Մագնիսական հանույթ, Երկրի մագնիսականության տարրերի սիստեմատիկ չափումները և դրանց տվյալներով մագնիսական քարտեզների կազմումը։ Մագնիսական հանույթը լինում է ընդհանուր և մանրամասն։

Ընդհանուր մագնիսական հանույթը կատարվում է մեծ մակերեսների վրա՝ չափման կետերի համեմատաբար նոսր ցանցի դեպքում (կետերի հեռավորությունը միմյանցից՝ տասնյակ և հարյուրավոր կմ), և հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Երկրի մագնիսական դաշտի տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։ Ընդհանուր մագնիսական հանույթի հիման վրա կազմված քարտեզները խիստ անհրաժեշտ են ծովաևօդագնացության, խոշոր մագնիսական անոմալիաների հայտնաբերման, Երկրի մագնիսականության տարրերի դարավոր ընթացքի ուսումնասիրության համար։ Մանրամասն մագնիսական հանույթի (հեռավորությունը կետերի միջև՝ 1 մ-ից մինչև մի քանի կմ) տվյալները կիրառվում են երկրաբանական քարտեզագրության մեջ և մետաղային հանքավայրերի որոնողական աշխատանքներում։ Մագնիսական հանույթի դեպքում սովորաբար չափում են Երկրի մագնիսական դաշտի լրիվ լարվածության վեկտորի մոդուլը, սակայն հետախուզության նպատակների համար հաճախ սահմանափակվում են այդ դաշտի ուղղաձիգ բաղադրիչի հարաբերական որոշմամբ։

Մագնիսական հանույթը իրականացվում է տարբեր տիպի մագնիսամետրերով, որոնք տեղադրվում են արբանյակների, ինքնաթիռների, ոչ մագնիսական նավերի և տրանսպորտային այլ միջոցների վրա։ Ժամանակի մեջ Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների (դաշտի դարավոր ընթացքի) անընդհատ դիտարկումները կատարվում են մագնիսական գիտակայանների ցանցի օգնությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 116