Հրայր Մարուխյան

հայ հասարակական գործիչ

Հրայր Թորգոմի Մարուխյան (դեկտեմբերի 19, 1928(1928-12-19), Քերմանշահ, Իրան - դեկտեմբերի 21, 1998(1998-12-21), Աթենք, Հունաստան), հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972-1994), ՀՅԴ կուսակցության անդամ՝ 1950 թվականից, ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ 1963 թվականից։

Հրայր Մարուխյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ
 1963 թվականից
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1928(1928-12-19)
Ծննդավայր Քերմանշահ, Իրան
Վախճանի օր դեկտեմբերի 21, 1998(1998-12-21) (70 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Թաղված Երևան և Թոխմախի գերեզմանատուն

Կենսագրություն խմբագրել

Հրայր Թորգոմի Մարուխյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 19-ին Իրանի Քերմանշահ քաղաքում։ Ավարտելով Իրանի պետական համալսարանի մեքենագիտական ճարտարագիտության բաժինը, հետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկությունը։

Վաղ տարիքից անդամակցել է ՀՅԴ Թեհրանի Երիտասարդական միությանը, այնուհետև Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Եղել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միության հիմնադիրներից մեկը, հետագայում տնօրենը։ Ազգային-հասարակական գործունեության առաջին քայլերից դրսեւորել է կազմակերպական ակնառու ձիրք եւ գաղափարական սկզբունքայնություն։

1963 թվականին, որպես ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ՝ Հրայր Մարուխյանը մասնակցել է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխության առումով ՀՅԴ պատմության մեջ կարևոր նշանակություն է ունեցել։ Հրայր Մարուխյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ։ 1964 թվականի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվեց Լիբանան, որի մայրաքաղաքում էր գտնվում ՀՅԴ Բյուրոյի նստավայրը։

1967 թվականին՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովին, նա վերընտրվեց երիտասարդ կազմ ունեցող ՀՅԴ Բյուրոյի անդամ, իսկ 1972 թվականի ապրիլին` Բյուրոյի ներկայացուցիչ Ա. Քաբաքյանի մահից հետո, ստանձնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պարտականությունները։ Նույն տարվա դեկտեմբերին կայացավ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրվեց Դաշնակցության վերջին քառորդ տարվա գործունեությունը պայմանավորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ։ Այնուհետև, մինչև 1994 թվականի հուլիսի 17-ը, նա հաջորդաբար վերընտրվեց այդ պաշտոնին։

Քաղաքական և կազմակերպական առումներով Դաշնակցության համար նոր հանգրվան սկսվեց 1988 թվականին, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, երբ Արցախյան շարժման հետ Դաշնակցության գործունեության առանցքը դարձավ «Դեպի Երկիր» նշանաբանի իրագործումը։ Անձամբ գլխավորելով կազմակերպության վերընձյուղման աշխատանքները հայրենիքում՝ Հրայր Մարուխյանը, որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, գործուն ներկայություն ունեցավ Հայաստանի քաղաքական թատերաբեմի վրա՝ Արցախի ազգային-ազատագրական պայքարին և Հայաստանի ազգային զարթոնքի շարժմանը ըստ ամենայնի զորակցելու առաջադրանքով։

Դաշնակցության հարաճուն ժողովրդավարությանը հարված հասցնելու նպատակով 1992 թվականի հուլիսի 29-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ելույթից հետո արձակեց Հայաստանից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի արտաքսման հրամանագիրը։

Այնուհետև, ավելի քան երկու տարի, մինչև 1994 թվականի հուլիսի 17-ը, Հրայր Մարուխյանը դարձավ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դեմ ծավալված քաղաքական պայքարի խորհրդանիշը։

Մահ խմբագրել

Հրայր Մարուխյանը իր մահկանացուն կնքեց 1998 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրա փափագն էր ապրել Հայաստանում և իր կյանքը նվիրաբերել նորանկախ Հայաստանի ապագա հզորացման գործին։ Սակայն ճակատագիրը այլ կերպ դրսևորվեց։ Հայաստանի նոր իշխանությունները վերանայեցին 1992 թվականի հուլիսի 29-ի որոշումը և Հրայր Մարուխյանի աճյունը տեղեփոխվեց Երևան։ 1998 թվականի դեկտեմբերի 26-ի թաղման արարողությանը ներկա էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնատար անձիք աշխարհի տարբեր մասերից։ Զինվորականներով ուղղեկցվող թաղման թափորը շարժվեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սրահից մինչև Քաղաքային պանթեոն։ Կիրակի օրը, 1998 թվականի դեկտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր Տաճարում, ինչպես նաև աշխարհի տարբեր եկեղեցիներում, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն։

Աղբյուրներ խմբագրել