Մանյակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանյակ (այլ կիրառումներ)
Մանյակ, վզնոց, կանացի պարանոցի զարդ։ Առաջին մանյակները ի հայտ են եկել դեռես քարի դարում և պատրաստված են եղել մանր սերդոլիկե ուլունքներից, փոքրիկ խխունջներից ու վայրի կենդանիների ատամներից։ Նման մանյակներ կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Մետաղի գործածության հետ մանյակներն ստանում են բազմազան ձևեր, որոնցից ամենատարածվածը բրոնզե հաստ՝ ոլորված կամ հարթ, վզին հանգուցելու համար ծայրերը դեպի դուրս ծռած լարից մանյակներն էին։ Գործածվել են նաև թելի վրա շարված ագատե, սերդոլիկե, ոսկրե, բրոնզե, կապարե ուլունքներից Մ-ներ՝ մեկընդմեջ անցկացնելով բրոնզե փոքրիկ խողովակներ կամ կախելով բրոնզե ու կապարե կախիկներ։ Ենթադրվում է, որ մանյակը ունեցել է մոգական նշանակություն։ Հետագայում մանյակները պատրաստել են հիմնականում ոսկուց և արծաթից՝ ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուրք և այլ եղանակներով։ Մանյակներն ունեին տերևի, տզրուկի, գարու հատիկի, գնդի և այլ ձևի կախիկների շարան, հաճախ զարդարվում էին ուլունքներով և թանկարժեք քարերով։
19-րդ դարում Հայաստանում թանկարժեք մանյակներ պատրաստել են Կարինում, Վանում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում և այլուր։
Այժմ մանյակը գործածվում է հազվադեպ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 238)։ |