Ձայնառություն, հիմնական մեղեդուն ուղեկցող պահված ձայնը, որ առաջ բերելով տարրական երկձայնություն, մեծացնում է հնչող մեղեդու արտահայտչական ներգործականությունը (տես նաև Երգեհոնի կետ)։ Հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մեջ հայտնի է եղել առնվազն վաղ միջնադարից և այնտեղ անցել է, հավանաբար, ժող. գործիքային երաժշտությունից։ Ձայնառություն անվանումը և «ձայն առնել», «ձայն բռնել, «ձայնառ» արտահայտությունները հաստատվել են հոգևոր երաժշտության հին տեսության մեջ։ Միահնչյուն Ձայնառություն (կամ ձայնառ ձայնը) տվյալ մեղեդու լադի տոնիկան է, երկհնչյուն Ձայնառության մեջ մասնակցում է նաև նրա օժանդակ հենակետը։ Հոգևոր վոկալ մոնոդիկ երաժշտության մեջ կատարվում է գերազանցապես առանց խոսքի, բաց բերանով կամ ռնգային, ժող. անսամբլային նվագի դեպքում՝ նվագարանով կամ նվագարաններով, մենանվագի դեպքում՝ առանձին լարով կամ լարերով, պարկապզուկի դեպքում՝ նրա լրացուցիչ փողով։ Կարող է լինել միալար ձգվող կամ կտրտված, կիրառվում է նաև մի քանի տարբեր հնչյուններով կազմված կրկնվող ֆրազով։ Հայ կոմպոզիտորները ժող. բնույթի Ձայնառության տարբեր տեսակները լայնորեն օգտագործել են իրենց երկերում։ Ժող. արտահայտությամբ Ձայնառություն կոչվում է դամ (այստեղից նաև՝ դամ պահել, քաշել, դամ քաշող դամքաշ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 691