Հարություն Խալիբյան

(Վերահղված է Հ. Խալիբյանից)

Հարություն Պողոսի Խալիբյան (Խալիբ) (1790[1] - 1871[1]), խոշոր առևտրական և արդյունաբերող, Նոր Նախիջևանի քաղաքագլուխ 1833-1835, 1842-1853 թվականներին։ Կղերա-աղայական հոսանքի ազդեցիկ դեմքերից։ Երկարատև պայքար է մղել դեմոկրատական թևը գլխավորած Գաբրիել Պատկանյանի, ապա Միքայել Նալբանդյանի դեմ։ Եկեղեցական և հասարակական եկամուտների վատնման համար Խալիբյանը 1853 թվականին հեռացվել է պաշտոնից, հետո դատի տրվել։ Սակայն Գ. Այվազովսկու միջնորդությամբ հետաքննությունը դադարեցվել է։ 1858 թվականին Խալիբյանի կուտակած միջոցներով հիմնվել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը։

Հարություն Խալիբյան
Դիմանկար
Ծնվել է1790[1]
Մահացել է1871[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունվաճառական և գործարանատեր

Կենսագրություն խմբագրել

Հարություն Խալիբյանը ծնվել է 1790 թվականին հարուստ վաճառականի ընտանիքում։

Վաղ հասակում որբանում է և հանձնվում հարազատ քրոջ ամուսնու՝ վաճառական Պ. Բաբասինյանի խնամակալությանը։ Նրան հաջողվում է ավարտել հայտնի հայ լուսավորական Սերովբե Պատկանյանի մասնավոր դպրոցը, որից հետո դառնում է աներձագի՝ Բաբասյանի գործընկերը։ Արդեն այդ ժամանակ նա դրսևորում է առևտրական հիանալի ընդունակություններ, որը նկատում է Նախիջևանի ամենահարուստ վաճառականներից մեկը՝ Օդաբաշյանը և իր հերթին հրավիրում վերջինիս որպես իր գործընկեր։

Առևտրական գործունեություն խմբագրել

Խալիբյանի առևտրական հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է։ Կոստանդնուպոլսում ձկան և խավիարի վաճառքի մշտական գրասենյակ ուներ։ 1844-1845 թվականներին Խալիբյանը Տագանրոգի նավահանգստի միջոցով վաճառեց 315 տակառ (10589 փութ) սև խավիար։ Սակայն ձկան և խավիարի առևտուրը զգալի եկամուտ չէր բերում, և Խալիբյանը ընդլայնում է իր գործունեությունը։ Նրա ձեռնարկատիրական գործունեության մեջ նշանակալի դեր է զբաղեցնում քարածխի առևտուրը։ Այդ ժամանակաշրջանում քարածուխ արդյունահանվում էր հիմնականում Ալեքսանդրո-Գրուշևսկի շրջանում և այդ գործով զբաղվել իրավունք ունեին միայն կազակները։ Սակայն 1863 թվականի ցարական հրամանով կազակների մենաշնորհը չեղարկվեց, և հայ վաճառականները հնարավորություն ստացան ակտիվ զբաղվել քարածխի արդյունաբերությամբ։ 1860-ական թվականներին իր ընկերոջ և գործընկերոջ՝ Նիկիտա Գոգոևի հետ համատեղ Զինված ուժերի նախարարից հասնում են 5 տարվա կտրվածքով անտրացիտի մատակարարման պատվերի՝ Կասպից ծովի ռազմական նավատորմի կարիքների համար, որի արդյունքում լավ եկամուտ ստացան։

Խալիբյանը միաժամանակ ակտիվ զբաղվում է կարագի վաճառքով։ Խոշոր գումարներով իր գործակատարներին ձմռանն ուղարկում էր Եկատերինբուրգ, որտեղից նրանք ցրվում էին տեղի շուկաներով։ Այստեղ կարագ էին գնում և ուղարկում Եկատերինբուրգ։ Գործակատարների պարտականությունների մեջ մտնում էր նաև տեղի գյուղերի շրջապտույտը և կարագի գնումը հենց տեղում։ Գարնանը կարագն ուղարկում էին Նախիջևան և Տագանրոգ, որտեղից էլ արտասահման։ Խալիբյանը և իր մրցակից, քաղաքական հակառակորդ Կ. Հայրապետյանը կարագի գնման վրա ծախսում էին ամեն տարի մոտավորապես կես միլիոն ռուբլի։

Խալիբյանն ուներ նաև բրդալվացման ձեռնարկություններ, որոնք տեղակայված էին Դոն գետի ձախ ափին։ Ուներ 4 սեփական ձեռնարկություն, իսկ հինգերորդը՝ ժամանակի հետ ձեռք բերեց վաճառական Իվան Սկարամանգից։ Բրդալվացման ձեռնարկությունների արտադրանքն արտահանվում էր։ Ապոլոն Սկալկովսկին նշում է. «Արտասահման բրդի արտահանմամբ առանձնանում էին Նախիջևանի հայեր Խալիբյանն ու Իվանովը»։ Առևտրական գործերով հաճախ էր լինում Տագանրոգում և դա հանգեցրեց նրան, որ այդտեղ գնեց քարե տուն և իր ժամանակի զգալի մասն անց էր կացնում այդտեղ։

Նախիջևանի քաղաքապետ խմբագրել

1833-1835, ինչպես նաև 1842-1853 թվականներին Նախիջևանի քաղաքապետն էր և հայ համայնքի փաստացի ղեկավարը։

Դառնալով քաղաքապետ՝ իր ձեռքը վերցրեց քաղտնտեսության ղեկավարման ղեկն իր ձեռքը։ Նրա ղեկավարությամբ քաղաքային գանձարանի մուտքերը կրկնապատկվեցին։ Ոչ մի դեպքում թույլ չէր տալիս քաղաքային բյուջեի դեֆիցիտ՝ դա անկարելի համարելով։ Այդ նպատակով երբեմն դիմում էր չափազանց ոչ բոլորի կողմից ընդունելի քայլերի, օրինակ՝ ժամանակավորապես իջեցրեց քաղաքի ուսուցիչների աշխատավարձը։ Գրեթե միշտ Խալիբյանին հաջողվում էր լեզու գտնել նրանց հետ, ովքեր ավելի բարձր պաշտոն էին զբաղեցնում և որոնցից էր կախված Նախիջևանի և իր բարօրությունը։ Դրա հետ մեկտեղ չէր մոռանում ինչպես սեփական, այնպես էլ հայրենի քաղաքի հետաքրքրությունների մասին։ Այսպիսով, նա հիանալի հարաբերություններ ուներ Տագանրոգի քաղաքապետ բարոն Օ. Ֆրանկի հետ, և նրանք հաճախ էին հյուր գնում միմյանց։ Պատահական չէ, որ Գաբրիել Պատկանյանը դժգոհությամբ նշում էր, որ Տագանրոգի քաղաքապետ Ֆրանկը Նախիջևանի ղեկավարումն ամբողջապես վստահել էր Խալիբյանին։

Խալիբյանը վայելում էր արքեպիսկոպոսի, այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու լիովին վստահությունը, ով նրան վստահեց եկեղեցական եկամուտների և կապիտալի ամբողջ տնօրինումը։

Քահանա և լուսավորիչ Գաբրիել Պատկանյանի անհաշտ հակառակորդն էր։ Կարողանում էր պաշտպանել քաղաքի շահերը և պահպանել Եկատերինա II-ի կողմից քաղաքին տրված առավելությունները։

Խալիբյանի անվան ուսումնարան խմբագրել

1858 թվականին Գաբրիել Այվազովսկու բարձրագույն բարեհաճությամբ թույլատրվեց Թեոդոսիայում հայ երիտասարդների համար «առանց նրանց հայրենիքի և սերման տարբերակման» ուսումնարան հիմնադրել, որն իրավունք ուներ օգտագործել եկեղեցու կապիտալի և եկամուտների մի մասը։ Սակայն միջոցների պակասը նրան ստիպեց համաձայնության գալ նախիջևանցի հարուստ առևտրական Խալիբյանի հետ, ով ուսումնարանը պահելու համար 50000 ռուբլի նվիրաբերեց, սակայն պայմանով, որ այն կկրի իր անունը։ Իմաստուն Գաբրիել Այվազովսկին հիանալի գիտեր, որ Խալիբյանին մղում է լոկ փառասիրությունը և ոչ ավելին, սակայն այդ իրավիճակում նա անհնար էր համարում այդպիսի առատաձեռն նվիրաբերությունից հրաժարվելը։ «Խալիբյանի անվան հայկական ուսումնարանը» հանդիսավորությամբ բացվեց և 1858 թվականի հոկտեմբերին ընդունեց իր առաջին 50 սաներին։ Սակայն կաթողիկոս Ներսես Աշտարակեցու մահը և Մատթեոս կաթողիկոսի ընտրությունը, ով բավարար կրթված չէր և ուներ ոչ բարձր մտավոր ընդունակություններ, արմատապես փոխեց Գաբրիել Այվազովսկու ճակատագիրը։ Չնայած կառավարության միջնորդությանը՝ նրան հեռացրին թեմի և Խալիբյանի անվան ուսումնարանի ղեկավարումից։

Բարեգործություն խմբագրել

Այն բանից հետո, երբ Նախիջևանում պետք է բացվեր հոգևոր ուսումնարան, Խալիբյանը նախօրոք, չսպասելով բացմանը, 20000 ռուբլի նվիրաբերեց։ 1854 թվականին Ղրիմի պատերազմի ժամանակ 10000 փութ քարածուխ է նվիրաբերում Սևծովյան նավատորմի կարիքները հոգալու համար։ Խալիբյանը փառասեր էր։ Նվիրաբերելով գումարներ՝ նա հասնում էր հասարակության կողմից այդ փաստի իրազեկմանը։ Իր ընկերոջ և գործընկերոջ՝ Նիկիտա Գոգոևի մահից հետո, կատարելով վերջինիս հոգևոր կտակը, ֆինանսապես օգնում էր իր գործընկերոջ հիմնած կանացի ուսումնարանին, որը պատմությանը հայտնի է Գոգոևյան ուսումնարան անունով։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հարություն Խալիբյանը կրթված մարդ էր, թեև Նախիջևանի մյուս գործարարների նման համակարգված կրթություն չի ստացել։ Լավ հարաբերությունների մեջ էր հայտնի գրող Նեստոր Կուկոլնիկի հետ։ Ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ նամակագրական կապի մեջ էր. Այվազովսկու՝ Խալիբյանին ուղղված 7 նամակները պահպանվում են և հրատարակվել են։ Վստահելի և ջերմ հարաբերություններ ուներ նկարչի եղբոր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկու հետ, ով իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն էր։
  • Կատաղի, երբեմն անհաշտ պայքար էին մղում Խալիբյանի դեմ Գաբրիել Պատկանյանը և նրա սան Միքայել Նալբանդյանը։ Խալիբյանին միշտ պատկերում էին որպես իշխանությունների կողմնակից, իսկ վերջին երկուսին՝ լուսավորիչ-դեմոկրատներ։ Այս պայքարի հիմքում ընկած էին նաև անձնական շարժառիթներ։ Գաբրիել Պատկանյանն իր աշխատության մեջ բավականին պերճախոս արտահայտություն է թույլ տալիս, որը հնարավորություն է տալիս Խալիբյանին դիտել այլ լրիվ այլ տեսանկյունից. «Նախիջևանի հիմնադրումից ի վեր ոչ ոք այնքան բան չի արել նրա բարօրության համար, այնքան բարիք չի բերել համայնքին, հատկապես կրթության և հայերենի դասավանդման ոլորտում, որքան Խալիբյանը, սակայն ոչ ոք այդ ձեռքբերումներից հրաժարվելու պատճառ չի հանդիսացել, որքան հենց ինքը»։ Չնայած Նալբանդյանը հայտնի էր Խալիբյանի իշխանության դեմ պայքարով՝ նա չէր գարշում դիմել վերջինիս օգնությանը՝ թեև փորձում էր թաքցնել այդ հանգամանքը։
  • Խալիբյանն այնպիսի լուրջ հակառակորդի՝ Ռոստովի քաղաքապետ Անդրեյ Բայկովի հետ պայքարում կարողացավ պնդել Նախիջևանի անկախությունը և չթողեց, որ այն միացնեն Ռուսաստանին։
  • Խալիբյանի՝ Նախիջևանի քաղաքապետի դիմանկարը գտնվում է Դոնի Ռոստովի կերպարվեստի շրջանային թանգարանում։
  • Խալիբյանը մահացել է 1871 թվականին 81 տարեկան հասակում և հանդիսավոր թաղվել է Սուրբ Նիկողայոսի եկեղեցու բակում՝ իր հակառակորդ Կ. Հայրապետյանի կողքին։

Գրականություն խմբագրել

  • Հովհաննիսյան Ա. Գ., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1 - 2, Ե., 1955 - 56։
  • Բարխուդարյան Վ. Բ.. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779 - 1861), Ե., 1967։
  • Багдыков М.Г., Багдыков Г.М., Багдыков Т.М. Арутюн Халибян. Ростов н/Д., 2011
  • Казаров С.С. Нахичеванское купечество (конец XVIII–начало XX века). Ростов н/Д., 2012
  • Вартанян В.Г., Казаров С.С. История Армянской Апостольской церкви на Дону (XVIII-ХХ в.в.). Ростов н/Д. 2004
  • Сидоров В. С. Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. Т.5. Ростов н/Д. 1999

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 705