Ձնեմարդը և ձնեշունը (անգլ.՝ The Snowman and the Snowdog), անգլիական կարճամետրաժ անիմացիոն տեսաֆիլմ, որը «Ձնեմարդը» ֆիլմի շարունակությունն է ։ Պրեմիերան կայացել է Channel 4 ալիքով առաջին ֆիլմի երեսունամյա տարելիցի կապակցությամբ՝ 2012 թվականի դեկտեմբերի 24–ին՝ սուրբծննդյան նախօրեին։

Ձնեմարդը և ձնեշունը
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորHilary Audus?
ՊրոդյուսերՋոն Կոուտս
ԵրաժշտությունԻլան Էշքերի
Երկիր Միացյալ Թագավորություն
Տևողություն24 րոպե
Թվական2012

Ֆիլմը ստեղծվել է առաջին հատվածի ոճով և Ռայմոնդ Բրիգսի 1987 թվականի գրքի բնօրինակով ։ Նրա ստեղծման ընթացքում գրեթե չի օգտագործվել համակարգչային գրաֆիկա, ֆիմը նկարված է գունավոր մատիտներով։ Ի տարբերություն առաջին ֆիլմի՝ «Ձնեմարդը և ձնեշունը» չունի նախերգանք։ Այն ընթանում է առանց խոսքերի, իսկ երաժշտությունը և երկու երգերը ստեղծվել են հատուկ ֆիլմի համար։

Ֆիլմը նվիրված է 2012 թվականին մահացած պրոդյուսեր Ջոն Կոուտսին։

Պատմություն խմբագրել

Ֆիլմի ստեղծումը տևել է երկու տարի, իսկ արտադրության բյուջեն կազմել է £2 միլիոն։ Ինչպես առաջին ֆիլմի համար, երկրորդ ֆիլմի համար ստեղծվել է ավելի քան 200 հազար ձեռքի նկարներ, և ծախսվել է ավելի քան 3 հազար մատիտ[1]։ Համակարգչային գրաֆիկան շատ քիչ է օգտագործված․ միայն թափվող ձյան պատկեր և որոշ տեսարաններում լուսավորություն ստանալու համար[2]։

Արտադրության մեջ ներգրավվել են 94 մարդ, այդ թվում 77 նկարիչ և անիմատոր։ Ֆիլմի յուրաքանչյուր վայրկյանը կազմված է տասներկու կադրից, որոնցից յուրաքանչյուրի ստեղծումը տևել է 30 ժամ[3]։

Ֆիլմի պրեմիերային նախորդել է լայն գովազդային արշավը։ Ֆիլմի հետ միասին Սուրբ Ծննդյան նախօրեին թողարկվել է նույն սյուժեով վիդեոխաղ և էլեկտրոնային աուդիոգիրք, իսկ սաունդթրեքը հասանելի է դարձել iTunes և Ամազոն ընկերություններում ձեռքբերման համար[4][5]։

2012 թվականի դեկտեմբերի 24–ին ֆիլմի առաջին ցուցադրումը Channel 4–ով հսկայական լսարան գրավեց՝ գրեթե վեց միլիոն հանդիսատես, ինչը դարձավ հեռուստահաղորդումների մեկ տարվա ընթացքում եղած դիտման ռեկորդներից մեկը և ավելի քան մեկ տասնամյակում սուրբծննդյան հանդիսատեսների ամենամեծ թվով ծրագիրը[6]։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում առաջին մասից շատ տարիներ անց։

Ամռանը այն տուն, որտեղ ժամանակին ապրում էր Ջեյմսը, տեղափոխվում է նոր ընտանիք՝ մայրիկը, տղան՝ Բիլլին և շնիկը։ Տեսանելի է, որ տան շրջակայքը դարձել է ավելի բնակելի, հարևանությամբ հայտնվել են շատ նոր տներ։

Գալիս է ձմեռը, շուտով Սուրբ ծնունդ է։ Բիլլին նկարում է շանը և թաքցնում նկարը ծրարի մեջ՝ որպես ամանորյա խնդրանք Ձմեռ Պապին։ Հանկարծ սենյակի հատակից մի տախտակ է պոկվում և տղան գտնում է Ջեյմսի գաղտնարանը, որում դրված է շարֆ, գլխարկ և Ջեյմսի նկարը ձնեմարդու հետ։ Զբոսանքի ժամանակ տղան որոշում է պատրաստել նույնպիսի ձնեմարդ՝ հագցնելով նրան Ջեյմսի արկղիկից գտած շարֆն ու գլխարկը, իսկ քթի փոխարեն դնում է մանդարին։ Բայց սայլակում մի փոքր ձյուն է մնում և տղան նրանից պատրաստում է ձնեշուն՝ ականջների փոխարեն դնելով փայտիկների վրա անցկացրած իր գունավոր գուլպաները , իսկ կողքերի բծերի փոխարեն՝ ձեռնոցները։

Տղան պառկում է քնելու, բայց կեսգիշերին արթնանում է և պատուհանից դուրս նայում։ Նա տեսնում է, որ ձնեշունը շարժվում է և վազում է փողոց։ Ձնեմարդը և Ձնեշունը կենդանանում են և սկսում են խաղալ տղայի հետ։ Նրանք մտնում են տուն, բայց խարույկի տաքությունից շունը սկսում է հալվել և բոլորը դուրս են գալիս բակ։ Խորդանոցում, որտեղ ինչպես միշտ կանգնած է մոտոցիկլը (որը քշում էր առաջին ֆիլմի Ձնեմարդը ), նրանք վերցնում են սահնակը և գնում են փողոցի երկայնքով։ Պատուհաններից մեկից նրանց տեսնում է մի աղջիկ, որը ձեռքում պահում է առաջին ֆիլմի խաղալիք Ձնեմարդուն։ Եռյակը դուրս է գալիս բարձրավայր, որտեղ բացվում է տեսարան դեպի քաղաքը և թռչում է։

Ձնեմարդը, Բիլլին և շունը թռչում են երկնքով, բայց Ձնեմարդու քիթ–մանդարինը ընկնում է և նրանք վայրէջք են կատարում այն վերցնելու համար։ Բակում հայտնվում է ինքնաթիռ և եռյակը իր ճանապարհորդությունը շարունակում է նրանով։ Թռիչքի ընթացքում նրանք ներքևում տեսնում են հայտնի բրիտանական կառույցներ՝ The Shard աշտարակը, Բիգ Բենի աշտարակը, Լոնդոնի աչք դիտման անիվը, Մերի Էքս երկնաքերը և այլն։ Երկնքում նրանց կողքով թռչում են հարյուրավոր ուրիշ ձնեմարդեր․ նրանք բոլորը շտապում են տոնին։

Ձնեմարդկանց տոնին Բիլլին և շունը մասնակցում են սարից իջնելու մրցույթին և հաղթում են վերջին պահին անցնելով պինգվինից, որը մրցույթի ողջ ընթացքում առջևում էր։ Ակնոցներով Ձնեմարդը գտնում է Բիլլիի նամակը Ձմեռ Պապին և ինչ որ բան է շշնջում Ձմեռ պապի ականջին։ Ձմեռ Պապը Բիլլիին նվիրում է կարմիր արկղ, որը տղան դնում է գրպանը։ Այդ ընթացքում գալիս է լուսաբացը և Ձնեմարդը շտապեցնում է Բիլլիին, որովհետև նրանք պետք է տուն գնան։

Վերադառնալիս Բիլլին բացում է արկղիկը և գտնում է այնտեղ վզկապ։ Նա անցնում է այն Շան վզին և տեղի է ունենում հրաշք, Շունը դառնում է իսկական։ Ուրախ Բիլլին և Շունը գնում են քնելու՝ հրաժեշտ տալով Ձնեմարդուն։

Առավոտյան Բիլլին և Շունը վազում են բակ, բայց պարզվում է, որ արևից Ձնեմարդը հալվել է։ Տխրած նրանք ծնկի են գալիս այնտեղ, որտեղ մնացել էին նրա շարֆը և գլխարկը։

Սոունդթրեք խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Իլան Էշկերին՝ ֆիլմում հայտնի իր աշխատանքով։ Երաժշտությունը ձայնագրվել է London Metropolitan Orchestraյում։

Երկու երգերը՝ Light The Night և Hometown, որոնք հնչում են Ձնեմարդու և Բիլլիի դեպի Հյուսիսային բևեռ և հետ կատարած թռիչքի ժամանակ, գրել և կատարել է երաժիշտ Էնդի Բյորոուզը։ Դրանք թողարկվել են iTunes–ում[7] սինգլ տարբերակով։

Քննադատություն խմբագրել

Չնայած քննադատները ընդգծում են անիմացիայի արժանիքները, սակյան նրանցից ոմանց մոտ որոշակի հիասթափություն է առաջացրել սյուժետային գծի կանխատեսելիությունը, որը միայն մի քանի մանրամասներով է տարբերվում առաջին ֆիլմից[8]։

Ֆիլմի ձայնասկավառակ խմբագրել

Ֆիլմի հիման վրա անմիջապես թողարկվել է ֆիլմի նկարազարդումներով էլեկտրոնային աուդիոգիրք։ Տեքստը կարդում է դերասան Բենեդիկտ Քամբերբեչը[9]։

Խաղ ֆիլմի հիման վրա խմբագրել

Ֆիլմի պրեմիերային Channel 4-ը թողարկվել է նաև նույնանուն խաղ՝ հավելված iPhoneի, iPadի և Androidի համար, որում ցուցադրված է հերոսների թռիչքը դեպի Հյուսիսային բևեռ։ Խաղացողի առաջադրանքն է ճանապարհին օդում փաթիլներ հավաքելը՝ արագությունը և հերոսների թռիչքի շարունակականությունը ավելացնելու համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Behind the scenes - The Snowman Films – The Official Snowman Website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  2. Snowman Creator Raymond Briggs Moans About CGI And Says 'I Don't Like Christmas'
  3. Snowman and the Snowdog: Programme drew one of Channel 4's biggest audiences of the year | Mail Online
  4. iTunes - Music - The Snowman & the Snowdog (Original Soundtrack) by Ilan Eshkeri & Andy Burrows
  5. The Snowman & The Snowdog - Original Soundtrack: Ilan Eshkeri and Andy Burrows: Amazon.co.uk: MP3 Downloads
  6. Daily Mail: Snowman and the Snowdog melts hearts of six million
  7. Light The Night / Hometown - Single
  8. The Guardian: TV Review: The Snowman and the Snowdog
  9. The Snowman and The Snowdog - by Penguin Books Ltd
  10. «The Snowman and The Snowdog - Announcements - The Snowman and The Snowdog Game - Channel 4». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել