Հռոմի մեծ հրդեհ (լատ.՝ Magnum Incendium Romae), քաղաքային հրդեհ Հռոմում, որ սկսվեց մ.թ. 64 թվականի հուլիսի 18-ի գիշերը։ Այն պատճառեց ահռելի վնաս և ոչնչացրեց քաղաքի կեսը։ Հրդեհը կանգնեցվեց միայն վեց օր անց։ Տարատեսակ աղբյուրներ կա՛մ մեղադրում են կայսր Ներոնին հրդեհը սկսելու մեջ, կա՛մ նրան են վերագրում հրդեհի մարումը և տուժածներին օգնություն ցույց տալը։ Իր հերթին Ներոնը մեղադրեց քաղաքի այդ ժամանակ ամենաթույլ խմբին՝ քրիստոնյաներին, որի հետևանքով սկսվեցին նրանց հալածանքները, որոնք դադարեցին միայն Կոստանդիանոս Մեծի օրոք՝ 4-րդ դարում[1]։

Հռոմի մեծ հրդեհ
Karl von Piloty Nero Róma égését szemléli.jpg
Տեսակքաղաքային հրդեհ
ՏեղադրանքՀռոմ
Ժամանակի սկիզբհուլիսի 18, 64
Great Fire of Rome Վիքիպահեստում
Հենրիխ Սեմիրադսկու Ներոնի ճրագները: Ըստ Տակիտոսի հրդեհի համար Ներոնը մեղադրեց քրիստոնյաներին:

Փաստերի ստուգումԽմբագրել

Դեպքի պատմական իրողությունն ստուգելու երեք երկրորդական աղբյուր կա` Դիոն Կասիոսը, Սուետոնիոսն ու Տակիտոսը: Առաջնային վկայությունները, որոնք հավանաբար ներառում էին վավերագրեր` գրված Ֆաբիուս Ռոստիկոսի, Մարկոս Կլավիոս Ռուֆոսի և Պլինիուս Ավագի կողմից, չեն պահպանվել: Հրդեհի ու Ներոնի հետ կապված առնվազն հինգ պատմություն կա.

  • Ներոնը, քաղաքն ավերելու մոլուցքով բռնված, հարբած ձևացող մարդկանց է ուղարկում` քաղաքը հրդեհելու: Ներոնը դիտել է այս տեսարանն իր պալատից` երգելով[2]:
  • Ներոնը միանգամայն բացահայտ կերպով մարդկանց ուղարկել է քաղաքը հրդեհելու: Նա դիտել է հրդեհը աշտարակի գագաթից` կրկին երգելով[3]:
  • Ներոնը մարդկանց ուղարկել է քաղաքն այրելու և հետևել է տեղի ունեցածին իր առանձնահարկից` երգելով[4]:
  • Հրդեհը պատահաբար է բռնկվել: Ներոնն Անցիումում է եղել[5]:
  • Հրդեհի պատճառ են դարձել արդեն վատ համբավ ունեցող քրիստոնյաները: Այս պատմությունը տարածվել է` մեկ ուրիշին մեղադրելու համար, քանի որ բամբասանքներն ասում էին, թե Ներոնն է դրա մեղավորը[6]:

ՊատմությունԽմբագրել

Հրդեհը դատարկեց Հռոմի 14 թաղամասերից 11-ը: Այն սկսվեց 64 թվականի հուլիսի 18-19-ին, Մեծ կրկեսի հարավարևելյան հատվածում գտնվող խանութներից: Առավոտյան արդեն հրդեհի մեջ էր քաղաքի մեծ մասը, և միայն վեց օր անց հրդեհը հնարավոր եղավ մարել:

Հռոմի բնակչությունը մեկ միլիոնից ավելի էր: Գրանցված քաղաքացիների կողքին այնտեղ ապրում էին մեծ թվով չհաշվառված ստրուկներ, հարևան պրովինցիաներից սեզոնային աշխատողներ, ինչպես նաև` անօրինական միգրատներ կայսրության սահմաններին հարակից երկրներից: Կրակը շատ արագ էր տարածվում, դրան նպաստում էին նեղ փողոցներն ու հսկայական շինությունները, որոնք նաև խոչընդոտում էին հրդեհից փրկվող մարդկանց տեղաշարժմանը: Սուրբ փողոցը Վեստայի տաճարի և շատ այլ կառույցների հետ միասին ամբողջությամբ այրվել է:

Ըստ որոշ լեգենդների` Ներոնը հետևել է հրդեհին անվտանգ տարածությունից` թատերական զգեստներով: Սակայն ժամանակակից աղբյուրներն առավել հակված են հիմնվել Տացիտի կողմից տրված նկարագրությանը, ով մանուկ հասակում վերապրել է հրդեհը: Ըստ նրա վկայության՝ Ներոնն առանց հապաղելու շտապել է Հռոմ և իր հաշվին փրկարարական խմբեր է ձևավորել` մարդկանց ու քաղաքը փրկելու համար: Միևնույն ժամանակ, դեռ հրդեհի պահին էլ նա քաղաքի վերականգնման ծրագիր է մշակել: Այստեղ Ներոնը սահմանել է տների միջև անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը, նոր փողոցների նվազագույն լայնությունը, պարտադրել է քաղաքում ստեղծել միայն քարե կառույցներ, ինչպես նաև` բոլոր նոր տները կառուցել այնպես, որ տան հիմնական մուտքը լինի ոչ թե դեպի բակ ու այգի, այլ` դեպի փողոց:

Հրդեհը տևեց վեց օր ու յոթ գիշեր: Այն մարելուց հետո պարզ է դարձել, որ քաղաքի 14 շրջաններից չորսն ամբողջությամբ այրվել են, ևս յոթը մեծապես վնասվել են: Ներոնն իր պալատի դռներն է բացել անօթևան մնացած մարդկանց համար, ինչպես նաև` ամեն ինչ արել է սննդի մատակարարումն ապահովելու ու սովից մահացության դեպքեր բացառելու համար: Քաղաքը վերականգնելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ եղել:

Հնարավոր է, որ Ներոնը հրդեհի հետ կապ չի ունեցել, սակայն անհրաժեշտ է եղել հրդեհի համար պատասխանատուներ գտնել: Եվ այդ պատասխանատուները դարձան քրիստոնյաները: Հրդեհից քանի օր անց նրանց մեղադրեցին աղետի համար: Հռոմում սկսվեցին կոտորածներ ու կախաղաններ:

Հռոմի հրդեհն ու դրան հետևած քրիստոնյաների հանդեպ հալածանքները Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» պատմավեպի կենտրոնական իրադարձություններից են: Վեպում հրդեհի նախաձեռնողը Ներոնն է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Dando-Collins Stephen (September 2010)։ The Great Fire of Rome։ Da Capo Press։ ISBN 978-0-306-81890-5 
  2. Cassius Dio
  3. Suetonius. "Life of Nero". Lives of Twelve Caesars.
  4. Tacitus, Anal XV.38–44
  5. Tacitus, Annals XV.38–9
  6. Tacitus, Annals XV.44