Ձորաեզրի վանք
Ձորաեզրի վանք, հայ առաքելական միջնադարյան վանական համալիր Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում[1]՝ բնակավայրից 1.5 կմ հարավ-արևելք, Օձուն - Այգեհատ ճանապարհից ձախ՝ ձորաեզրին[2][3]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ձորաեզրի վանք | |
---|---|
Ձորաեզրի վանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ, Օձուն |
Թեմ | Գուգարաց թեմ |
Օծման թվական | վերաօծվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Վերականգնված |
Ճարտարապետ | Գրիգոր քարգործ, 2017 թվականի վերականգնող ճարտարապետը Սուրեն Աբովյան է։ |
Ճարտարապետական տիպ | վանական համալիր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 13-րդ դար |
Շինանյութ | Բազալտե սրբատաշ քար և դեղնաշագանակագույն ֆելզիտ |
Horomayr verin Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀամաձայն վիմագրական աղբյուրների՝ շինությունների վերին հուշարձանախումբը կառուցվել է Հոռոմայրի միաբանների նախաձեռնությամբ և թեև կանգնած է մասնակիորեն մեկուսի, այնուհանդերձ համարվել է Հոռոմայրի վանքի բաղկացուցիչ մասը։
2017 թվականին վանքն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերականգնող ճարտարապետ` Սուրեն Աբովյան։
Ճարտարապետություն
խմբագրելՁորաեզրի վանքը կազմված է եկեղեցիներից և գավթից։ Շենքերի սիմետրիկ դասավորությունը նախագծային որոշակի մտահաղացման արդյունք է[4]։ Կենտրոնում գտնվում է հավասարակողմ փոքրիկ գավիթը, որը հարավային և հյուսիսային կողմերից հաղորդակից է երկու նույնածավալ միանավ թաղածածկ եկեղեցիներին։ Վանքի արևմտյան մասում գտնվում է միջնադարյան գերեզմանոցը, որում կան նաև ուշ ժամանակաշրջանի տապանաքարեր։
Գլխավոր մուտքը բացված է գավթի արևմտյան պատին և միայն գավթի ներսից կարելի է մտնել եկեղեցիներ, ընդ որում հարավային եկեղեցու մուտքը կողմնորոշված է դեպի գավիթ, իսկ հյուսիսայինինը՝ գավթից դեպի եկեղեցի։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հարավային եկեղեցու հետ գավթի[5]։
Հյուսիսային եկեղեցի
խմբագրել3.1 մ x 2.45 մ չափերով, կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է՝ առնված երկլանջ կտուրի տակ։ Ծածկը չի պահպանվել։ Արևմտյանճակատը ամբողջությամբ ծածկված է խաչի պատկերներով։ Այդ խակատում պատույանի բարավորը ուղղանկյուն կտրտվածքներով իրար հագած կրկնակի քարերից է։ Եկեղեցին կառուցված է դեղնաշագանակագույն ֆելզիտով[6]։
Հարավային եկեղեցի
խմբագրել3.2 մ x 2.15 մ չափերով, կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է՝ առնված երկլանջ կտուրի տակ։ Կիսաշրջանաձև խորանը գմբեթարդի սահմանագծով եզերված է պարզ տրամատի գոտիով, որը շարունակվում է նաև երկայնական պատերում։ Պատերն իրականացված են սրբատաշ բազալտե քարերով։ Մուտքի որմնակամարի արձանագրության համաձայնեկեղեցին կառուցվել է 1206 թվականին՝ վանքի առաջնորդ Սամուելի կողմից։ Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ։
Գավիթ
խմբագրելԿառուցվել է 13-րդ դարում՝ դեղնաշագանակագույն ֆելզիտե սրբատաշ քարերով։
Գավիթն առավելապես ուշագրավ է իր կառուցվածքային առանձնահատկություններով։ Գրեթե քառակուսի (4.35 մ x 4.1 մ) հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով։ Ներսից չորս անկյունները հատված են որմնամույթերով, որի շնորհիվ ներքին տարածությունը հատակագծում դարձել է ութանկյունի։ Որմնամույթերից դեպի վեր անկյունագծով ձգվում են երկու կամարներ և խաչվում առաստաղի ուղիղ կենտրոնում։
Վանքի գավիթը ավելի պարզ շինություն է, քան 13-րդ դարի խաչվող կամարներ ունեցող այլ ճարտարապետական հուշարձաններ (Դեղձնուտի վանք, Մշկավանք, Նոր Վարագավանք, Խորակերտի վանք, Հաղպատի վանք և այլն)։ Երկու զույգ կամարների փոխարեն, շենքի փոքրության պատճառով ունի միայն մեկը, որը ինքնատիպ լուծում է՝ կամարների անկյունագծային տեղագրությամբ։
Գավթի արևմտյան մուտքը բավականին մեծ է։ Պատուհանների բացակայության պայմաններում կատարել է նաև ներսի լուսավորումը։ Եկեղեցիները գավթից ավելի բարձր են եղել։
Գերեզմանոց
խմբագրելՎանքի գերեզմանոցը գտնվում է համալիրի արևմտյան հատվածում։ Պահպանվել են մոտ տասնյակին հասնող խաչքարեր։
Դեկորատիվ հարդարանք
խմբագրելՃարտարապետական ձևերի պարզությանը համապատասխան շինությունների դեկորատիվ հարդարանքը ևս բավական զուսպ է։ Հարդարման ձևերը ավանդականորեն երեք տիպի են՝ զարդաքանդակներ, ճարտարապետական դեկորատիվ տարբեր և պատկերաքանդակներ։
Միակ պատկերաքանդակը գտնվում է հարավային եկեղեցու արևելյան պատուհանի վրա, արտաքուստ։ Պսակի երկշարք կամարի երկու կողմերում տեղադրված են դեմ-հանդիման կանգնած երկու աղավնիների հարթաքանդակներ։
Գավթի տանիքը պահով կամարները մասնակիորեն հարդարված են զարդաքանդակի տարրերով։ Երկու զարդեր են քանդակված կամարների ներսի կողմի վերնամասում։ Ոճական ընդհանրությունից պարզ է դառնում, որ այս զարդաքանդակները արվել է միևնույն քանդակագործի կողմից։
- Մեկը պատկերում է հավերժության նշան, կազմված գնդաձև ուռուցիկ մակերեսին սփռվածելունդավոր գծերով[7]։ Ոլորաձև տարածվող այդ գծերի ուղղությունը շեշտված է կլոր շրջանակից թեքությամբ դեպի դուրս շեղվող խաղողի և ոճավորված տերևների քանդակներով, որոնք կլորավուն զարդապատկերին շարժում են հաղորդում։
- Մյուսը պարզ վարդյակ է, կենտրոնից տարածվող միատեսակ ծաղկատերևներով։ Փոքրիկ կլորավուն կենտրոնի վրա կրկնված է հավերժության նշանի գծապատկերը։
Ճարտարապետական տարրերով հարդարվել է նաև գավթի արևմտյան և հարավային եկեղեցու մուտքերը, երկուսն էլ շրջանակվել ենդեկորատիվ որմնասյուներով և կամարներով։
Արձանագրություններ
խմբագրելՏես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Կառույցի տեսքը արևմուտքից
-
Կիսավեր հատվածն ու վանդալիզմի դրսևորումները
-
Եկեղեցու գլխավոր մուտքը
-
Ընդհանուր տեսքը դեպի շինություն տանող գրունտային ճանապարհից
-
Կառույցի հարավային հատվածը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Brothers, Baghdasaryan. «Հոռոմայր վանքային հալալիր». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Ի. Հարությունյան, Աշակերտի հուշատետր, Լումա հրատարակչություն, գիրք Ա, Թփղիս, 1897 թվական, էջ 275
- ↑ Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1952 թվական, էջ 35-36։
- ↑ Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1952 թվական, էջ 36։
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 267։
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 270
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 թվական, թիվ 4, էջ 268
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձորաեզրի վանք կատեգորիայում։ |