Բյուզանդական կայսրություն
լատին․՝ Imperium Romanum
հուն․՝ Βασιλεία Ῥωμαίων
 Հռոմեական կայսրություն Հունվարի 17, 395 թ. - Մայիսի 29, 1453 թ.2 Տրապիզոնի կայսրություն 
Էպիրոսի դեսպոտատ 
Օսմանյան կայսրություն 
Կիպրոսի թագավորություն 
Մորեայի բռնապետություն 
Կիլիկիայի Հայկական Թագավորություն 
Բուլղարիայի Երկրորդ Թագավորություն 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(     Արևմտահռոմեական կայսրություն      Բյուզանդական կայսրություն. 395 թ.)

Քարտեզ2


(Բյուզանդիան իր հզորության գագաթնակետին` Հուստինիանոս I-ի օրոք 550 թ-ին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս1
Մակերես 1.680.000 կմ2(300 թ.)
Բնակչություն 17.000.000 (300 թ.)
Մակերես 2.070.000 կմ2(565 թ.)
Բնակչություն 26.000.000 (565 թ.)
Մակերես 1.200.000 կմ2(1025 թ.)
Բնակչություն 12.000.000 (1025 թ.)
Մակերես 120.000 կմ2(1312 թ.)
Բնակչություն 2.000.000 (1312 թ.)
Լեզու Լատիներեն (մինչև 7-րդ դար), Միջին հունարեն, Հայերեն, Ասորերեն
Ազգություն Հույներ, Հայեր, Ասորիներ, Սլավոններ
Կրոն Ուղղափառություն, Հայ Առաքելական, Ասորի Ուղղափառ, Կաթոլիկություն
Արժույթ Սոլիդուս, Հիպերպիրոն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ավելի քան 20 դինաստիաներ
Պետության գլուխ Կայսր
Օրենսդրություն Բյուզանդական Սենատ
Պատմություն
- Հուստինիանոս I-ի գահակալում 527-565 թթ.
- Յարմուք գետի ճակատամարտ 636 թ.
- Մանազկերտի ճակատամարտ 1071 թ.
1 Կոստանդնուպոլիս (330–1204 թթ. և 1261–1453 թթ.): Նիկեայի կայսրության մայրաքաղաքը Նիկեան էր:
2 Բյուզանդիայի անկման տարբեր տարեթվեր են նշվում. 1204 թ.` Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից, 1461 թ.` Տրապիզոնի գրավումը թուրք-օսմանների կողմից:

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելահռոմեական կայսրություն), կայսրություն էր Ուշ անտիկ և Միջին դարերում, որ տարածվում էր Կոստանդնոպոլիս քաղաքի շուրջը։ Երբեմն հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն (հունարեն: Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn)[1] կամ Ռոմանիա (Ῥωμανία)։ Բյուզանդական կայսրությունը Բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր։ [2][3] Սակայն ներկայումս Բյուզանդիան զանազանվում է Հին Հռոմից, քանի որ այնտեղ տիրապետում էր Հունական մշակույթը հռոմեականի, Քրիստոնեությունը Հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն [2]:

Հռոմեական կայսրություն - Բյուզանդական կայսրություն տարանջատման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թ-ին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը։ Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, "Կոստանդիանոսի քաղաք" ("Նոր Հռոմ")։ [n 1] Հռոմեական կայսրությունը վերջնականապես կիսվեց 395 թ-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379–395395 թ-ին Բյուզանդիան վերջնականապես տարանջատվում է Արևմուտքից։ Սակայն "բուն" Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610–641), ով վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը թեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի:[5]

Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի` 4-րդ դարից մինչև 1453 թ-ը։ Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով։ Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի։

Սակայն 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ-թուրքերին կորցրեց կայսրության սիրտը` համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը: Կոմնենոսների հարստության օրոք կայսրությունը 12-րդ դարում ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183–1185) կայսեր մահից հետո կայսրությունը դարձյալ սկսեց անկում ապրել։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թ-ին, երբ խաչակիրների կողմից Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճվեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և կայսրությունը մասնատվեց մանր հունական և լատինական իշխանությունների։

Չնայած 1261 թ-ին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային ամենամեծ վերելքի հետ։ [3]

14-րդ դարում մի քանի անգամ կրկնվող քաղաքացիական պատերազմների հետևանքվ, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան կայսրությանը: Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների` 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո։

Անվանում խմբագրել

Բյուզանդիա անվանումն առաջին անգամ օգտագործել է գերմանացի Հիերոնիոմուս Վոլֆը 1557 թ-ին իր Corpus Historiæ Byzantinæ աշխատությունում։ Անվանումը գալիս է Բյուզանդիոն եզրույթից, որը եղել է Կոստանդնուպոլիս քաղաքի նախկին անվանումը։

Բյուզանդական կայսրությունն իր բնակիչների կողմից անվանվում էր Հռոմեական կայսրություն, Հոռոմների կայսրություն (Լատիներեն: Imperium Romanum, Imperium Romanorum, Հունարեն: Βασιλεία τῶν Ῥωμαίων, Basileía tôn Rhōmaíōn, Ἀρχὴ τῶν Ῥωμαίων, Arche tôn Rhōmaíōn), Ռոմանիա [n 2] (Լատիներեն: Romania, Հունարեն: Ῥωμανία, Rhōmanía), Հռոմի Հանրապետություն (Լատիներեն: Res Publica Romana, Հունարեն: Πολιτεία τῶν Ῥωμαίων, Politeίa tôn Rhōmaíōn),[7] Graikía (Greek: Γραικία),[8] նաև Rhōmaís (հունարեն։ Ῥωμαΐς[9]

Չնայած Բյուզանդական կայսրությունն ուներ խառն ազգաբնակչություն [10][11] այն հայտնի դարձավ [n 3] իր հունական տարրի շնորհիվ։ [12] Դրա հետևանքով կայսրությանը երբեմն նաև անվանում էին Հույների կայսրություն (Լատիներեն։ Imperium Graecorum), իսկ կայսրին Imperator Graecorum (Հույների կայսր)[13][14]

Սակայն պարսիկները, մուսուլմանները և սլավոնները կայսրությունը համարում էին Հռոմեական կայսրության ուղիղ իրավահաջորդ և ուղղակի անվանում էին روم (Ռոմ, "Հռոմ")։ [15][16] Ներկայումս կայսրությունը 395 - 610 թթ-ի միջև ընկած ժամանակահատվածում անվանում են Արևելյան Հռոմեական կայսրություն, իսկ 610 թ-ից սկսած, երբ Հերակլիոս Ա-ն փոխեց պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի (որն արդեն օգտագործվում էր բնակչության մեծ մասի կողմից), կայսրությունը սկում են կոչել Բյուզանդական կայսրություն։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Հռոմեական կայսրությանը հաջողվել էր նվաճել Արևմտյան Եվրոպան և Միջերկրածովյան շրջանը։ Այս տարածքներում ապրող ազգերը տարբերվում էին միմյանցից մշակույթով և զարգացվածության աստիճանով։ Արևելյան Միջերկրական ծովի պրովինցիաներն ավելի ուրբանիզացված էին և սոցիալապես զարգացած, նախկինում միավորվել էին Մակեդոնական կայսրության իշխանության տակ և հելլենիզացված էին: Ի հակադրություն արևմտյան պորվինցիաներն ավելի պակաս զարգացած էին և հետամնաց։ Այս հակադրությունը հելլենիզացված Արևելքի և լատինականացված Արևմուտքի միջև դարերի ընթացքում ավելի էր խորանում և վերջիվերջո պատճառ հանդիսացավ կայսրության բաժանմանը։ [17]

Հռոմեական կայսրության բաժանումը խմբագրել

293 թ-ին Դիոկղետիանոս կայսրը ստեղծեց նոր ադմինիստրատիվ համակարգ (տետրարխիա[18] Նա իրեն նշանակեց կառավարչակից՝ Օգոստոս: Յուրաքանչյուր Օգոստոս իր հերթին իրեն նշանակում էր կառավարչակցի՝ Կեսարի,ով հետագայում պետք է հաջորդեր Օգոստոսին։ Սակայն այդ համակարգը երկար իրեն չարդարացրեց և փոխարինվեց Կոստանդիանոս Ա Մեծի կողմից դինաստիական ժառանգման համակարգով։ [19]

 
Կայսրության տարածքային փոփոխությունները:

Կոստանդինը կատարեց մի շարք բարեփոխումներ և փոխեց իր նստավայրը։ [20] 330 թ-ին նա հիմնադրեց Կոստանդնուպոլիս քաղաքը որպես երկրորդ Հռոմ։

Կոստանդինը կատարում էր փոփոխություններ հենվելով Դիոկղետիանոսի համակարգի վրա։ [18][21] Նա կարգավորեց մետաղադրամների հատումը (նրա կողմից շրջանառություն մտցված ոսկե սոլիդուսը դարձավ կայուն արժեք),[21] և բարեփոխեց բանակը։ Կոստանդինի օրոք կայսրությունը վերականգնել էր իր ռազմական հզորությունը և վայելում էր կայունության և բարգավաճման շրջան։

 
Կոստանդինի մկրտումը նկարված Ռաֆայել Սանտիի աշակերտների կողմից (1520–1524 թթ., որմնաքանդակ, Վատիկան): Ըստ Եվսեբիոս Կեսարացու Կոստանդինը մկրտվել է մահից քիչ առաջ:[22]

Չնայած Կոստանդինի օրոք Քրիստոնեությունը չհռչակվեց պետական կրոն, սակայն ուներ որոշ արտոնություններ։ Կոստանդինը նաև մտցրեց այն կարգը, ըստ որի կայսրը կրոնական հարցերը չպետք է լուծեր ինքնուրույն, այլ պետք է հրավիրեր եկեղեցական ժողովներ։ Նրա օրոք տեղի ունեցավ Նիկիայի Ա տիեզերական ժողովը: [23]

395 թ-ի կայսրության դրությունը Կոստանդինի կատարած փոփոխությունների հետևանքն էր։ Նրա մտցրած դինաստիական ժառանգման կարգն այնքան ամուր էր հաստատվել, որ երբ 385 թ-ին թվականին Թեոդոսիոս Ա Մեծը մահացավ, կայսրությունը միանգամից ժառանգեցին նրա երկու որդիները` Արկադիոսն Արևելքում և Հոնորիոսն Արևմուտքում։ Թեոդոսիոսը միասնական կայսրության վերջին կայսրն էր։ [24]

Արևելյան Հռոմեական կայսրությունը կարողացավ հաղթահարել այն արգելքները, որոնց հանդիպեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը 3-րդ և 4-րդ դարերում, շնորհիվ ավելի բարձր զարգացվածության և ավելի մեծ տնտեսական հնարավորությունների, որի շնորհիվ այն կարողացավ կամ կաշառելով կամ հարկ վճարելով ներխուժող ցեղերին և վարձելով օտարազգի վարձկանների զերծ պահել երկիրը հարձակումներից։ Թեոդոսիոս Բ կայսրն ավելի ամրացրեց Կոստանդնուպոլսի Պարիսպները, դարձնելով քաղաքը անառիկ։ Քաղաքը չնվաճվեց մինչև 1204 թ-ը։ Իսկ որպեսզի վնասազերծի հոներից եկող վտանգը, Թեոդոսիոսը համաձայնվեց վճարել մեծ քանակությամբ հարկ (300 կգ ոսկի[25]

 
Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը 500 թ-ին:

Թեոդոսիոսի հաջորդը` Մարկիանոսը, հրաժարվեց հարկ վճարել հոներին։ Բարեբախտաբար Աթթիլան արդեն ուղղել էր հայացքը դեպի Արևմտյան Հռոմեական կայսրություն: [26] 453 թ-ին Աթթիլայի մահից հետո Հոնական կայսրությունը փլուզվեց; հետագայում հոներից շատերին Բյուզանդիան վարձում էր կայսրության սահմանների պաշտպանության համար։ [27]

Աթթիլայի մահից հետո Արևելահռոմեական կայսրությունը բարգավաճում էր, իսկ Արևմտահռոմեականը` փլուզվում (սովորաբար Արևմտահռոմեական կայսրության ավարտը համարվում է 476 թ-ը, երբ գերմանացի վարձկանների հրամանատար Օդոակրը գահընկեց արեց վերջին կայսրին` Հռումուլուս Ավգուտուլուսին

Իտալիան վերանվաճելու համար Զենոն կայսրը բանակցություններ սկսեց ներխուժած օստգոթերի հետ։ Նա Իտալիա ուղարկեց գոթերի արքա Թեոդորիք Մեծին որպես magister militum per Italiam ("Իտալիայի զորքերի գերագույն հրամանատար"), որպեսզի գահընկեց անի Օդոակրին։ Դրդելով Թեոդորիքին նվաճելու Իտալիան, Զենոնը ազատեց կայսրությունը վտանգավոր հակառակորդից և ձեռք բերեց գոնե ձևական իշխանություն Իտալիայի նկատմամաբ։ [24] Օդոակրի ջախջախումից հետո` 493 թ-ին, Թեոդորիքը սկսեց միանձնյա կառավարել Իտալիան։

491 թ-ին գահ բարձրացավ Անաստասիոս Ա կայսրը, ով 498 թ-ին ճնշեց Իսավրյան ապստամբությունը։ [24] Անաստասիոսը կատարեց մի շարք կարևոր և արմատական բարեփոխումներ։ Նա կատարելագործեց Կոստանդինի դրամային փոփոխությունները և վերականգնեց պղնձե Ֆոլլիս մետաղադրամը։[28] Կայսրը նաև վերացրեց խրիսարգիրոն հարկը, որը գանձվում էր առևտրով զբաղվող քաղաքացիներից։ Պետական գանձարանը հասավ ահռելի` 145,150 կգ ոսկու չափի, երբ Անաստասիոսը մահացավ 518 թ-ին։ [29]

Արևմտյան պրովինցիաների վերանվաճումը խմբագրել

 
Բյուզանդական կայսությունը 533 - 600 թթ.:
 
Հուստինիանոս Ա կայսրը:

Հուստինիանոս Ա կայսեր իշխանության գալով 527 թ-ին, կայսրությունը սկսեց արևմտյան պրովինցիաների վերանվաճումը։ Ծագումով գյուղացի Հուստինիանոսն արդեն իր հորեղբոր` Հուստինոս Ա-ի օրոք (518–527) զբաղեցնում էր կարևոր պաշտոններ։ [30] 532 թ-ին Հուստինիանոսը Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Սասանյանի հետ ստորագրեց հաշտության պայմանագիր, որով պարտավորվում էր վճարել մեծ քանակությամբ տարեկան հարկ։ Հուստինիանոսը ճնշեց մայրաքաղաք Կոստանդնուպոլսում տեղի ունեցած ապստամբությունը, որի հետևանքով մահապատժի ենթարկվեցին 30,000 - 35,000 ապստամբներ։ [31] Այդ հաղթանակը ավելի ուժեղացրեց Հուստինիանոսի իշխանությունը։ [32] Չնայած սկսված բանակցություններին, օստգոթերի արքան չկարողացավ խաղաղության պայմանագիր ստորագրել Հուստինիանոսի հետ, սակայն Հռոմի Պապի միջնորդությամբ Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնից հեռացվեց միաբնակ Անֆիմուս Ա-ն։

Արևմտյան նվաճումները սկսվեցին 533 թ-ին, երբ Հուստինիանոսը Աֆրիկա ուղարկեց իր սիրելի զորավարներից մեկին` Բելիսարիուսին: Նախկին հռոմեական Աֆրիկա պրովինցիան 429 թ-ից գտնվում էր վանդալների իշանության տակ։ [33] Մի քանի տարվա ընթացքում վանդալները ջախջախվեցին, սակայն տեղի ցեղային միությունները վերջնականապես հնազանդվեին միան 548 թ-ին։ [32] Իտալիայում օստգոթերի Թեոդորիք Մեծ արքայի, նրա ժառանգ Աթալարիքի և աղջկա` Ամալասունթայի սպանությունը հնարավորություն էր տվել գահին բազմելու հեղինակություն չվայելող Թեոդահադին։ 535 թ-ին բյուզանդական փոքրաթիվ ուժերը կարողացան մի շարք փոքր հաջողությունների հասնել Սիցիլիայում, սակայն գոթերը շուտով ուժեղացրին դիմադրությունը և բյուզանդական զորքերը միայն 540 թ-ին կարողացան հասնել խոշոր հաղթանակի, երբ Բելիսարիուսը մի քանի պաշարումներից հետո գրավեց Հռավեննա, Նեապոլ և Հռոմ քաղաքները։ [34]

 
Հուստինիանոսի օրոք կատարված նվաճումները պատկերված են մանուշակագույնով:

Շուտով օստգոթերը միավորվեցին Տոտիլա արքայի շուրջը և 546 թ-ի դեկտեմբերի 17-ին ետ գրավեցին Հռոմը: Հուստինիանոսը 549 թ-ին հետ կանչեց Բելիսարիուսին։ [35] Նրա փոխարեն Իտալիա ուղարկվեց կայսրի մյուս սիրելի զորավարը` հայազգի Նարսեսը (551 թ.) 35,000 զորքով։ Նարսեսը մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր տոնում գոթերի նկատմամբ, իսկ Բուստա Գալլորումի ճակտամարտում նա վերջնականապես ջախջախեց գոթերի վերջին մնացորդներին (552 թ-ի հոկտեմբեր)։ Չնայած մի քանի գոթական կայազորների դիմադրությանը և ֆրանկների ու ալամաննի ցեղերի երկու արշավանքներին, պատերազմը Իտալիայում ավարտվեց Բյուզանդիայի լիակատար հաղթանակով։ [36] 551 թ-ին վեստգոթ ազնվական Աթանագիլդը Հուստինիանոս Ա-ի օգնությամբ հաջողությամբ ապստամբեց Հիսպանիայի վեստգոթական թագավորության արքայի դեմ։ Ապստամբոթյան հետևանքով Հիսպանիայի հարավ-արևելյան մի հատված անցավ Բյուզանդիային, որ մնաց վերջիններիս իշխանության տակ մինչև Հերակլիոս Ա-ի գահակալումը։ [37]

Արևելքում բյուզանդա-պարսկական պատերազմները շարունակվեցին մինչև 561 թ-ը, երբ Հուստինիանոսն ու Խոսրով Սասանյանը կնքեցին 50-անմյա խաղաղության պայմանագիր։ Արդեն 550-ական թթ-ին Հուստինիանոսը հաջողության էր հասել բոլոր ճակատներում, բացառությամբ Բալկանների, որտեղ անընդհատ հարձակումների էին գործում սլավոնական ցեղերը: 559 թ-ին կայսրություն ներխուժեցին կուտրիգուրներ և սկլավենի ցեղերը։ Հուստինիանոսը պաշտոնը թողած Բելիսարիուսին ետ կանչեց, և վերջինս կարողացավ հաջողությամբ չեզոքացնել հոնական նոր ներխուժումը։ Դանուբի նավատորմի հզորացումը ստիպեց կուտրիգյան հոներին խաղաղության պայմանագիր կնքել և հեռանալ կայսրության սահմաններից։

529 թ-ին տաս հոգանոց խորհուրդը հռոմեական օրենքների հիման վրա ստեղծեց Հուստինիանոսի օրենսգիրքը: 534 թ-ին օրենսգիրքը թարմացվեց, մտցվեց շրջանառության մեջ և օգտագործվեց կայսրության բնակիչների կողմից մինչև կայսրության անկումը։ [38] Այս և այլ բարփեխումներն իրավունքի և օրենքի բնագավառում հայտնի դարձան "Corpus Juris Civilis" անվամբ։

6-րդ դարի ընթացքում ավանդական հունա-հռոմեական մշակույթը դեռևս մեծ ազդեցություն ուներ Բյուզանդական կայսրությունում։ Այդ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից էր փիլիսոփա Ջոհն Ֆիլոպոնոսը։ Սակայն քրիստոնեական մշակույթը սկսեց կամաց-կամաց դուրս մղել նախկինում մեծ տարածվածություն ունեցող հունա-հռոմեականը։ Հուստինիանոսրի օրոք կառուցվեց իր ժամանակի մեծագույն տաճարը` Սուրբ Սոֆիան, որ մինչ այսօր էլ մնում է բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ [24] 6-7-րդ դդ. կայսությունում բռնկվեց Հուստինիանոսի ժանտախտը, որին զոհ գնացին բազմաթիվ բնակիչներ և որը բավական թուլացրեց կայսրությունը։ [39]

Հուստինիանոս Ա-ի մահից հետո` 565 թ-ին, նրա հաջորդը` Հուստինոս Բ-ն հրաժարվեց վճարել խոշոր, տարեկան հարկը պարսիկներին: Նույն տարում գերմանական լանգոբարդ ցեղը ներխուժեց Իտալիա; դարի վերջում Իտալիայի միայն մեկ երրորդը մնաց Բյուզանդիայի ձեռքում։ Հուստինոսի հաջորդ Տիբերիոս Բ-ն կաշառելով` ժամանակավորապես հանգստացրեց ավարներին և պատերազմ սկսեց Սասանյան Իրանի հետ։ Չնայած Տիբերիոսի հրամանատար Մավրիկիոսը հաջող ճակատամարտեր էր մղում արևելյան ռազմաճակատում, ավարները դրժեցին խոստումը և անցան հարձակման։ 582 թ-ին նրանք Բալկանյան թերակղզում գրավեցին Սիրմինիում ամրոցը, որի հետևանքով սլավոնները սկսեցին Դանուբ գետով գաղթել կայսրություն։ Մավրիկիոսը դառնալով կայսր միջամտեց պարսկական քաղաքացիական պատերազմին և օգնեց գահի թեկնածուներից Խոսրով Բ-ին և կնության տվեց նրան իր դստերը։ Գահ բարձրանալով Խոսրով Բ-ն բյուզանդացիներին հանձնեց խոստացված Արևելյան Հայաստանը; դրանով Բյուզանդական կայսրությունը արևելքում ունեցավ ամենամեծ տարածքային աճը։ Բացի դրանից այլևս հարկ չվճարելով հնարավոր եղավ խնայել միլիոնավոր սոլիդուս։ Հաղթանակ տոնելով արևելյան ռազմաճակատում, Մավրիկիոսը մի շարք հաջող արշավանքներից հետո, 602 թ-ին Բալկաններում կարողացավ ետ մղել ավարներին ու սլավոններին և դարձյալ վերականգնել Դանուբ գետը որպես կայսության հյուսիսային սահման։ [24]

Փոքրացող սահմաններ խմբագրել

Հերակլիոսների հարստություն խմբագրել

  Տես նաև` Հերակլիոս Ա, Բյուզանդա-Սասանյան պատերազմներ, և Բյուզանդա-արաբական պատերազմներ

Մավիկիոսի սպանությունից հետո գահ բարձրացավ Փոկասը: Խոսրով Սասանյանը օգտագործեց սպանությունը որպես պատրվակ բյուզանդական Միջագետք պրովինիցան նվաճելու համար։ [40] Փոկասը, ով չէր վայելում ժողովրդավարություն և երբեմն բնութագրվում էր որպես "բռնապետ", 610 թ-ին գահընկեց արվեց հայազգի զորավար Հերակլիոս Ա-ի կողմից, ով նավով հասավ Կոստանդնուպոլիս Կարթագենից: [41] Շուտով Սասանյանները թափանցեցին Փոքր Ասիայի խորքերը, գրավեցին Դամասկոսը, Եգիպտոսը և Երուսաղեմը: Երուսաղեմից պարսիկները Տիզբոն տարան Խաչափայտը։ [42] Չնայած պարսիկները պաշարել էին Կոստանդնուպոլիսը, չկարողանալով գրավել այն, նրանք սկսեցին նահանջել։ Հերակլիոս կայսեր հակահարձակումն ընդունեց Սրբազան Պատերազմի կարգավիճակ։ [43] [44] Սասանյանների բանակի կորիզը ոչնչացվեց Նինվեյի ճակատամարտում 627 թ-ին, իսկ 629 թ-ին Հերակլիոսը հանդիսավորությամբ Երուսաղեմ վերադարձրեց Խաչափայտը։ [45] Պատերազմը հյուծեց և Բյուզանդիային և Սասանյան Իրանին, որի հետևանքով նրանք չկարողացան լուրջ դիմադություն ցույց տալ իսլամի ներքո միավորված արաբական ցեղերի արշավանքերին։ [46] Բյուզանդացիները արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Յարմուք գետի ճակատամարտում 636 թ-ին, իսկ Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնը երկուամսյա պաշարումից հետո հանձնվեց արաբներին 634 թ-ին։ [47]

 
Բյուզանդական կայսրությունը 650 թ-ին, երբ կայսրությունը բացառությամբ Կարթագենի կորցրել էր իր բոլոր հարավային նահանգները արաբներին:

Նվաճելով Սիրիան և Սուրբ Երկիրը, արաբները սկսեցին արշավանքներ ձեռնարկել Փոքր Ասիա և 674-678 թթ. պաշարեցին բուն Կոստանդնուպոլիս քաղաքը։ Բյուզանդական նավատորմը վերջիվերջո հունական կրակի միջոցով ջախջախեց արաբական նավատորմը և Բյուզանդիայի ու Արաբական խալիֆայության միջև ստորագրվեց 30-ամյա հաշտության պայմանագիր։ [48] Սակայն արաբական արշավանքերը Փոքր Ասիա շարունակվում էին, որի հետևանքով էլ կամաց-կամաց սկսում է անկում ապրել քաղաքային կյանքը։ [49] Չնայած արաբները երկրորդ անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը բյուզանդացիները ևս մեկ անգամ էլ կարողացան հետ մղել արաբներին։ Սակայն Կոստանդնուպոլիսի բնակչությունը իջավ 500,000-ից 40–70 հազարի։ Այդ ամենը բացատրվում է նրանով, որ 618 թ-ին կայսրությունը պարսիկներին կորցրեց (դարձյալ վերանվաճեց 629 թ-ին, բայց կորցրեց 642 թ-ին արաբներին) իր ցորենի գլխավոր մատակարարին` Եգիպտոսին: [50] Կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով կիսանկախ իշխանությունները ձևափոխվեցին թեմերի: [51]

 
Հունական կրակի օգտագործումը բյուզանդացիների կողմից ընդդեմ արաբական նավերի:

Մեծ քանակությամբ զորքի տեղափոխումը Բալկանյան թերակղզուց դեպի արևելք` պարիսկների, իսկ հետագայում արաբների դեմ պատերազմելու, ճանապարհ բացեց սլավոնների հարավ` դեպի կայսրություն գաղթելուն։ Գաղթի հետևանքով այնտեղ նույնպես սկսեց անկում ապրել քաղաքային կյանքը։ [52] 670-ական թթ. բուլղարները ղազարների ճնշման տակ անցան Դանուբ գետը և մուտք գործեցին կայսրություն։ 680 թ-ին բյուզանդական բանակը, որն ուղարկվել էր վերացնելու բուլղարների նոր բնակավայրերը ջախջախիչ պարտություն կրեց։ Մյուս տարում Կոստանդին Դ կայսրը պայմանագիր կնքեց բուլղարների խանի` Ասպարուխի հետ, և նորաստեղծ բուլղարական պետությունը իր մեջ ընդգրկեց մի շարք սլավոնական ցեղերի, որոնք նախկինում գոնե ձևականորեն ենթարկվում էին կայսրությանը։[53] 687–688 թթ. Հուստինիանոս Բ-ն հաջող արշավանքներ ձեռնարկեց ընդդեմ սլավոնների և բուլղարների, սակայն այն փաստը, որ բյուզանդացիները ստիպված էին ետ նվաճել Թրակիայից մինչև Մակեդոնիա ընկած տարածքները, ցույց է տալիս, թե ինչքան էր թուլացել Բյուզանդիայի իշխանությունը հյուսիսային Բալկաններում: [54]

Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը` Հուստինիանոս Բ-ն փորձեց նվազեցնել քաղաքային ազնվականության իշխանությունը հարկերի միջոցով։ Սակայն նա հեռացվեց իշխանությունից 695 թ-ին, և ստիպված էր ապաստանել ղազարների, իսկ հետագայում բուլղարների մոտ։ 705 թ-ին Հուստինիանոսը բուլղարների օգնությամբ երկրորդ անգամ գահ բարձրացավ, և սկսեց հետապնդումները իր թշնամիների նկատմամաբ։ 711 թ-ին հայազգի զորավար Փիլիպպիկոս-Վարդանի (հետագայում հռչակվեց կայսր) կազմակերպած երկրորդ ապստամբության հետևանքով Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը վերջնականապես հեռացվեց իշանությունից։ [55]

Իսավրյան հարստությունից մինչև Բարսեղ Ա-ի թագադրում խմբագրել

 
Բյուզանդական կայսրությունը 717 թ-ին: Բծերով նշված տարածքները ենթարկվում էին արաբական հարձակումների:

Լևոն Գ Իսավրացին անցավ հակահարձակման 718 թ-ին և բուլղարների օգնությամբ, ովքեր միայն մեկ ճակատամարտում սպանեցին 32.000 արաբի, հասավ փայլուն հաղթանակի մուսուլման արաբների նկատմամբ։ Լևոնը նաև որոշ փոփոխությունների ենթարկեց թեմերի համակարգը։ Լևոն Գ-ի հաջորդը` Կոստանդին Ե-ն տարավ մի շարք հաղթանակներ Սիրիայում և որոշակիորեն թուլացրեց բուլղարների հզորությունը։

Օգտվելով կայսրության թուլացումից Թոմաս Սլավոնի գլխավորությամբ բարձրացրած ապստամբությունից հետո, արաբները 820-ական թթ. անցան հարձակման, նվաճեցին Կրետե կղզին և փորձ կատարեցին նվաճելու Սիցիլիա կղզին։ Սակայն Սիցիլիայում 863 թ-ի սեպտեմբերի 3-ին գեներալ Պետրոնասը Լալակաոնի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց արաբներին։ Բուլղարիայի կայսեր` Կրումի օրոք, Բուլղարական կայսրությունը դարձյալ սկսեց սպառնալ կայսրությանը, սակայն Կրումի որդին` Օմորտագը 814 թ-ին խաղաղության պայմանագիր կնքեց Բյուզանդական կայսրության հետ։ [56]

8-9-րդ դարերում սկիզբ առավ պատկերամարտությունը: Լևոն և Կոստանդին կայսրերի օրոք արգելվեցին սրբապատկերները, որի հետևանքով ողջ կայսրությամբ մեկ տեղի ունեցան մի շարք խռովություններ և ապստամբություններ։ Նիկիայի Բ տիեզերական ժողովում որոշում ընդունվեց, ըստ որի վերականգնվեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն արգելվեց երկրպագել նրանց։ [57] 813 թ-ին Լևոն Ե Հայ կայսրը դարձյալ արգելեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն 843 թ-ին Թեոդորա կայսրուհին դարձյալ թույլատրեց սրբապատկերների պաշտամունքը։ [58] Պատկերամարտությունը էլ ավելի տարանջատեց Բյուզանդական կայսրությունը արևմուտքից։

Հայկական կամ Մակեդոնական հարստություն խմբագրել

 
Բյուզանդիայի բնակիչների տարազները 700-1000 թթ.:

Բյուզանդական հարստությունը հասավ իր հզորության գագաթնակետին Հայկական հարստության կայսրերի օրոք 9-րդ դարի վերջում, 10-րդ դարում և 11-րդ դարի սկզբներին։ Հայկական հարստության օրոք Բյուզանդիան վերականգնեց դիրքերը Ադրիատիկ ծովում, հարավային Իտալիայում և գրավեց Բուլղարական Առաջին Կայսրությունը: Կայսրության քաղաքները սկսեցին մեծանալ, իսկ պրովինցիաները, անվտանգության ապահովման հետևանքով սկսեցին բարգավաճել։ Բնակչությունն աճեց, ապրանքների արտադրանքը մեծացավ, առևտուրը զարգացավ։ Տնտեսական աճը համընկավ մշակութային ուժեղ առաջընթացի հետ ("Հայկական կամ Մակեդոնական վերածնունդ")։ Թափ առան ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը։ Չնայած Հուստինիանոսի ժամանակների հետ համեմատած կայսրությունը զգալիորեն փոքր էր տարածքով, այն ավելի հզոր էր, քանի որ կայսրության տիրույթներն աշխարհագրորեն ավելի մոտ էին իրար գտնվում։

  1. Kazhdan & Epstein 1985, էջ. 1.
  2. 2,0 2,1 Millar 2006, էջեր. 2, 15; James 2010, էջ. 5; Freeman 1999, էջեր. 431, 435–437, 459–462; Baynes & Moss 1948, "Introduction", p. xx; Ostrogorsky 1969, էջ. 27; Kaldellis 2007, էջեր. 2–3; Kazhdan & Constable 1982, էջ. 12; Norwich 1998, էջ. 383.
  3. 3,0 3,1 Halsall, Paul (1995). «Byzantium». Fordham University. Վերցված է 21 June 2011-ին.
  4. Benz 1963, էջ. 176.
  5. Ostrogorsky 1969, էջեր. 105–107, 109; Norwich 1998, էջ. 97; Haywood 2001, էջեր. 2.17, 3.06, 3.15.
  6. Fossier & Sondheimer 1997, էջ. 104.
  7. «Nation and Liberty: the Byzantine Example». Dio.sagepub.com. doi:10.1177/039219218303112403. Վերցված է 2010-08-07-ին.
  8. Theodore the Studite. Epistulae, 145, Line 19 ("ή ταπεινή Γραικία") and 458, Line 28 ("έν Αρμενία καί Γραικία").
  9. Cinnamus 1976, էջ. 240.
  10. Ahrweiler & Laiou 1998, էջ. 3; Mango 2002, էջ. 13.
  11. Gabriel 2002, էջ. 277.
  12. Millar 2006, էջեր. 2, 15; Ahrweiler & Laiou 1998, էջ. vii; Davies 1996, էջ. 245; Moravcsik 1970, էջեր. 11–12; Ostrogorsky 1969, էջեր. 28, 146; Lapidge, Blair & Keynes 1998, էջ. 79; Winnifrith & Murray 1983, էջ. 113; Gross 1999, էջ. 45; Hidryma Meletōn Chersonēsou tou Haimou 1973, էջ. 331.
  13. Gallant, Tom. «Byzantine Empire: A Short Overview» (PDF). Toronto, Ontario, Canada: York University.
  14. Fouracre & Gerberding 1996, էջ. 345: Օրինակ ֆրանսիացիները անվանում էին ոչ թե Հռոմի կայսր, այլ Հույների կայսր:
  15. Tarasov 2004, էջ. 121.
  16. El-Cheikh 2004, էջ. 22.
  17. Wells 1922, Chapter 33.
  18. 18,0 18,1 Bury 1923, p. 1
  19. Gibbon 1906, Volume II, Part VI, Chapter 14, p. 200
  20. Gibbon 1906, Volume III, Part IV, Chapter 18, p. 168.
  21. 21,0 21,1 Esler 2004, էջ. 1081.
  22. Եվսեբիոս, IV, lxii.
  23. Bury 1923, p. 63.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 «Byzantine Empire». Encyclopædia Britannica.
  25. Nathan, Թեոդոսիոս Բ (408–450).
  26. Treadgold 1995, էջ. 193.
  27. Alemany 2000, էջ. 207; Treadgold 1997, էջ. 184.
  28. Grierson 1999, էջ. 17.
  29. Postan, Miller & Postan 1987, էջ. 140.
  30. «Byzantine Empire». Encyclopædia Britannica.; Evans, Justinian (CE 527–565).
  31. Gregory 2010, էջ. 137.
  32. 32,0 32,1 Evans, Justinian (CE 527–565).
  33. Gregory 2010, էջ. 145.
  34. Bury 1923, pp. 180–216.
  35. Bury 1923, pp. 236–258.
  36. Bury 1923, pp. 259–281.
  37. Bury 1923, pp. 286–288.
  38. Gregory 2010, էջ. 150.
  39. Bray 2004, էջեր. 19–47; Haldon 1990, էջեր. 110–111; Treadgold 1997, էջեր. 196–197.
  40. Foss 1975, էջ. 722.
  41. Haldon 1990, էջ. 41; Speck 1984, էջ. 178.
  42. Haldon 1990, էջեր. 42–43.
  43. Grabar 1984, էջ. 37; Cameron 1979, էջ. 23.
  44. Cameron 1979, էջեր. 5–6, 20–22.
  45. Haldon 1990, էջ. 46; Baynes 1912, passim; Speck 1984, էջ. 178.
  46. Foss 1975, էջեր. 746–747.
  47. Haldon 1990, էջ. 50.
  48. Haldon 1990, էջեր. 61–62.
  49. Haldon 1990, էջեր. 102–114.
  50. Wickham 2009, էջ. 260.
  51. Haldon 1990, էջեր. 208–215; Kaegi 2003, էջեր. 236, 283.
  52. Haldon 1990, էջեր. 43–45, 66, 114–115.
  53. Haldon 1990, էջեր. 66–67.
  54. Haldon 1990, էջ. 71.
  55. Haldon 1990, էջեր. 70–78, 169–171; Haldon 2004, էջեր. 216–217; Kountoura-Galake 1996, էջեր. 62–75.
  56. «Byzantine Empire». Encyclopædia Britannica.; «Hellas, Byzantium». Encyclopaedia The Helios.
  57. Garland 1999, էջ. 89.
  58. Parry 1996, էջեր. 11–15.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "n", but no corresponding <references group="n"/> tag was found