Ձայնական համակարգ, սովորաբար բաղկացած է ընդհանուր պատյանի մեջ ներկառուցված մեկ կամ տարբեր տեսակի մի քանի բարձրախոսներից։ Մտնում է կենցաղային հնչյունատեխնիկական սարքերի (լազերային նվագարկիչ, մագնիտոֆոն, երաժշտական կենտրոն և այլն) մեծ մասի լրակազմի մեջ։

Կառուցվածք խմբագրել

Որոշ ձայնական համակարգեր ունեն վերարտադրման մակարդակի ներկառուցված առանձին կարգավորիչներ միջին (500-5000 Հց) և բարձր (5-20 կՀց) հաճախությունների ընդգրկույթների համար։ Ձայնական համակարգի չափերը որոշում են իր վերարտադրած հաճախությունների ընդգրկույթը (ստորին սահմանը) և ստեղծած առավելագույն ձայնական ճնշումը։ Հնչյունային ծրագրերի վերարտադրման ժամանակ ձայնական համակարգերի առաջացրած հաճախային և ոչ գծային աղավաղումները մասամբ կարելի է համակշռել ձայնական համակարգերին միացված ուժեղարարների միջոցով։ Այդպիսի համակշռում առավել լրիվ իրականացվում է այսպես կոչված ակտիվ ձայնական համակարգերում, որոնք մի պատյանում միավորում են ձայնական համակարգը և ձայնային հաճախությունների վերջնային ուժեղարարը ճշտման տարրերով, վերարտադրման մակարդակի կարգավորիչով և գերբեռնվածության ցուցիչով։

Ծավալահնչյունային վերարտադրման համար ձայնական համակարգերը հարկավոր է տեղավորել ունկնդրի նկատմամբ համաչափորեն։ Ձայնական համակարգերի միջև հեռավորությունը սենյակում սովորաբար լինում է 1,5– 2 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։