Հրեական ոստիկանություն (գերմ.՝ Jüdischer Ordnungsdienst, հայտնի է նաև որպես՝ «Հանրային կարգի ծառայություններ»), հանրային կարգի պահպանման մարմին, որը ձևավորվել է նացիստական բռնազավթման ժամանակ հրեական յուրաքանչյուր գետտոյում։

Ստեղծում և կառուցվածք

խմբագրել
 
Հրեական ոստիկանության աշխատակցի ձեռքի տարբերանշանը։
 
Վարշավայի գետտոյի հրեական ոստիկանության հեծանվային վաշտը։
 
Հրեական ոստիկանության աշխատակից, Լոձի գետտո։

Հրեական ոստիկանության ստեղծման նախաձեռնողը եղել է Ադոլֆ Այքմանի տեղակալը՝ ՍՍ-ի գաուպշտուրմֆյուրեր Ալոիս Բրուները։ Նա գործընթացն սկսել էր Բեռլինի հրեական ոստիկանության ստեղծմամբ, որն օգնում էր հրեաներին տեղահանել և ուղարկել Արևելքի գետտոներ և ճամբարներ։ Գործել է 1939-1944 թվականներին։ Պաշտոնապես ենթարկվել է յուդենրատներին՝ հրեաների խորհուրդներին, որոնք կանգնած էին համապատասխան գետտոյի գլխին։ Հրեական ոստիկանության ղեկավարն սովորաբար եղել է յուդենհրատի անդամներից մեկը։

Հրեական ոստիկանության անձնակազմի ձևավորումը տեղի էր ունենում գերմանացիների և յուդենրատի ղեկավարների մասնակցությամբ։ Սովորաբար հրեական ոստիկանությունը զենք չէր ունենում, դրա անդամներին թույլատրվում էր ունենալ ռետինե մահակներ։ Սակայն, հրեական ոստիկանության որոշ անդամներ զինված էին։ Գերմանական իշխանությունների առջև իրեն լավ դրսևորած հրեական ոստիկաններին թույլատրվում էր մշտապես հրազեն ունենալ։ Զենքը նաև տրամադրվում է գործողությունների իրականացման, կարևոր օբյեկտների պահպանության և գիշերային պարեկության ժամանակ։ Հրեական ոստիկանության ղեկավարներն ու հրամանատարները, որոնք սովորաբար լինում էին յուդենրատի ներկայացուցիչները, զենքի մշտական կրման իրավունք ունեին (ատրճանակ և ձեռքի նռնակ)[1]։

Վարշավայի գետտոյի ոստիկանության գլխին կանգնած էր վիկրեստը՝ լեհական ոստիկանության նախկին գնդապետ Յուզեֆ Շերինսկին։

Գործառույթներ

խմբագրել

Հրեական ոստիկանության գործառույթները կարելի է բաժանել 3 տեսակների.

  1. գերմանական հրամանների իրագործում, որոնք ստացվում էին յուդենրատի կամ ուղղակիորեն օկուպացիոն իշխանությունների կողմից,
  2. յուդենրատի հանձնարարականների իրագործում՝ դրա միջոցառումների հետ կապված, հարկերի հավաքում,
  3. հրեական համայնքի ներքին կարիքների բավարարում, գետտոյի փողոցների, դեպի գետտո մուտքի ու ելքի հսկողություն։
Է. Բերկովիչ, Հավատ աղետից հետո.

«…մենք լսել էինք գետտոյում հրեական որոշ ոստիկանների ամոթալի պահվածքի, կապոյի և առանձին բանտարկյալների անմարդկայնության մասին։ Պնդում են, որ նրանք երբեմն գերազանցել են գերմանացիների դաժանությանը։ Բայց ով իրեն կարող է թույլ տալ այդպիսի համեմատություններ, չիմանալով այն սարսափելի պայմանների մասին, որտեղ ուղարկվել էին այդ մարդիկ։ Յուրաքանչյուրը, որը մանրակրկտորեն ուսումնասիրել է փաստաթղթերը, միանգամից կհասկանա. նույնիսկ գետտոյում կյանքն այնքան անմարդկայնացնող էր, որ այնտեղ մարդկության մնացորդները պահպանած անձն ուղղակի հերոս էր։ Իսկ գետտոն ուղղակի ճոխություն էր ճամբարների հետ համեմատած, որոնց մասին գերմանացի մի պաշտոնյա իր ընտանիքին գրել է, որ Դանթեի դժոխքը ուղղակի կատակերգություն է դրա հետ համեմատած։»

Առաջին երկու տեսակներին էր վերաբերվում ավարի, տուգանքների ու հարկերի հավաքումը, գույքի բռնագրավումը, հարկադիր աշխատանքների համար հավաքները, շուրջկալումներին և ձերբակալություններին մասնակցությունը, ճամբարներ և գնդակահարության վայրեր բնակչության ուղարկմանը, գետտոյի ներսում լրտեսումը, պարտիզանների և ընդհատակում գործող անձանց հայտնաբերումը։ Ընդ որում, շատ հաճախ հրեական ոստիկանության անդամներն էին գործում ընդհատակում կամ էլ կապ էին ունենում հակաֆաշիստական այդպիսի գործունեության հետո։ Հրեական ոստիկանության շրջանում քիչ չէին գեստապոյի գործակալները։

Երրորդ տեսակին էին վերաբերվում հանրային վայրերում կարգի պահպանությունն ու մաքրությունը, հանցավորության դեմ պայքարը։

Եզակի դեպքեր են հայտնի հրեական ոստիկանության կողմից գնդակահարություններին մասնակցելու մասին։ 1942 թվականի հոկտեմբերի 27-ին հրեական ոստիկանության 7 անդամներ, Վիլնյուսի գետտոյի պետ Ս. Դեսլերի ղեկավարությամբ, Բելառուսի Օշմյանի քաղաքում մասնակցել է 406 մարդու զանգվածային սպանությանը[2]։ Վիլնյուսի գետտոյի հրեական ոստիկանության անդամները հրեաների շարասյուներին ուղեկցում էին Աուկշտեյի Պանյարյայ, որտեղ իրականացվում էին զանգվածային սպանություններ։ Նույն Վիլնյուսի գետտոյում 1942 թվականին հրեական ոստիկանության կողմից կախաղան է բարձրացվել 6 հրեա՝ քրեական հանցագործությունների իրականացման համար[3]։

Ոստիկանության անդամների ճակատագիրը

խմբագրել

Չնայած նրան, որ հրեական ոստիկանությունն ակտիվորեն օգնում էր գերմանացիներին մյուս հրեաներին հետապնդելու, այդ թվում նաև համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու հարցում, նրա բազմաթիվ անդամներ վերջին հաշվով կիրսում էին Հոլոքոստի մյուս զոհերի ճակատագիրը։ Իհարկե, սակայն, խոսքը ոչ բոլորին էր վերաբերվում։ Վիլնյուսի, Կաունասի և Շյաուլյայի հրեական ոստիկանության նախկին անդամների մի մասը 1944 թվականի ամռանը ձերբակալվեցին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից և մեղադրվեցին գերմանացիների հետ կոլլաբորացիոնիզմի մեջ[4]։

Վարշավայի գետտոյի վերացման վերջին օրերից մեկում գերմանացիներն սկզբում ձերբակալեցին ոստիկանների ընտանիքների բոլոր անդամներին, իսկ այնուհետ համակենտրոնացման ճամբարներ ուղարկեցին նաև հենց նրանց։ Որոշ նախկին ոստիկաններ մասնակցեցին Վարշավայի գետտոյում տեղի ունեցած ապստամբությանը։ Նաև հայտնի են փաստեր այն մասին, որ հրեական ոստիկանությունը մասնակցել է Ռիգայի գետտոյում դիմադրության շարժմանը։

Վարշավայի գետտոյում հրեական ոստիկանությունն ուներ մոտ 2500 անդամ, Լոձում՝ մինչև 1200, Լվովում՝ մինչև 500, Վիլնյուսում՝ մինչև 250 անդամ[5]։

Վեստերբորկի համակենտրոնացման ճամբարի (Նիդերլանդներ) հրեական ոստիկանությունը գերմանացիների հետ իր համագործակցության շրջանակներում աչքի էր ընկնում բանտարկյալների նկատմամբ իր դաժան վերաբերմունքով։ Այն բաղկացած էր Հոլանդիայի և եվրոպական մյուս երկրների հրեաներից։ «Ordnungsdienst»-ի անդամները պատասխանատու էին պատիժների հատվածի և համակենտրոնացման ճամբարներում ընդհանուր կարգի պահպանման համար։ Վեստերբորկում 1942 թվականի կեսերին կար հրեական ոստիկանության 20 անդամ, 1943 թվականի ապրիլին՝ 182 և 1944 թվականի փետրվարին՝ 67։ «OD» տարբերանշանի կրումը համակենտրոնացման ճամբարում իրականացվել է 1943 թվականի ապրիլի 23-ից[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Станкерас, 2009, էջ 102
  2. Станкерас, 2009, էջ 105—106
  3. Станкерас, 2009, էջ 106
  4. Станкерас, 2009, էջ 116
  5. Hilberg, 2003, էջ 310
  6. «Приказ № 27 от 23 апреля 1943». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 9-ին.

Գրականություն

խմբագրել
ռուսերեն
  • Альтман И. А. Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР.
  • Станкерас П. Литовские полицейские батальоны 1941-1945 годы. — М.: Вече, 2009. — 304 с. — (Враги и союзники). — ISBN 978-5-9533-3897-4
այլ լեզուներով
  • Hilberg R. The Destruction of the European Jews. — Yale: Yale University Press, 2003. — 1388 p.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական ոստիկանություն» հոդվածին։