Ձայնագիտական չափումներ
Ձայնագիտական չափումներ, ձայների ու աղմուկների ինտենսիվությունը և որակական տարբեր հատկանիշները բնութագրող մեծությունների չափումները։ Ձայնագիտության մեջ չափվող գլխավոր մեծություններն են ձայնական ճնշումը, ձայնի ինտենսիվությունը, մասնիկների տատանողական արագությունն ու տեղաշարժը, տատանումների հաճախականությունն ու պարբերությունը, տարածման արագությունը, մարման գործակիցը և այլն։ Ձայնագիտական չափումներ համատեղվում են էլեկտրական չափումների հետ և կատարվում են հիմնականում էլեկտրոնային չափիչ սարքերով։ Ձայնագիտական չափումների դժվարությունը պայմանավորված է շենքերում ձայնագիտական մեծությունների բարդ տարածական բաշխումով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ձայների ու աղմուկների փոփոխականությամբ։ Ձայնական ճնշումը չափվում է չափիչ միկրոֆոնով (օդում) և հիդրոֆոնով (ջրում)։ Տարբեր աղմուկների չափման համար կիրառվում է աղմկաչափը։ Ձայնագիտական չափումների կարևոր բաժինը շինարարական և ճարտ. ձայնագիտության մեջ կատարվող չափումներն են։ Ձայնագիտական չափումների մեջ են մտնում նաև ձայնատարների բնութագրերի չափումները, կապի ձայնագիտական սարքերի փորձարկումները ևն։ Հատուկ խումբ են կազմում մարդու լսողության, ինչպես նաև նորմայից շեղումների սուբյեկտիվ չափումները (աուդիոմետրիա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 689)։ |