Մաուգլի (մուլտֆիլմ)
Մաուգլի (ռուս.՝ Маугли), խորհրդային հինգմասանոց մուլտսերիալ, որը նկարահանվել է 1967-1971 թվականներին, ռեժիսոր Ռոման Դավիդովի կողմից, Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» պատմվածքների ժողովածուի հիման վրա։ 1973 թվականին թողարկվել է, որպես մեկ-միասնական լիամետրաժ մուլտֆիլմ։
Մաուգլի Маугли | |
---|---|
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք և մինիսերիալ |
Ժանր | արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, դրամա, ֆենթեզի ֆիլմ և ադապտացիա |
Թեմա | Վայրենացած երեխաներ |
Հիմք | Ջունգլիների գիրքը |
Ձայնագրում | Լյուդմիլա Կասատկինա, Անատոլի Պապանով, Ալեքսանդր Նազարով, Սերգեյ Մարտինսոն, Կլարա Ռումյանովա, Լյուսենա Օվչիննիկովա, Օլեգ Վիդով, Ստեպան Բուբնով, Լև Լյուբեցկի և Յուրի Պուզիրյով |
Կերպարներ | Մաուգլի, Բագիրա, Բալու, Կաա, Շերխան, Tabaqui?, Ակելա, Ռախշա և Խատի |
Պատմվածքի վայր | Lost city?[1] |
Հորինված երկիր | Jungle Book universe? |
Երաժշտություն | Սոֆիա Գուբայդուլինա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոման Դավիդով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Սցենարիստ | Լեոնիդ Բելոկուրով |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Էկրաններին է | 1971-ը |
Սերիայի տևողություն | 100 րոպե |
Սյուժեն
խմբագրելՌաքշա (1967)
Փոքրիկ երեխան հայտնվում է ջունգլիներում ապրող գայլերի ընտանիքում։ Նա անչափ դուր է գալիս մայր գայլին` Ռաքշային։ Վերջինս նրան անվանում է Մաուգլի (գորտուկ) և պաշտպանում մարդակեր վագրից` Շերխանից, որը Մաուգլիին համարում է իր ավարը։ Գայլերը կերակրում ու դաստիարակում են մարդկային երեխային։ Ընտանիքը ապրում է ոհմակի ներսում և ղեկավարվում ջունգլիների օրենքով։ Սակայն միայն ոհմակի խորհուրդը կարող է որոշել, արդյո՞ք կարող է Մաուգլին ապրել գազանների միջավայրում, թե՞ պետք է դառնա Շերխանի կերակուրը։
Քանի դեռ գայլերի ոհմակը տատանվում էր իր որոշման մեջ, սև հովազ Բագիրան փրկում է տղային, խաբելով, որ որպես փրկագին, վճարում է իր կողմից նոր սպանված ցուլով։
Առևանգումը (1968)
Մաուգլին, գայլերի ընտանիքի որդեգիրը, սովորում է արջ Բալուի դպրոցում։ Նա արագորեն մեծանում է և ի հայտ բերում ընդունակություններ, որոնցով այնքան էլ գոհ չէ Բագիրան։ Այն բանից հետո, երբ Մաուգլին փրկում է թակարդն ընկած փղիկին, գայլերի ընտանիքում ապրող մարդկային երեխայի մասին լուրը հասնում է նաև կապիկների բանդար-լոգ ցեղին։ Ծառերի վրա բնակվող կապիկների ցեղը որոշում է Մաուգլիին դարձնել իրենց առաջնորդ։ Նրանք առևանգում են տղային և տանում ջունգլիներում գտնվող լքված քաղաքը։
Ջունգլիներում ոչ-ոք չի ցանկանում գործ ունենալ կապիկների հետ։ Վերջիններս վախենում են միայն պիթոն Կաաից։ Օգնություն խնդրելու նպատակով Կաաի մոտ են գնում Բալուն և Բագիրան։ Սակայն Բագիրան, ոչ այնքան Մաուգլիի սիրուց, այլ կապիկների նկատմամբ թշնամանքից դրդված, անմտորեն մարտի է բռնվում նրանց հետ, որի արդյունքում Բագիրան և Բալուն պարտվում են։ Միայն Կաան է կարողանում կանգնեցնել բանդար-լոգներին և Մաուգլին ազատվում է գերությունից։
Աքելայի վերջին որսը (1969)
Մաուգլին մեծացել էր և որպեսզի ոհմակում ունենար իր արժանի տեղը, նա պետք է զինվեր։ Պիթոն Կաայի օգնությամբ, լքված քարանձավում նա գտնում է Երկաթե ատամը (հինավուրց դաշույն), իսկ Բագիրայից նա տեղեկանում է Կարմիր Ծաղիկի մասին (այդպես էր ջունգլիներում կոչվում կրակը)։
Մաուգլին մոտակա գյուղակում գտնում է անոթի մեջ այրվող ածուխներ և այն տանում է իր հետ։ Այդ ժամանակ, հին թշնամին` Շերխանը, խռովություն էր բարձրացրել ոհմակում, պատրաստվելով գահընկեց անել ոհմակի առաջնորդին` Աքելային, քանի որ վերջինս անհաջողության էր մատնվել որսի ժամանակ։ Բագիրան և Բալուն, առաջին անգամ որոշում են չվախենալ Շերխանից և պաշտպանել Աքելային։ Միայն Մաուգլիի միջամտությունն է փրկում Աքելային` Շերխանի դավադրությունից։
Ճակատամարտ (1970)
Ահավոր վտանգ էր սպառնում ջունգլիների բնակիչներին։ Դեպի Մաուգլիի հարազատ վայրերն էին շարժվում հազարավոր արյունարբու շիկավուն շներ, որոնցից փրկություն չկար։ Սակայն Մաուգլին և իր ընկերները մարտի են ելնում նրանց դեմ։
Վերադարձ դեպի մարդիկ (1971)
Ջունգլիներում երաշտ էր։ Աքելայի մահից հետո Մաուգլին դարձել էր գայլերի ոհմակի առաջնորդը։ Վերջապես ժամանակն էր հաշիվները մաքրել գլխավոր թշնամու` Շերխանի հետ, որը խախտել էր երաշտի պայմաններում խաղաղության մասին ջունգլիների օրենքը։ Մաուգլին գոմեշների օգնությամբ կարողանում է հաղթել վագրին։ Արդեն ժամանակն էր վերադառնալ մարդկանց մոտ։
Մուլտֆիլմի ոճը
խմբագրելՄուլտֆիլմի առաջին մասը թողարկվել է ամերիկյան «Ջունգլիների գիրքը» (1967թ.) մուլտֆիլմին զուգընթաց։ Չնայած դա զուգադիպություն էր, սակայն քննադատները հաճախ են համեմատում այդ երկու ֆիլմերը միմյանց հետ[2]։ Ամերիկյան ֆիլմը առավելապես նախատեսված էր ամենափոքրիկ հանդիսատեսների համար։ Սյուժեն համեմատաբար զարգանում է առանց ընդհարումների, հերոսները երգում են ու պարում, բացակայում են բռնության տեսարաններն ու արյան ցուցադրումը։
Խորհրդային մուլտֆիլմը նախատեսված էր ավելի մեծահասակների համար և ավելի մոտ էր Կիպլինգի գրքին։ Այնտեղ առկա էին զանգվածային գոտեմարտեր, մենամարտեր, ցուցադրվում էր մահ, արյուն և զգացվում էր ահագնալից լարված մթնոլորտ։ Դրա հետ միասին, վեր էին հանվում կյանքի ու մահվան, պարտականության և զգացմունքի, մարտիկի հերոսության և մարդկային էության թեմաները[3]։
Չնայած խորհրդային մուլտֆիլմը, Մաուգլիի մասին պատմող բոլոր էկրանավորումներից միակն է, որ առավել մոտ է սկզբնաղբյուրին, այնուամենայնիվ կան որոշակի տարբերություններ գրքից։ Օրինակ այն, որ գրքում Բագիրան արական կերպար է, իսկ մուլտֆիլմում այն իգական է։ Բացի այդ, մուլտֆիլմում չեն ընդգրկվել մարդկային կերպարները, ինչպիսին էին օրինակ` Բալդեոն և Մեսսուան։ Մուլտֆիլմում ավելացվել է նաև Մաուգլիի և Շերխանի գոտեմարտը, չնայած, որ գրքում Շերխան վագրը զոհվում է ցուլերի սմբակների տակ։
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Լեոնիդ Բելոկուրով | սցենարիստ |
Ռոման Դավիդով | ռեժիսոր |
Ալեքսանդր Վինոկուրով և Պյոտր Ռեպկին | բեմադրող նկարիչ |
Ելենա Պետրովա | օպերատոր |
Սոֆյա Գուբայդուլինա | կոմպոզիտոր |
Կերպարների հնչյունավորում
խմբագրելՀնչյունավորող դերասան | Կերպար |
---|---|
Մարիա Վինոգրադովա | Մաուգլին փոքր տարիքում |
Լև Շաբարին | Մաուգլին մեծահասակ տարիքում |
Լյուդմիլա Կասատկինա | Բագիրա |
Ստեպան Բուբնով | Բալու |
Վլադիմիր Ուշակով | Կաա |
Անատոլի Պապանով | Շերխան |
Սերգեյ Մարտինսոն | Տաբակի |
Լև Լյուբեցկի և Յուրի Պուզիրյով | Աքելա |
Լյուսենա Օվչիննիկովա | Ռաքշա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Appearances // Cold Lairs | Jungle Book Wiki | Fandom
- ↑ Патрик Смит (2016 թ․ ապրիլի 18). «Новая «Книга джунглей» ближе к мрачному «Маугли» из СССР, чем к Диснею / We don't wanna be like you: how Soviet Russia made its own, darker Jungle Book». Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ Сергей Кузнецов Уйти из джунглей // Искусство кино. — 2004. — № 3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուգլի (մուլտֆիլմ)» հոդվածին։ |