Ձկնաբուծությունը Հայաստանում

Ձկնաբուծությունը Հայաստանում որպես տնտեսության ճյուղ, ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1923 թվականին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծական կայանը (1935 թվականից՝ ջրակենսաբանական կայան), կառուցվել են Գավառի (1924), Կարճաղբյուրի (1931), Սևանի (1959, «Ձուկ»), Լիճքի (1971, «Գոս» ՓԲԸ) և այլ ձկնաբուծարաններ։ 1931 թվականին ստեղծվել է «Հայձուկտրեստը», 1964 թվականին՝ ՀԽՍՀ ԺՏԽ-ին առընթեր ձկնաբուծական տնտեսության վարչությունը։ 1965 թվականից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։

Ձկնաբուծարան Հայաստանում (ք. Մասիս)

Ստեղծվել են (1968) Եղեգնուտի կարպալճակային, Ակնալճի ֆորելային, Մեծամոր լճի իշխան ձկան, Արմաշի ծածանաբուծական (1975) տնտեսությունները, Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, Եղեգնաձորի ձկնաբուծարանը և Մեղրու ֆորելային տնտեսությունը և այլն։ 2010 թվականին ձկնաբուծական լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հա էր, որից 1860,7 հա-ն՝ Արարատի, իսկ 722 հա-ն՝ Արմավիրի մարգում։ ՀՀ-ում ջրային մակերեսի յուրաքանչյուր հա-ից ստացվել է միջին հաշվով 1,96 տ ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ ու խավիար արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա և այլ երկրներ։

Հայաստանում արդյունագործ, նպատակներով բուծում են սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ պնդաճակատներ, ճապոնական կարպ (կոյ), աֆրիկյան լոքո, թառափազգիներից՝ սիբիրյան և ռուսական թառափներ, թիաքիթ, տարաղան, սաղմոնազգիներից՝ ծիածանափայլ և ոսկեփայլ իշխաններ, Գեղարքունիքի կարմրախայտ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։