Մալխաս Ամոյան

հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբշամարտիկ

Մալխաս Բիմբաշի Ամոյան (ծնվ․ 1999 թ․ հունվարի 22, Երևան), ազգությամբ եզդի հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբշամարտիկ, 72 կգ քաշային կարգում 2021 թվականի աշխարհի չեմպիոն, նույն թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր[1], 72 կգ քաշային կարգում 2019 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն[2], 67 քաշային կարգում 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն[3], 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ 2022, 2023 և 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[4]։

Մալխաս Բիմբաշի Ամոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝եզդի
Մասնագիտացում՝հունահռոմեական ոճի ըմբիշ
Երկիր՝Հայաստանի դրոշը Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 22, 1999(1999-01-22) (25 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
168 սմ
Քաշ՝72 կգ
Մեդալները
Աշխարհի առաջնություն
Ոսկի Օլսո 2022 72 կգ
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Վաշարվա 2021 72 կգ
Ոսկի Բուդապեշտ 2022 77 կգ
Ոսկի Զագրեբ 2023 77 կգ
Ոսկի Բուխարեստ 2024 77 կգ
Աշխարհի անհատական գավաթ
Արծաթ Բելգրադ 2020 72 կգ
Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն
Ոսկի Սկոպյե 2021 72 կգ

Կենսագրություն խմբագրել

 
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ըմբիշ Ռոման Ամոյանի (աջից) և Մալխաս Ամոյանի (ձախից) համատեղ մարզումը Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում

Մալխաս Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Սկսել է զբաղվել հռունահռոմեական ընբշամարտով 2005 թվականից Դինամո մարզահամալիրում` մարզիչներ Համլետ Հովհաննիսյանի և Ազատ Ամոյանի գլխավորությամբ։ Նա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի եղբորորդին է։

2017 թվականի հուլիսին Դորտմունդ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով 74 կգ քաշային կարգում` Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ[5], իսկ նույն տարվա օգոստոսին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությում, 66 կգ քաշային կարգում, եզրափակիչում 3։3 հաշվով զիջելով իրանցի Ամին Վաիյանինեջադին, արժանացավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական փոխչեմպիոնի կոչմանը[6]։ 2018 թվականի Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մալխասը երկրորդ տարին անընդմեջ կարողացավ տիրանալ բրոնզե մեդալին[7], 72 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալի համար պայքարում 9։1 հաշվով, ժամանակից շուտ, առավելության հասնելով, վրացի Նիկոլոզ Չիկաձեի նկատմամբ։ Իսկ ահա նույն տարվա սեպտեմբերին, Սլովակիայի Տրնավա քաղաքում ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Մալխաս Ամոյանը, հանդես գալով 67 կգ քաշային կարգում, եզրափակչում 10։0 հաշվով հաղթանակ տաներով Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի նկատմամբ, հռչակվեց հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոն։ 2019 թվականին իսպանական Պոնտեւեդրա քաղաքում Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, 72 կգ քաշային կարգում, վճռորոշ գոտեմարտում Ամոյանը 2 րոպե 30 վայրկյանում 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթելով Մոլդովան ներկայացնող Միհայ Պետիչին դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։

Մեծահասակներում նորամուտը նշել է 2019 թվականի Poland Open մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր։ 2019 թվականին Նուրսուլթանում առաջին մասնակցությունն է ունեցել մեծահասակների աշխարհի առաջնությունում, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում։ 2020 թվականի տարեվերջում Բելգրադում աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:0 հաշվով ուժեղ էր գտնվել 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից։ Քառորդ եզրափակիչում Ամոյանը 1 րոպե 47 վայրկյանում 12:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում մրցեց թուրք Չենգիզ Արսլանի հետ և հաղթեց 7:0 հաշվով[8]։ Եզրափակիչում Ամոյանի մրցակիցն էր աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիին, որը մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին։ Վճռորոշ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Հունգարացի ըմբիշին հաղթանակը շնորհվել է վերջինը միավոր վաստակելու արդյունքում։

2021 թվականի ապրիլին Լեհաստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթեց խորվաթ Ալեն Ֆոդորին։ Քառորդ եզրափակիչում 6:0 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյից։ Կիսաեզրափակիչում 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լեհ Ռոման Պաչուրկովսկու նկատմամբ։ Եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեին և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

2021 թվականի մայիսին Սկոպյեում նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը, եզրափակիչում հաղթելով ուկրաինացի Անդրեյ Կուլիկին[9]

2021 թվականի նոյեմբերին Օսլոյում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգացի Հովարդ Յորգենսենի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5:0 հաշվով առավելության է հասել լիտվացի Կրիստուպաս Շլեյվայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության մատնեց իրանցի Մոհամադ Մոխտարիին 10:6 հաշվով և վերջապես եզրափակիչում 3։1 հաշվով հաղթանակի հասնելով ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի նկատմամբ Ամոյանը դառնում է աշխարհի չեմպիոն։

2022 թվականի գարնանը Բուդապեշտում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը առաջին անգամ հանդես գալով 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը նախ որակավորման փուլում ժամանակից շուտ 9։0 հաշվով առավելության հասավ Լիտվան ներկայացնող Մանտաս Սինկեվիչուսի նկատմամբ, այնուհետև 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց սլովակ Դենիս Հորվատին, քառորդ եզրափակիչում ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին 6։5 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում շվեդ Պեռ Օլոֆսոնին 9։0 հաշվով։ Եզրափակիչում Մալխաս Ամոյանը, 4։3 հաշվով կամային հաղթանակ տանելով թուրք ըմբիշ Յունուս Բասարինի նկատմամբ, որին առաջին մրցափուլից հետո պատրվում էր 0։3 հաշվով, նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը[10]։

Հունահռոմեական ոռի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Մալխասը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ, նշել էր`

«Նմանատիպ մրցաշարերի ժամանակ չեն լինում թույլ մրցակիցներ, բոլորն էլ գալիս են մեդալի հետևից։ Մինչ եզրափակիչ հասնելը 2 ծանր գոտեմարտ անցկացրի ուկրաինացի և թուրք ըմբիշների հետ։ Անցյալ տարվա եզրափակչի ձախողումը հիշելով, երբ 3:3 հաշվով պարտվեցի, ուժերս հավաքեցի, ավելի կենտրոնացած գործեցի և կարողացա հաղթել։

Սպորտն իմ լավագույն ուսուցիչն է, այն դաստիարակում է, սովորեցնում։ Լավ մարզիկ դառնալու համար առաջին հերթին պետք է լինել լավ մարդ։ Հաջողության և հաղթանակի հասնելու համար հարկավոր է ունենալ ցանկություն և նպատակ։ Սպորտի շնորհիվ սովորել եմ ամեն գնով հաղթահարել դժվարություններն ու երբեք չընկճվել, երբեք չեմ ցանկացել թողնել սպորտը։ Միշտ էլ գնացել եմ նպատակիս հետևից։ Հնարավոր չէ միշտ հաղթել։ Պատահում են նաև անհաջողություններ, լինում են պարտություններ։ Հարկավոր է այդ ամենը հաղթահարելու ուժ և ցանկություն ունենալ։ Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում և հաղթել։ Օլիմպիական մեդալն ամենից ցանկալին է։ Նշեմ սակայն, որ ամեն մի մեդալ, լինի աշխարհի, Եվրոպայի առաջնությունից կամ որևէ մրցաշարից, անչափ կարևոր է, քանի որ տարիների աշխատանքի արդյունք է։»[11]։

2023 թվականին Զագրեբում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, 6։4 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշին[12]։

2023 թվականի սեպտեմբերին Բելգրադում 77 կգ քաշային կարգում դարձել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության դափնեկիր, ինչպես նաև ստացել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր[13]։

2024 թվականին Բուխարեստում Մալխաս Ամոյանը երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում նա 7։0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Յունուս Բասարին[14]։

Նվաճումներ խմբագրել

  • 2015 թվականի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր 63 կգ քաշային կարգում[15]
  • 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, 69 կգ քաշային կարգում[16]
  • 2016 թվականի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, 69 կգ քաշային կարգում[17]
  • 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 74 կգ քաշային կարգում
  • 2017 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 66 կգ քաշային կարգում
  • 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 72 կգ քաշային կարգում
  • 2018 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն 67 կգ քաշային կարգում
  • 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 72 կգ քաշային կարգում
  • 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի փոխչեմպիոն 72 կգ քաշային կարգում
  • 2021 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն չեմպիոն 72 կգ քաշային կարգում
  • 2021 թվականի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն 72 կգ քաշային կարգում
  • 2021 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն 72 կգ քաշային կարգում
  • 2022 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն 77 կգ քաշային կարգում
  • 2023 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն 77 կգ քաշային կարգում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխարհի գավաթ․ Մալխաս Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե
  2. «Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  3. «Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն (վիդեո)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  4. «Հովհաննես Բաչկովը, Արթուր Դավթյանն ու Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Հայ ըմբիշները նվաճեցին երկու մեդալ
  6. «Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  7. ԵԱ․ Մալխաս Ամոյանը եւ Արարատ Մանուչարյանը՝ բրոնզե մեդալակիրներ
  8. Աշխարհի Գավաթ. Մալխաս Ամոյանը շանս չտվեց թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո)
  9. https://sport.news.am/arm/news/122173/malkhas-amoyany-evropayi-m-23-chempion-foto.html Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն (ֆոտոշարք)
  10. Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
  11. «Մալխաս Ամոյան. «Հաղթանակիս գործում մեծ ներդրում ունեն իմ մարզիչներն ու հարազատները։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  12. «Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն». Առավոտ – Լուրեր Հայաստանից — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի առանության բրոնզե մեդալակիր է. նա նաև ՕԽ ուղեգիր ունի». «Արմենպրես» — նորություններ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  15. Պատանի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
  16. Մալխաս Ամոյանը հաղթեց Ալբերտ Եղիկյանին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն(չաշխատող հղում)
  17. ՀՀ ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի պատանեկան առաջնությունում