Մայրցամաքային ծանծաղուտ

Մայրցամաքային ծանծաղուտ, մայրցամաքի ստորջրյա այն հարթությունը, որը հարում է ափին և երկրաբանական կառուցվածքով դրա հետ բնութագրվում է ընդհանուր հատկանիշներով։ Մայրցամաքային ծանծաղուտը շարունակվում է ափից մինչև գառիթափը՝ 100-200 մ, երբեմն էլ՝ 500-1500 մ խորությունը։

Մայրցամաքային ծանծաղուտի քարտեզ

Մայրցամաքային ծանծաղուտի ընդհանուր տարածությունը կազմում է 32 միլիոն կմ2։ Բերինգի ծովի ափերում, Եվրասիայում, Հուդզոնի ծովածոցում, Հարավ-Չինական ծովի, Ավստրալիայի հյուսիսային ափերում դրա լայնությունը հասնում է 1500 կմ։ Մայրցամաքային ծանծաղուտը հանդիսանում է ծովային նստվածքների (գլաքարերի, ավազների, ավազային տիղմերի) ինտենսիվ կուտակման մարզ, բնորոշվում է օրգանիզմների ու հանքանյութերի առատությամբ։ Դրա սահմաններում հայտնաբերվել են նավթի և գազի խոշոր հանքավայրեր (Հյուսիսային ծով, Մեքսիկական, Պարսկական ծոցեր)։ Այդ տարածությունում կատարվում է ձկնորսության և ծովային այլ կենդանիների որսի 92%-ը[փա՞ստ]։

Ըստ իրավական ռեժիմի (առաջին անգամ սահմանվել է 1958 թվականի ժնևյան կոնվենցիայով), մայրցամաքային ծանծաղուտը տարածքային ջրերից դուրս ստորջրյա շրջանների մակերևույթն ու ընդերքն է, որը հարում է ափին (այդ թվում՝ կղզիներին) մինչև 200 մ խորությունը կամ այդ սահմաններից դուրս մինչև այն սահմանը, որտեղ ծածկող ջրերի խորությունը հնարավորություն է տալիս մշակելու հիշյալ շրջանների բնական հարստությունները։

Մայրցամաքային ծանծաղուտը պետական տարածք չի համարվում, սակայն այդ հատվածի բնական հարստությունները հետախուզելու և շահագործելու սուվերեն իրավունքը պատկանում է առափնյա պետությանը։ Մայրցամաքային ծանծաղուտի իրավական ռեժիմով բնական հարստություններ են համարվում ծովի հատակի մակերևույթի ու ընդերքի հանքային և այլ ոչ-կենդանի պաշարներ, ինչպես նաև նստակյաց օրգանիզմներ, որոնք կամ ամրացված են ծովի հատակին ու ջրում, կամ կարող են տեղաշարժվել ծովի հատակով։ Մայրցամաքային ծանծաղուտի ջրերը, դրանց վրա գտնվող օդային տարածությունները ազատ են բոլոր պետությունների համար։ Եթե Մայրցամաքային ծանծաղուտին հարում է մեկից ավելի պետության տարածք, յուրաքանչյուրի մայրցամաքային ծանծաղուտը սահմանազատվում է պետությունների փոխադարձ համաձայնությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 207