Գերասիմ Ղազանչյան

հայ բժիշկ
(Վերահղված է Ղազանչյան Գերասիմից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գերասիմ Ղազանչյան (նաև՝ Կարո Ղազանչյան, Ախալքալաք - 15 նոյեմբերի, 1920, Կարս), հայ բժիշկ։

Գերասիմ Ղազանչյան
ԾննդավայրԱխալքալաք, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 15, 1920(1920-11-15)
Մահվան վայրԿարս
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Այլ անուններԿարո Ղազանչյան
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ախալքալաք գավառի կենտրոն Ախալքալաք քաղաքում։ Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել և Կարսում աշխատել որպես բժիշկ։ Եղել է ՀՀԴ Կարսի կենտրոնական կոմիտեի անդամ և դրա ղեկավարը։

Եղել է ամուսնացած և ապրել բարեկեցիկ կյանքով։ Երիտասարդ կինը եղել է բավարար կրթված, եզակի համեստ, բոլորի կողմից սիրված ու հարգված տիկին։ Տառապել է հոգեկան հիվանդությամբ և մի քանի անգամ կատարել ինքնասպանության փորձ։ 1913 թվականի հուլիսի 14-ին երիտասարդ կինը ինքնասպանություն է գործել ատրճանակով։ Հուլիսի 16-ին Կարսի Սբ. Նշան եկեղեցում կատարվել է հուղարկավորության արարողությունը, որին ներկա են եղել Կարսի նահանգապետը, ոստիկանապետը և շատ ռուս ծառայողներ։ Այդ օրը Կարսի բոլոր խանութները եղել են փակ։ Փողոց են դուրս եկել բազմաթիվ մարդիկ։ Կնոջ մահվան կապակցությամբ բժիշկը կանխիկ 1000 ռուբլի նվիրաբերել է Կարսի հայոց երկսեռ դպրոցին, 200 ռուբլի՝ Ախալքալաքի հայոց դպրոցին, 100 ռուբլի՝ ԿՀԲ ընկերության Կարսի մասնաճյուղին, 50 ռուբլի՝ տեղական աղքատ ներին, 50 ռուբլի՝ տպագրական ֆոնդին։ Ունեցել է աղջիկ և տղա։

1920 թ. հոկտեմբերի 30-ին՝ թուրքերը Կարսը գրավելուց հետո, սկսել են քաղաքի հայ բնակչության զանգվածային կոտորածն ու թալանը։ Կարաբեքիր փաշան Կարսի քաղաքագլուխ Համազասպ Նոհրադյանին, Կարապետ Գրիգորյանին (Սև Կարո) և բժիշկ Գերասիմ Ղազանչյանին (Բժիշկ Կարո) սիրալիր հանձնարարել է շրջել հայերի տները, իմանալ, թե ով է ողջ մնացել, ինչ վնաս է հասցվել նրանց, ցուցակագրել ու ցուցակները 15 օրում ներկայացնել իրեն՝ տուժած բնակիչների վնասները հատուցելու համար։ Հանձնախումբը ճիշտ ժամանակին ցուցակները ներկայացրել է փաշային և տեղնուտեղը ձերբակալվել։ 2 ժամ անց, նույն օրը՝ 1920 թ. նոյեմբերի 15-ին, Կարաբեքիր փաշայի հրամանով թուրքերը Կարսի Խափան հրապարակում կախաղան են բարձրացրել Համազասպ Նորհատյանին, Կարապետ Գրիգորյանին և բժիշկ Գերասիմ Ղազանչյանին։

Գրականություն խմբագրել

  • Տէր-Մելքիսեդեկեան Սարիբէգ, Տեղեկութիւններ գաւառից, Ցաւալի մահ, «Մշակ», 19-07-1913
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 1, Թեհրան, 1982։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-21, Երևան, 1986։
  • Ռուբեն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, «Նշա­նակ» էլեկտրոնային կայքէջ, 25-11-2009։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։