ժպիտ

Արտահայտիչ շարժումներ, դրսևորում են մարդու հոգեկան տարբեր (հատկապես էմոցիոնալ) վիճակները և հանդիսանում են դրանց արտաքին արտահայտությունը։ Արտահայտիչ շարժումներ սուբյեկտի ներքնաշխարհում կատարվածը ըմբռնելի են դարձնում շրջապատին՝ մարդկանց մեջ առաջացնելով համապատասխան վերաբերմունք, արձագանք և ստեղծում են ռեալ հաղորդակցության հնարավորություններ։ Արտահայտիչ շարժումների զանազան տեսակները տարբեր ձևով են ենթարկվում կամքին։ Բուռն, աֆեկտիվ բնույթի ապրումները, խոր օրգանական փոփոխություններ առաջացնելով, ինքնաբերաբար կարող են կաշկանդել կամ նպաստել զգացմունքների դրսևորմանը։ Արտահայտիչ շարժումների հիմնական ձևերը մարդու արարքներն են, տվյալ իրադրության մեջ նրա վարքը, խոսքը և ունկնդրումը, վերաբերմունքը, դիմախաղերը, ժեստերը, մնջախաղը, ձայնարկությունները, առոգանությունը, ձայնի հուզական ելևէջները։