Ճահճային թռչունները ծովերի, լճերի, ջրամբարների մերձափնյա ճահճուտներում և ճահիճներում բնակվող տարբեր ընտանիքների թռչուններ են։ Շատ տեսակներ ապրում են Ծայր Հյուսիսի այնպիսի տարածքներում, որտեղ ամռանը սնունդն առատ է։ Թռչունները կերակրվում են գրեթե ամբողջ օրը, և ձագերը շատ արագ են մեծանում։ Արկտիկական ձմռան շեմին թռչունները չվում են դեպի հարավ։ Հայաստանում հանդիպող ճահճային թռչունների առանձնահատկություններն են երկար կտուցն ու երկար ոտքերը։ Մորակտցարների մեծամասնության կտուցը երկար է, ուղիղ, կեռված կամ կոնաձև, ոտքերը համեմատաբար կարճ են։ Կտցար-կաչաղակներն ունեն կարճ (բզանման կամ բավականին հաստ) կամ երկար (ուղիղ կամ կեռված) կտուց, որով քրքրում են տիղմը, հանում խեցիներ, երկփեղկ փափկամարմիններ և, բացելով դրանք, ուտում պարունակությունը։ Քարադրների կտուցը համեմատաբար կարճ է։ Նրանք վազվզում են ծանծաղուտներով և որսը կտցում են տիղմի, ավազի ու ջրի մակերևույթից։ Ձկնկուլները բավականին խոշոր թռչուններ են՝ երկար վզով ու ոտքերով։ Նրանք հեշտությամբ անցնում են ջրային բուսականության միջով և կարող են բարձրանալ ծառերի վրա։ Ձկնկուլները սնվում են կենդանական կերով, ավելի հաճախ՝ ձկներով, որոնց հավաքում են դաշունաձև կտուցով։ Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Հայաստանում անհետացել են Գիլլի լճի չորացումից հետո։ Սակավաթիվ պահպանվել են Արարատյան դաշտի լճակներում։ Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը համարվել է ձկնաբուծությանը խիստ վնասող տեսակ և անխնա ոչնչացվել է։