է մինչև Տիտոսի հաղթակամար:[4]

Սկզբում ֆորումի տարածքում ճահճային լիճ էր, որտեղ լցվում էին մոտակա բլուրներից հոսող ջրերը:[5] Այն ցամաքեցվել է Մեծ կոյուղու (լատին․՝ Cloaca Maxima) միջոցով Տարքվինիոս Ավագի կողմից: Տիբեր գետի վարարումներից առաջացած նստվածքի և մոտակա բլուրների քայքայման արդյունքում ֆորումի գետինը դարերի ընթացքում անընդհատ բարձրացել է: Սալահատակների մնացորդների պեղումները ցույց են տալիս, որ մոտակա բլուրների քայքայման արդյունքում առաջացած նստվածքն արդեն բարձրացնում էր մակարդակը հանրապետության վաղ շրջանում:[6]

Քանի որ կառույցների շրջակա տարածքը բարձրանում էր, բնակիչները պարզապես ճանապարհները սալարկում էին մնացորդների վրա, քանի որ դրանք չափազանց շատ էին հեռացնելու համար: Ֆորումի վերջին տրավերտինե սալահատակը, որ դեռ տեսանելի է, կառուցվել է դեռևս Օգոստոս կայսեր օրոք: 19-րդ դարի պեղումները բացահայտել են մեկը մյուսի վրա կառուցված շերտեր: Պեղումների ամենախոր շերտը ծովի մակարդակից բարձր էր ընդամենը 3.60 մետր: Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ այդ մակարդակի վրա եղել է մարդկային գործունեություն՝ հայտնաբերելով կարբոնացված փայտ:[7]

Ե՛վ հանրապետության, և՛ կայսերական շրջանում ֆորումի ամենակարևոր գործառույթը կայանում էր նրանում, որ այն ծառայում էր որպես ռազմական շքերթների (Հռոմի տրիումֆների), տոնակատարությունների կիզակետային վայր: Հաղթանակած հրամանատարները քաղաք էին մտնում արևմտյան Հաղթանակի դարպասով (լատին․՝ Porta Triumphalis) և հաղթական պտույտ էին կատարում Պալատինում բլրի շուրջ, այնուհետև Վելիում բլրից Վիա Սակրայով հասնում էին ֆորում:[8] Այստեղից նրանք բարձրանում էին Յուպիտեր Օպտիմուս Մաքսիմուսի տաճար՝ Կապիտոլիումի գագաթին: Այնուհետև վերադառնում էին ֆորում՝ հանրության համար ճոխ խնջույքներ կազմակերպելու համար:[9]

 
Հռոմի ֆորում

Պատմություն խմբագրել

Հռոմի թագավորություն խմբագրել

 
Հռոմի քարտեզը մ.թ.ա. 753 թվականին (ֆորումն ընդգծված է).

Ֆորումի սկզբնական ցածրադիր, խոտով ծածկված ջրատարածքները ցամաքեցվել են մ.թ.ա. 7-րդ դարում Մեծ կոյուղու կառուցմամբ, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ սկսեցին բնակվել 2 բլուրների միջև:

Ըստ ավանդույթի՝ ֆորումի ստեղծումը պայմանավորված է Պալատինում բլրի վրա իշխող Հռոմուլոսի՝ Հռոմի առաջին թագավորի, և իր մրցակցի՝ Կապիտոլիում բլրի տիրակալ Տիտուս Տատիոսի հաշտությամբ: Պայքարից հետո հաշտությունը ձեռք է բերվել սաբինուհիների աղոթքների շնորհիվ: Գտնվելով 2 բլուրների միջև՝ այն 2 կողմերի հանդիպման վայրն էր հանդիսանում: Այդտեղ՝ Վուլկանալի մոտ, ըստ պատմության, 2 կողմերը վայր են դրել իրենց զենքերը և հաշտություն կնքել:[10]

Ֆորումը գտնվում էր սաբինուհիների ամրոցի պարիսպներից դուրս, իսկ մուտքը Սատուրնի դարպասից էր: Այդ պարիսպները հիմնականում փլուզվել են երկու բլուրների միացումից:[11] Սկզբում ֆորումը հանդիսանում էր կոմիցիումին հարակից բացօթյա շուկա, բայց հետագայում քաղաքական ելույթները, քաղաքացիական դատավարությունները և այլ հասարակական միջոցառումներ սկսեցին ավելի շատ տարածվել ֆորումում, ուստի աճող բնակչության կարիքները հոգալու համար տարբեր հրապարակներ ստեղծվեցին ամբողջ քաղաքում:

Վարկածներից մեկի համաձայն՝ Հռոմի երկրորդ թագավորը՝ Նումա Պոմպիլիոսն է (իշխել է մ.թ.ա. 715–673 թվականներին) հիմք դրել Վեստայի պաշտամունքին՝ կառուցելով Վեստալուհիների տունը և Վեստայի տաճարը, ինչպես նաև Ռեգիան՝ քաղաքի առաջին թագավորական պալատը: Ավելի ուշ Տուլլոս Հոստիլիոսը (իշխել է մ.թ.ա. 673–642 թվականներին) կոմիցիումը տեղափոխեց հին Էտրուսկյան տաճար, որտեղ հավաքվում էր սենատը: Նա նաև վերակառուցեց տաճարը՝ անվանելով Կուրիա Հոստիլիոս, որն ավելի մոտ էր հին էտրուսկյան տնակին, որտեղ սկզբնական շրջանում հավաքվում էր սենատը:

Հռոմի հանրապետություն խմբագրել

 
Հռոմի ֆորումի քարտեզը: Հանրապետական Հռոմի կառույցները նշված են կարմիրով, կայսերական Հռոմինը՝ սևով:

Հանրապետության շրջանում կոմիցիումը դեռևս շարունակում էր կենտրոնական տեղ զբաղեցնել քաղաքի դատական և քաղաքական կյանքում:[12] Ինչևէ, ավելի մեծ հավաքատեղի ստեղծելու համար սենատը սկսեց ընդարձակել կոմիցիումի և Վեստայի տաճարի միջև ընկած բացօթյա տարածքը՝ գնելով և քանդելով մոտակա առանձնատները: Որոշ կոնսուլների կառուցապատման նախագծերը իրականացվում էին կոմիցիումի և մոտակա կենտրոնական հրապարակի վրա, որն էլ վերածվում էր ֆորումի:[13]

Ֆորումի առաջին տաճարները, որոնց կառուցման տարեթվերը հայտնի են, առաջացել են մ.թ.ա. 5-րդ դարում: Դրանք են՝ Սատուրնի տաճարը (մ.թ.ա. 497 թվական)և Կաստորի և Պոլուքսի տաճարը (մ.թ.ա. 484 թվական):[14] Կոնկորդի տաճարը կառուցվել է հաջորդ դարում զինվորական և քաղաքական գործիչ Մարկոս Ֆուրիոս Կամիլլոսի կողմից: Տրիբուն Գայոս Լիցինիոսն առաջինն էր, ով ընդհարվեց էլիտայի հետ ֆորումի պատճառով: Այդ քայլը կրկնվեց 2 դար անց Գայոս Գրակիոսի կողմից:[15]

Սրանով սկիզբ դրվեց մի օրենքի (լատին․՝ locus popularis), ըստ որի երիտասարդ ազնվականներն իրավունք էին ստանում Ռոստրայից խոսելու ժողովրդի հետ: Գրակիոսին հետևաբար մեղադրեցին Հին Հռոմի իրենց նախնիների ավանդույթները խախտելու մեջ(լատին․՝ mos maiorum): Մ.թ.ա. 318 թվականին, երբ Գայոս Մենիոսը դեռևս սենսոր էր, նա ֆորումի շրջակա շինություններին ավելացրեց պատշգամբներ (մենիանա՝ լատին․՝ maeniana), որպեսզի հանդիսատեսն ավելի լավ տեսնի այնտեղ կառուցված ժամանակավոր փայտե արենաներում անցկացվող խաղերը:

Հռոմի ֆորումում տեղադրվեցին նաև տրիբունների համար նախատեսված նստարաններ: Սկզբում նրանք գտնվում էին սենատի կողքին, այնուհետև՝ Հռոմի հանրապետության ուշ շրջանում, դրանք տեղադրվեցին Պորցիայի բազիլիկայի առջև:

Առաջին բազիլիկաները կառուցվել են ֆորումում մ.թ.ա. 184 թվականին Կատոն Ավագի (Մարկոս Պորկիոս Կատոն) կողմից: Ֆուլվիայի բազիլիկան կառուցվել է ֆորումի հրապարակի հյուսիսային հատվածում մ.թ.ա. 179 թվականին (այն վերակառուցվել և վերանվանվել է մի քանի անգամ՝ Ֆուլվիայի և Էմիլիայի բազիլիկա, Պաուլիի բազիլիկա, Էմիլիայի բազիլիկա): 9 տարի անց Սեմպրոնիոսի բազիլիկան կառուցվեց հարավային մասում:[16]

Շատ սովորույթներ՝ կարևոր հավաքներ, ազնվականների հուղարկավորություններ ու խաղեր, աստիճանաբար կոմիցիումից տեղափոխվեցին ֆորում: Հատկապես նշանակալի էր այսպես կոչված ազգային ժողովի (լատին․՝ comitia tributa) տեղափոխումը, որը մ.թ.ա. 145 թվականին հանդիսանում էր քաղաքական կարևոր գործոն: Մ.թ.ա. 133 թվականին կարևոր ու աննախադեպ քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան ֆորումում, երբ մի խումբ սենատորներ այնտեղ սպանեցին տրիբուն Տիբերիոս Գրակիոսին:[17]

Մ.թ.ա. 80-ական թվականներին Սուլլայի բռնապետության օրոք հսկայական աշխատանք է տարվել ֆորումում, հրապարակի մակարդակը բարձրացվել է գրեթե մեկ մետրով և դրվել են մարմարե սալաքարեր:[18]

Մ.թ.ա. 78 թվականին Կապիտոլիում բլրի վրա՝ ֆորումի եզրին, այդ տարվա կոնսուլների՝ Մարկոս Լեպիդոս Էմիլիոսի և Քվինտոս Կատուլոսի հրամանով կառուցվում է վիթխարի Տաբուլարիումը: Մ.թ.ա. 63 թվականին Ցիցերոնն իր հայտնի ելույթի միջոցով ֆորումում՝ Կոնկորդի տաճարում, դատապարտում է դավադիր Կատիլինայի համակիրներին: Դատավճռից հետո նրանց տանում են Տուլիանում (լատին․՝ Tullianum)՝ մոտակա բանտ, որտեղ նրանք պետք է կրեին իրենց մահապատիժը:[19]

Ժամանակի ընթացքում կոմիցիումին փոխարինեց Կուրիան: Հին հեղինակների մոտ այլևս չէին հանդիպում կոմիցիումն ու ֆորումը կապող գրվածքներ: 200 թվականին՝ Սեպտիմիոս Սևերոսի իշխանության օրոք, ֆորումում տեղի ունեցան երկու դրամատիկ դեպքեր, որոնցից ամենահայտնին Մարկոս Անտոնիոսի մահախոսականն էր կիսակառույց ամբիոնից՝ Ռոստրայից, Հուլիոս Կեսարի հուղարկավորման ժամանակ և մյուսը Կեսարի մարմնի հանրային հրկիզումն էր Ռոստրայի մոտակայքում, որտեղ նրա զարմիկ Օկտավիանոսը Կեսարի մահից հետո կառուցեց Կեսարի տաճարը:[20] Գրեթե 2 տարի անց Մարկոս Անտոնիոսը Ռոստրայի վատ համբավին ավելացրեց ևս մեկը՝ հանրությանը ցուցադրելով իր թշնամի Ցիցերոնի կտրված գլուխն ու աջ ձեռքը:[21]

Հռոմեական կայսրություն խմբագրել

 
Ֆորումը Հռոմեական կայսրության ուշ շրջանում

Հուլիոս Կեսարի մահից և դրան հաջորդող քաղաքացիական պատերազմներից հետո Օգոստոսը ավարտեց իր մորեղբոր սկսած գործը՝ ֆորումին տալով իր վերջնական տեսքը: Դա ներառում էր հրապարակի հարավ-արևելյան վերջնամասը, որտեղ նա մ.թ.ա. 29 թվականին կառուցեց Կեսարի տաճարը և Օգոստոսի հաղթակամարը: Ֆորումում է իրականացվել նաև կայսրերից մեկի սպանությունը: 69 թվականին Գալբան դուրս էր եկել իր պալատից՝ ապստամբներին հանդիպելու, բայց այնքան թույլ էր, որ ստիպված էին նրան տանել պատգարակով: Ֆորումում նրան անմիջապես դիմավորեցին իր հակառակորդ Օտոնի զինվորները և սպանեցին նրան:

Կայսրության սկզբնական շրջանում տնտեսական և դատական գործունեությունը ֆորումից տեղափոխվեց հյուսիս: Տրայանոսի ֆորումի կառուցումից հետո (110 թվականին) այդ գործերը կատարվում էին Ուլպիայի բազիլիկայում:

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարի սպիտակ մարմարն ավելացվել է ֆորումի հյուսիս-արևմտյան վերջնամասում՝ Կապիտոլիում բլրի ստորոտին՝ նախկին կոմիցիումի մոտ: Այն կառուցվել է 203 թվականին՝ ի պատիվ Սեպտիմիոս Սևերոս կայսեր և իր 2 որդիների՝ հռոմեա-պարթևական պատերազմներում տարած հաղթանակի և այժմ ֆորումի ամենատեսանելի հուշարձանն է: Դիոկլետիանոս կայսրը (իշխել է 284-305 թվականներին) Հռոմի քաղաքային ենթակառուցվածքների մեծագույն կառուցողներից վերջինն էր և նա ֆորումը նույնպես ընդգրկում էր իր նախագծերում: Մինչև իր իշխանության գալը ֆորումում հիմնականում հանդիպում էին պատվո հուշարձաններ: Նա վերակառուցեց և վերակազմավորեց այն՝ վերանորոգելով Սատուրնի և Վեստայի տաճարները և Կուրիան:[22] Վերջինս վառվել էր, իսկ Դիոկլետիանոսի տարբերակը մինչև այսօր կարելի է տեսնել:

Կոնստանտինոս I-ի իշխանության օրոք՝ 312 թվականին, ավարտվեց Մաքսենտիոսի բազիլիկայի շինարարությունը: Այն պահպանում էր ֆորումի քաղաքական նշանակությունը մինչև Արևմտյան հռոմեական կայսրության անկումը 2 դար անց:

Միջին դարեր խմբագրել

6-րդ դարում ֆորումի որոշ հին շինություններ սկսեցին վերափոխվել քրիստոնեական եկեղեցիների: 608 թվականի օգոստոսի 1-ին կանգնեցվեց Ֆոկասի սյունը՝ հռոմեական հաղթասյուն, որը նվիրվում էր հռոմեացի կայսր Ֆոկասին: Այն վերջին հուշարձանն էր ֆորումում: Արդեն 8-րդ դարում ֆորումի ամբողջ տարածքը շրջապատված էր քրիստոնեական եկեղեցիներով, որոնք զբաղեցնում էին լքված և ավիրված տաճարների տարածքը:[23]

8-րդ դարի անանուն ճանապարհորդներից մեկն արձանագրել է, որ այդ ժամանակ ֆորումն արդեն մասնատվում էր: Չնայած միջին դարերում դեռևս ֆորումի մասին հիշատակումներ կային՝ նրա հուշարձանները հիմնականում անտեսանելի էին և այդ տեղանքն ավելի հայտնի էր որպես Campo Vaccino կամ արոտավայր, որը գտնվում էր Կապիտոլիում բլրի և Կոլիզեումի միջև:

8-րդ դարից հետո ֆորումի կառույցները ապամոնտաժվեցին, վերադասավորվեցին և սկսեցին օգտագործվել ֆեոդալական աշտարակներ և ամրոցներ կառուցելու համար: 13-րդ դարում այս վերակառուցված շինությունները քանդվեցին և ֆորումի տարածքը դարձավ աղբանոց: Ապամոնտաժված միջնադարյան շինություններն ու անտիկ կառույցները նպաստեցին գետնի մակարդակի բարձրացմանը:[24]

Պեղումներ և պահպանություն խմբագրել

 
Ֆորումի մանրամասն հնագիտական հատակագիծը

15-րդ դարավերջի նկարիչները նկարում էին ֆորումի ավերակները, հնություններ հավաքողները 16-րդ դարում արձանագրություններն էին պատճենում, իսկ մանրազնին պեղումները սկսել են 18-րդ դարում:

1803 թվականին Կառլո Ֆեան և այլ հնեաբաններ սկսեցին պեղումներ իրականացնել Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարը աղբից մաքրելու նպատակով, սակայն ամբողջական պեղումներ իրականացվեցին միայն 20-րդ դարի վերջին:

Մի քանի դարերի գտածոները ցուցադրվում են միասին, քանի որ հռոմեացիները սովորաբար կառուցում էին նախկին ավերակների վրա:

Ներկայումս հնագիտական պեղումները շարունակվում են՝ իրականացնելով պարբերական վերականգնումներ: Լինելով քաղաքի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ կարելի է ոտքով շրջագայել ֆորումի հին փողոցներով, որոնք վերականգնվել են՝ ստանալով կայսերական շրջանի տեսքը: Ֆորումի թանգարանը գտնվում է ժամանակակից ճանապարհի (լատին․՝ Via dei Fori Imperiali) վերջում` Կոլիզեումի մոտ:

Այս փոքր թանգարանում կարելի է հանդիպել քանդակների և ճարտարապետական նմուշների ուշագրավ հավաքածուների: Ներկայացվում է նաև ֆորումն իր նախկին տեսքով և ցուցադրվում են կարճ տեսահոլովակներ տարբեր լեզուներով: Թանգարան կարելի է մուտք գործել ֆորումից և այն բացվում է 08.30-ին ու փակվում մայրամուտից մեկ ժամ առաջ: Մուտքն արժե 12 եվրո:

Հուշարձաններ խմբագրել

 
Հռոմ, ֆորումի ավերակները (1742)

Հռոմի ֆորումը վիզուալ արտիստների համար դարեր շարունակ ոգեշնչման աղբյուր է եղել: Հատկապես նշանավոր է Ջամբատիստա Պիրանեզին, ով 1748-76 թվականներին ստեղծել է 135 փորագրանկարներ, որտեղ մեծ տեղ էր զբաղեցնում ֆորումը: Այժմ, սակայն, Պիրանեզիի պատկերած տեսարաններից ոչ բոլորն են հնարավոր տեսնել:

Ֆորումի ակնառու նկարիչներից են Մարտեն վան Հեմսկերկը, Պիռո Լիգորիոն, Կանալետոն, Կլոդ Լոռենը, Ջովաննի Պաոլո Պանինին, Հուբերտ Ռոբերտը և այլոք:

Այլ ֆորումներ Հռոմում խմբագրել

Քաղաքի տարբեր մասերում նույնպես կային ֆորումներ, որոնց մնացորդները դեռ կարելի է տեսնել այսօր: Դրանցից ամենակարևորները գտնվում են Հռոմի ֆորումի մոտակայքում և միասին մի համալիր են կազմում: Դրանք են՝ Կեսարի ֆորումը (լատին․՝ Forum Iulium), Օգոստոսի ֆորումը լատին․՝ Forum Augustum, Ներվայի ֆորումը (լատին․՝ Forum Transitorium կամ Forum Nerva) և Տրայանոսի ֆորումը (լատին․՝ Forum Traiani): Մուսոլինիի ժամանակաշրջանի ճարտարապետները հեռացրել են միջնադարյան և բարոկ շրջանի շերտերը և կառուցել են Via dei Fori Imperiali փողոցը:

Այլ ֆորումներից են՝

  • Forum Boarium՝ խոշոր եղջարավոր անասունների առևտրի համար նախատեսված, գտնվում է Պալատինում բլրի և Տիբեր գետի միջև,
  • Forum Holitorium՝ խոտաբույսերի և բանջարեղերնի առևտրի համար նախատեսված, գտնվում է Կապիտոլիում բլրի և Սերվիոսի պարսպի միջև,
  • Forum Piscarium՝ ձկան առևտրի համար նախատեսված, գտնվում է Կապիտոլիում բլրի և Տիբերի միջև՝ ներկայիս Հռոմեական գետտոյի տարածքում,
  • Forum Suarium՝ խոզի մսի առևտրի համար նախատեսված, գտնվում է Մարսյան դաշտի հյուսիսային հատվածում,
  • Forum Vinarium՝ գինու առևտրի համար նախատեսված, գտնվում է Ավենտինում բլրի և Տիբերի միջև:

Գոյություն են ունեցել նաև որոշ շուկաներ, սակայն դրանց մասին սակավաթիվ և ոչ ճշգրիտ տեղեկությունների պատճառով դրանք հնարավոր չէ գտնել այսօր:[25]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grant, Michael (1970), The Roman Forum, London: Weidenfeld & Nicolson; Photos by Werner Forman, էջ 11.
  2. «La Stampa - La top ten dei monumenti più visti Primo il Colosseo, seconda Pompei». Lastampa.it. Վերցված է 2014-08-25-ին.
  3. Watkin, David (2009). The Roman Forum. Harvard University Press, Cambridge, Massachusetts. ISBN 978-0-674-03341-2. Վերցված է 6 մարտի 2010-ին., էջ 22.
  4. Grant, Op. cit., էջ 43.
  5. Lovell, Isabel (1904). Stories in Stone from the Roman Forum. {{cite book}}: Unknown parameter |էջեր= ignored (օգնություն)
  6. http://www.worldsiteguides.com/europe/italy/rome/roman-forum/
  7. https://www.jstor.org/stable/pdf/3136821.pdf?_=1467130955012
  8. Grant, Op. cit., էջ 16.
  9. http://www.unrv.com/culture/roman-triumph.php
  10. Marucchi, Horace (1906). The Roman Forum and the Palatine According to the Latest Discoveries. Paris: Lefebvre. {{cite book}}: Unknown parameter |էջեր= ignored (օգնություն)
  11. Parker, John Henry (1881). The Architectural History of the City of Rome. Oxford: Parker and Company. էջ 122.
  12. Vasaly, Ann (1996). Representations: Images of the World in Ciceronian Oratory. Berkeley: University of California Press. ISBN 0-520-07755-5. {{cite book}}: Unknown parameter |էջ= ignored (օգնություն)
  13. Young, Norwood, ed. (1908). Handbook for Rome and the Campagna. London: John Murray. էջ 95. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Richmond, Ian Archibald, et al. (1996), Entry, "Forum Romanum", In: Hornblower, Simon and Antony Spawforth (eds.), The Oxford Classical Dictionary (3rd ed.), Oxford University Press, էջ 607.
  15. Beard, Mary; North, John A.; Price, Simon (1998). Religions of Rome: A History. Cambridge: Cambridge University Press. էջ 109 (note 139). ISBN 0-521-30401-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Baedeker, Karl (1903). Italy: Handbook for Travellers. Leipzig: Karl Baedeker. էջ 251.
  17. http://www.ancient.eu/article/95/
  18. Connolly, Peter and Hazel Dodge (1998), The Ancient City: Life in Classical Athens & Rome, Oxford University Press, pp 109.
  19. Watkin, Op. cit., էջ 79.
  20. Grant, Op. cit., էջեր 111-112.
  21. http://penelope.uchicago.edu/~grout/encyclopaedia_romana/calendar/cicero.html
  22. Connolly, Op. cit., pp 250-251.
  23. Marucchi, Op. cit., pg 9.
  24. Goodyear, W. H. (1899). Roman and Medieval Art. New York: Macmillan. էջ 109.
  25. Richardson, L., Jr. (1992). A New Topographical Dictionary of Ancient Rome. JHU Press. ISBN 9780801843006.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հռոմի հուշարձաններ Կատեգորիա:Հռոմի հրապարակներ Կատեգորիա:Հռոմի տեսարժան վայրեր