Մանկական աշխարհ հանրախանութ
«Մանկական աշխարհ» հանրախանութ, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկում։
![]() «Մանկական աշխարհ» հանրախանութ | |
Տեսակ | շենք |
Քանդակագործ | Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան և Գևորգ Քոչար |
Ստեղծում | 1935 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Փողոց | Արամի փողոց (32) |
Հասցե | Արամի փող. 32[1] |
Շինության ձև | Պատմամշակութային հուշարձան |
Մասն է | Փողոցի կառուցապատման հատվածներ. Աբովյան փողոցը 1 |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/178.2 |
ՊատմությունԽմբագրել
Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1935 թվականին Երևանի կենտրոնում` Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի սկզբնամասում` որպես քաղաքային կենտրոնական հանրախանութ։ Հանրախանութը բացվել է 1937 թվականին[2]։
Շենքի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը։ Եղել է շենքի կառուցման երկու նախագիծ` կոնստրուկտիվիստական և սոցռեալիզմի ոճով մշակված. ձևով` ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական։ 1935 թվականին Մազմանյանն ու Քոչարը երեք ամսով մեկնել են ծանոթանալու եվրոպական ճարտարապետությանը, Մարգարյանն ու Ահարոնյանը մնացել են Երևանում և աշխատել նախագծի երկրորդ տարբերակի վրա։ Ահարոնյանի հիվանդության պատճառով նախագծի վրա հիմնականում աշխատել է Մարգարյանը։ Մազմանյանի և Քոչարի վերադարձից հետո քննարկվել է երկրորդ տարբերակը, որոշումն ընդունվել է, և 1935 թվականին սկսվել է շինարարությունը։ Շենքը նախագծվել է «Գիպրոգոր» նախագծային բյուրոյում (տնօրեն` Գևորգ Քոչար)։ Եռահարկ շենքի ծավալատարածական և գեղարվեստական լուծումը պայմանավորված է անկյունային տեղադրությամբ և անկյունային գլխավոր մուտքի շեշտվածությամբ։ Շենքն ունի երկաթբետոնե միաձույլ կառուցվածք, որի պատերը քարակերտ են, ճակատները` շարված Անիի բազալտի տաշվածքով։ Սկզբունքորեն պահպանելով հասարակական շենքի նախագծման 1920-ական թվականների հնարները` հեղինակները ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով ներմուծել էին դասական տարրեր, որոնք բնորոշ էին 1930-ական թվականների անցումային շրջանի ճարտարապետությանը։ Հանրախանութը բացվել է 1937 թվականին։ Նույն թվականին Երևանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ շենքը չի վնասվել։ 1980-ականներին հանրախանութը կոչվել է «Մանկական աշխարհ» և «Երևաննախագիծ» ինստիտուտին հանձնարարվել է ընդլայնել հանրախանութը (նախագծի հեղինակ` Օլեգ Շոկարև)[3]։
Առաջին հարկում գործել են մանկական բաժինները, որտեղ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, երրորդ հարկում վաճառվել են տարբեր կտորներ[3]։
Հանրախանութի հայտնի հերոսներից է եղել Կարաբալան, ում արձանը գտնվում է կառույցի դիմաց։
2002-2003 թվականներին պատրաստվել է վերակառուցման ամբողջական նախագիծ։ Սակայն իրականացել է միայն շենքի ճակատային մասի վերակառուցումը` Աբովյան և Արամի փողոցների կողմից[3]։
Հրդեհ շենքումԽմբագրել
Շենքը երկու անգամ հրդեհվել է։ Առաջին անգամ 1956 թվականին։ Կրակը ուժեղ չի եղել և արագ մարվել է։ Երկրորդ անգամ՝ 1995 թվականին կրակը բռնկվել է 3-րդ հարկից և տարածվել ողջ շենքով և այրվել է ամբողջ 3-րդ հարկը[3]։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Sputnik։ «Մանկական աշխարհից մինչև մոլ. խորհրդային մանկության անմոռանալի Ամանորը»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2017-02-18
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Կենտրոնական հանրախանութ կամ Մանկական Աշխարհ` կենդանի պատմություն»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-18
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.2 |