Հովհաննես Հինդլյան

հայ հասարակական գործիչ
(Վերահղված է Հ. Հինդլյանից)

Հովհաննես Հինդլյան (1866[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 16, 1955(1955-03-16), Ստամբուլ, Թուրքիա), հայ նշանավոր ուսուցիչ, մանկավարժ, հրատարակիչ, կրթության գործի կազմակերպիչ, հասարակական գործիչ։

Հովհաննես Հինդլյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Հինդլեան
Դիմանկար
Ծնվել է1866[1]
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 16, 1955(1955-03-16)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և ուսուցիչ
ԱշխատանքՈւսուցիչ, մանկավարժ,
հրատարակիչ, կրթության
գործի կազմակերպիչ,
հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Հինդլյանը ծնվել է 1866 թ. Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում, որը գտնվում էր Բոսֆորի ասիական ափին։ Կրթությունը ստացել է ծննդավայրի Ներսիսյան-Երմոնյան, ապա հեղինակավոր Պերպերյան վարժարանում (միջնակարգ դպրոց) ու աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին (ով վարժարանի հիմնադիրն ու տնօրենն էր)։ Բարձր գնահատանքի ու երաշխավորության արժանանալով՝ սկսում է աշխատել Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք վարժարաններում։ Դասավանդել է հայերեն, անգլերեն, թվաբանություն, աշխարհագրություն, տոմարակալություն։ Եղել է Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք, Թարգմանչաց (Օրթա գյուղ), Բերայի թաղային, Դպրոցասեր, Արամյան, Դադյան և Ազգային Կեդրոնական վարժարանների տնօրեն։ Ընտրվել է ուսումնական խորհրդի անդամ և ազգային երեսփոխան, Առաջադիմական միության նախագահ։

Նա շրջագայել է Եվրոպայում և ուսումնասիրել, թե ինչպես է դպրոցական համակարգը գործում այնտեղ։ Նա հանդիպել է ճանաչված ուսուցիչների ու մանկավարժների հետ, ինչպիսիք էին Պեստալոցցին և Մարիա Մոնտեսսորին։ Վերադառնալով հայրենի քաղաք, նա Գ. Մալաթյանի հետ Կ.Պոլսի Բանկալթի թաղամասում հիմնում է «Նոր դպրոց» կրթօջախը, որն իր դռներն է բացում 1909 թ. հոկտեմբերի 15-ին։ Հինդլյանն ուսումնասիրել է մանկավարժության պատմություն ու տեսության հարցերը։ Ըստ նրա, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»։ Այս առումով մերժել է ինչպես ժառանգականության տեսության գերագնահատումը, այնպես էլ Ջոն Լոքի՝ երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու տեսությունը։ Գտնում էր, որ բնական նախադրյալների զարգացումը պայմանավորված է կյանքի պայմաններով։ Նա բարձր է գնահատել օտար մանկավարժների փորձը և առաջադիմական գաղափարները։ Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է համարել ֆիզիկական, մտավոր ու բարոյական դաստիարակությունը, կարևորել է մայրենի լեզվի և գրականության ուսուցումը։ Ուսման մեջ պաշտպանել է դիդակտիկայի առաջավոր սկզբունքները, մեծ տեղ հատկացրել աշխատանքային դաստիարակության, համատեղ ուսուցման հարցերին։ Հինդլյանը եղել է «Հ.Մ.Ը.Մ.»-ի («Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և սկաուտներ»` հայկական մարզական ակումբներն ու սկաուտական խմբերը միավորող կազմակերպության) հիմնադիրներից մեկը։ 1949 թ. առողջության վատթարացման պատճառով ընդունվում է Սուրբ Փրկիչ հիվանադանոց, 1950 թ. մարտի 16-ին` 84 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն։

Գրական ժառանգությունը խմբագրել

  • «Փունջ մանկավարժական բանախոսության», հրապարակային դասախոսությունների շարք, 1901։
  • «Ուսուցանելու մեթոդ» կամ «Մեթոդ դիրեկտիվ», 3 մասից, 1908։
  • «Հոգի մը կազմելու համար», 1912։
  • «Անկեղծ էջեր», մամուլում տպագրված հոդվածներն ու աշխատությունները, 4 հատոր, 1913-1922։
  • «Դաստիարակին անբաժանելի ընկերը», 1925։
  • «Քսան և հինգ տարվա կյանք մը», 1934։
  • «Ծնողքներուն», նույն վերանգրով 3 գրքույկ, 1957-1959։

Հինդլյանը գրել է նաև մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են 6 գրքով 1949-1962, դրանցից առաջինը.

  • «Տիտանիկի փոքրիկ նավաբեկները» 1949 գիրքն է։

Նա գրել է ֆրանսերեն լեզվի մի շարք դասագրքեր, կատարել է նաև թարգմանություններ։ Աշխատակցել է.

  • «Ճակատամարտ» (1918-24, Կ.Պոլիս)
  • «Հայ պատանի» (1920-22, Կ.Պոլիս)
  • «Հայաստանի կոչնակ» (1920-68, Նյու-Յորք)և այլ պարբերականների։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 412