Մանվել Ա Մամիկոնյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանվել Մամիկոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Մամիկոնյան (4-րդ դար - 386[1] կամ մոտ 385[2]), Մեծ Հայքի սպարապետ, զորավար (377-386 թթ.), Մամիկոնյան նախարարական տան ավագ։ Եղել է Մուշեղ Մամիկոնյանի հորեղբոր՝ Վաչե Մամիկոնյանի որդին։ Երիտասարդ ժամանակ, պատերազմի ընթացքում իր եղբոր՝ Կոն (Մամիկոն) Մամիկոնյանի հետ միասին գերի է ընկել պարսիկներին։
Մանվել Ա Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 4-րդ դար |
Մահացել է | 386[1] կամ մոտ 385[2] |
Ամուսին | Վարդանույշ Մամիկոնյան[3][4] |
Ծնողներ | հայր՝ Արտաշեն Մամիկոնյան |
Երեխաներ | Վարդանդուխտ Մամիկոնյան[3][4], Արտասես Մամիկոնյան[3][4], Հմայակ Մամիկոնյան[3][4] և Համազասպ Մամիկոնյան |
Փավստոս Բյուզանդը պատմում է, որ նա և Կոնը շատ պատերազմների են մասնակցել պարսկական բանակի կազմում և բազում հաղթանակներ տարել։ Քուշանների դեմ տարած հաղթանակից հետո Սասանյան արքա Շապուհ Բ-ի համաձայնությամբ Մանվել Մամիկոնյանն ազատվել է պարսից գերությունից, վերադարձել հայրենիք, ստանձնել իր տոհմի նահապետությունը և Հայոց սպարապետի պաշտոնը։ Պարսկական 10 հազարանոց հեծելազորի օգնությամբ Կարնո դաշտում հաղթել և տապալել է Հայոց թագավոր Վարազդատ Արշակունուն, ձերբակալել և սպանել նրա սպարապետ Բատ Սահառունուն։ Այնուհետև, հայ նախարարների համաձայնությամբ թագավոր է հռչակել Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ-ին (378-389 թթ.)՝ արքայամայր Զարմանդուխտի հետ ստանձնելով նրա խնամակալությունը։
Հ. Մանանդյանի և ուրիշների կարծիքով, Մանվել Մամիկոնյանն ընդունել էր Սասանյանների գերիշխանությունը։ Որոշ ուսումնասիրողներ հավաստի են համարում Փավստոս Բուզանդի այն վկայությունը, ըստ որի Մանվել Մամիկոնյանը, օգտվելով Պարսկաստանում տիրող անկայուն ներքին իրադրությունից, կոտորել է պարսկական զորքերին, 7 տարի ձեռք բերել լիակատար անկախություն և զբաղվել խաղաղ շինարարական գործերով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 330.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 241.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329—330.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ |