Ղունկիանոս Աշտարակեցի

հայ հոգևորական


Ղունկիանոս արքեպիսկոպոս Աշտարակեցի (- փետրվարի 6 (17), 1798), հայ հոգևորական, գրիչ, Էջմիածնի միաբան, Երևան քաղաքի դետ (տեսուչ, վերահսկիչ), Սիմեոն Ա Երևանցի (1763-1780) և Ղուկաս Ա Կարնեցի (1780-1799) կաթողիկոսների նոտար, կոնդակագիր[1]։

Ղունկիանոս Աշտարակեցի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Ղունկիանոս արքեպիսկոպոս Աշտարակեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

ԿենսագրությունԽմբագրել

Սիմեոն Երևանցու և նրա հաջորդ Ղուկաս Կարնեցու կաթողիկոսական կոնդակներում, նամակներում և այլ գրագրություններում հաճախակի հանդիպում են Ղունկիանոս Աշտարակեցու անվան հիշատակություններ։ Ղունկիանոսը եղել է Սիմեոն Երևանցու աշակերտներից մեկը, ապա դարձել նրա կոնդակագիրը։ 1763-1798 թվականներին Էջմիածնում գրված համար 2882 («Ժամանակագրութիւն ձեռնադրութեանց Յակովբ, Սիմէոն և Ղուկաս կաթուղիկոսաց») ձեռագրի՝ Սիմեոն և Ղուկաս կաթողիկոսների ձեռնադրությունների ցուցակներում նշված է նաև Ղունկիանոս Աշտարակեցուն հոգևոր աստիճաններ շնորհելու տարեգրությունը։ Ըստ ցուցակի, Ղունկիանոս Աշտարակեցին սարկավագ է ձեռնադվել Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, 1763 թվականին, աբեղա՝ 1771 թվականին, իսկ 1772 թվականին, նրան տրվել է մասնավոր գավազան։ 1781 թվականի հոկտեմբերի 30-ին նրան եպիսկոպոսության աստիճան է շնորհել Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը, իսկ 1784 թվականին` արքեպիսկոպոսության աստիճան[2]։ 1785 թվականին ուխտի է մեկնել Երուսաղեմ[3]։ Երուսաղեմում եղած ժամանակ նույնպես զբաղվել է գրագրությամբ[4]։

Ղունկիանոս Աշտարակեցու ծածկագրերըԽմբագրել

18-րդ դարում գործածված ծածկագրերի վերաբերյալ Գյուտ Աղանյանը նշում է, որ Սիմեոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի առաջին հատորի ծանոթագրություններում նկատել է, որ «դեռ 1766 թուի յուլիսի 23-ին Սիմէոն կաթուղիկոսը ծածկագիր նշաններով գրագրութիւն ունէր Ախալցխա մհ․ (մահտեսի) Յօնանի հետ տեղական հայերի մէջ կաթոլիկութեան տարածման դէմ իրանց ձեռք առած միջոցները ֆռանկ պատերններից ծածկելու համար․․․[4]։ Նախկինում ենթադրվել է, թե այն հնարել է Սիմեոն կաթողիկոսը, սակայն «Յիշատակարան»-ի երրորդ հատորում ուղղակիորեն վկայված է նշանագրերի հեղինակի անունը. «նոր նշանագծոք մեր Ղունկիանոս վարդապետին»[4]։

Ղունկիանոս Աշտարակեցու գրչին պատկանող ձեռագրերըԽմբագրել

Ըստ Մատենադարանում պահվող Մաշտոցի անվան ձեռագրացուցակի, Ղունկիանոս Աշտարակեցու գրչին են պատկանում, նոտրգրով գրված շուրջ տասը ձեռագիր մատյան, համար՝ 2, 1880, 2289, 2499, 2646, 2652, 3281, 7424, 10853։ Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված է այդ ձեռագրերի մասին որոշ տեղեկություններ․

Ձեռագրի համարը Թվականը Գրչության վայրը Բովանդակությունը
1. 2 1767-1768 Էջմիածին Պետրոս Բերթումեան, Աղբիւր բացեալ
2. 1880 1786 Երուսաղեմ Ժողովածու
3. 2289 1761 Էջմիածին Ժողովածու
4. 2499 1770 Էջմիածին Սիմէոն Երևանցի, Մատենագրութիւնք
5. 2646 1760-1761 Էջմիածին Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Հայոց
6․ 2652 1771 Էջմիածին Ժողովածու
7. 3281 1759-1774 Երուսաղեմ Ժողովածու
8․ 7424 1743, 1751, 1763 Էջմիածին Աւետիք Տիգրանակերտցի, Գաւազանագիրք
9․ 10853 1786-1788 Կ․Պոլիս Ժողովածու

ՏապանաքարըԽմբագրել

Էջմիածնի միաբանական գերեզմանոցի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Ղունկիանոս Աշտարակեցու օրորոցաձև տապանաքարը, որի հարավային նիստին պահպանվել է հետևյալ չափածո արձանագրությունը․

 

ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ՏԵՍՈՒՉՆ ԱՐՀԻ
ԷՐ ՀԱՅՐԵՆԵԱՒ ԱՇՏԱՐԱԿՑԻ
ԱՅՐ ԶՈՒԱՐՃԱԽՕՍ ԱՌԱՔԻՆԻ
ԵՒ ՔԱՋ ՆՕՏԱՐ ԳԱՀԻՍ ՄԵԾԻ,
ԱՌ ՏՐ ԳՆԱՑ Ն[Ո]Ր[Ա] ՀՈԳԻ
ՄԱՐՄԻՆՆ ԵԴԱՒ ՅԱՅՍ ՏԱՊԱՆԻ
Ի ՌՄԽԷ. (1798) ԵՒ Ի ՓԵՏՐՎԱՐԻ Զ. (6)

 

Տապանագրում Ղունկիանոս արքեպիսկոպոս (արհի) Աշտարակեցին հիշատակվում է նախ՝ տեսուչ, ապա՝ նոտար (գրիչ)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Գրիչ Ղունկիանոս Աշտարակեցու տապանագիրը և մատենագրական վաստակը», Արսեն Հարությունյան, «Վէմ» համահայկական հանդես, Ը (ԺԴ) տարի, թիվ 2 (54), ապրիլ-հունիս, 2016․
  2. «Ժամանակագրութիւն ձեռնադրութեանց (1759-1798)», Գևորգ Տեր-Վարդանյան (ստորագրված՝ Գևորգ Հունանյան), «Էջմածին», 1980, հոկտեմբեր, էջ 42-51․
  3. «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի», հատ. Ա, Կազմեցին՝ Օ.Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1984, էջ 94․
  4. 4,0 4,1 4,2 «Դիւան հայոց պատմութեան», գիրք ԺԱ. Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարանը, մասն III. վերջին (1777-1779), յաւելուածներով և ծանօթութիւններով հրատարակեց Գիւտ Աղանեանց ա. քահ., Թիֆլիս, 1913, էջ 463, ծանոթ. 12․