Հպարտություն և նախապաշարմունք
«Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice), Ջեյն Օսթինի վեպ։ Գրվել է 1796-1797 թվականներին և հրատարակվել է 1813 թվականին։
Բովանդակություն
խմբագրելՎեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։
Պարահանդես
խմբագրելՊարոն Բինգլիի հաջորդ հանդիպումը Բեննեթների ընտանիքի հետ տեղի է ունենում պարահանդեսի ժամանակ, ուր երիտասարդը ժամանում է քույրերի՝ օրիորդ Բինգլիի և տիկին Հյորեսթի, ինչպես նաև պարոն Դարսիի և պարոն Հյորեսթի ուղեկցությամբ։ Սկզբում պարոն Դարսին իր տարեկան տասը հազար ֆունտ եկամուտի շնորհիվ շրջապատողների վրա բարեհաճ տպավորություն է գործում։ Բայց որոշ ժամանակ անց հասարակությունը փոխում է կարծիքը՝ նրան համարելով չափազանց «հպարտ ու գոռոզ», քանի որ նա չի ցանկանում ոչ ոքի հետ ծանոթանալ և պարահանդեսի ժամանակ պարում է միայն իրեն ծանոթ տիկնանց՝ Բինգլի քույրերի հետ։ Իսկ պարոն Բինգլին, ընդհակառակը, հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Նրա ուշադրությունը գրավում էր Բեննեթների ավագ դուստր Ջեյնը։ Վերջինս նույնպես սիրահարվում է երիտասարդին։ Պարոն Բինգլին Դարսիի ուշադրությունը հրավիրում է դեպի Էլիզաբեթը, սակայն Դարսին ասում է, որ հետաքրքրված չէ վերջինով։ Էլիզաբեթը այդ խոսակցության ականատես է դառնում, և նրա մեջ ձևավորվում է թշնամանք պարոն Դարսիի հանդեպ, ինչը նա թաքցնում է[6]։
Այց Նեզերֆիլդ
խմբագրելՇուտով օրիորդ Բինգլին և տիկին Հյորեսթը Ջեյն Բեննեթին հրավիրում են ճաշի։ Հորդառատ անձրևի ներքո մայրն աղջկան ձիով ճանապարհում է, ինչի արդյունքում աղջիկը մրսում է և չի կարողանում վերադառնալ տուն։ Էլիզաբեթը ոտքով գնում է Բինգլիների տուն՝ վատառողջ քրոջն այցի։ Պարոն Բինգլիի թույլտվությամբ Էլիզաբեթը մնում է՝ քրոջը խնամելու։ Նրան հաճույք չի պատճառում շփումը նեզերֆիլդական հասարակության հետ, քանի որ միայն պարոն Բինգլին է անկեղծ հետաքրքրվում քրոջ խնամքով։ Օրիորդ Բինգլին ամբողջովին տարված էր պարոն Դարսիով և իզուր էր փորձում նրա ուշադրությունը գրավել։ Տիկին Հյորեսթը միշտ համաձայն էր քրոջ հետ, իսկ պարոն Հյորեսթը անտարբերություն էր ցուցաբերում ամեն ինչի հանդեպ, բացի քնից, ուտելիքից, խաղերից և խաղաթղթերից։
Պարոն Բինգլին սիրահարվում է Ջեյն Բեննեթին, իսկ պարոն Դարսին համակրում է Էլիզաբեթին։ Բայց վերջինս վստահ է, որ Դարսին իրեն ատում է։ Բացի այդ, զբոսանքի ժամանակ Բեննեթ քույրերը ծանոթանում են պարոն Ուիքեմի հետ։ Երիտասարդը բոլորի վրա թողնում է բարեհաճ տպավորություն։ Մի փոքր ուշ պարոն Ուիքեմը Էլիզաբեթին պատմում է պարոն Դարսիի անազնիվ վերաբերմունքի մասին մի պատմություն․ իբրև թե Դարսին չի կատարել հանգուցյալ հոր կամքը և մերժել է Ուիքեմին քահանա դառնալու հարցում։ Էլիզաբեթը վատ կարծիք է կազմում Դարսիի մասին, իսկ վերջինս զգում է, որ Բեննեթները «իր միջավայրից չեն»։ Նա չի ողջունում նաև Էլիզաբեթի ծանոթությունն ու ընկերությունը Ուիքեմի հետ[6]։
Ամուսնություն
խմբագրելԳարնանը Էլիզաբեթն այցելում է Շառլոթին և պարոն Քոլինզին Քենթում։ Նրանք հաճախ հյուընկալվում են տիկին Քեթրին դե Բյորին։ Այնտեղ Էլիզաբեթը ծանոթանում է Դարսիի զարմիկ Ֆիցուիլիանի հետ, որը երկխոսության ժամանակ նշում է, որ Դարսին ցանկանում է ընկերոջը հետ պահել սխալ ամուսնությունից։ Այդ պատճառով էլ, երբ Դարսին անսպասելիորեն ամուսնության առաջարկություն է անում Էլիզաբեթին, վերջինս կտրականապես մերժում է։ Էլիզաբեթը մեղադրում է Դարսիին, որ նա խանգարեց քրոջ երջանկությանը ու խաբեց Ուիքեմին։ Դարսին իր գործողությունների վերաբերյալ Էլիզաբեթին բացատրություն է ուղարկում նամակով։
Մի քանի ամիս անց Էլիզաբեթը մեկնում է ճամփորդության և այցելում Պեմբերլի՝ պարոն Դարսիի կալվածք՝ վստահ լինելով, որ սեփականատերը տանը չէ։ Անսպասելիորեն պարոն Դարսին վերադառնում է։ Էլիզաբեթը զգում է, որ Դարսին սկսում է դուր գալ իրեն։ Որոշ ժամանակ անց Դարսին կրկին առաջարկություն է անում Էլիզաբեթին, և նրանք շուտով ամուսնանում են։
Ստեղծման պատմություն, հրատարակում և էկրանացում
խմբագրելՋեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։
Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ, այդ թվում նաև հեռուստասերիալ (1995 թվական) և լիամետրաժ ֆիլմ (2005 թվական) համանուն վերնագրերով։ Կան նաև ֆիլմի ավելի վաղ՝ սև-սպիտակ էկրանացում (1940 թվական, ԱՄՆ), ինչպես նաև ձևափոխված տարբերակներ։
2016 թվականի փետրվարի 11-ին վեպի հիման վրա նկարահանվել է սարսափ ֆիլմ «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» վերնագրով։
2014 թվականին լույս է տեսել «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հայերեն թարգմանությունը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Miles R. The Cambridge Companion to 'Pride and Prejudice' — Cambridge University Press, 2013. — P. 22. — ISBN 978-0-511-84459-1, 978-0-521-27958-1, 978-1-107-01015-4 — doi:10.1017/CCO9780511844591
- ↑ Pride and Prejudice / D. Gray — 2001. — P. vii. — ISBN 978-0-393-97604-5
- ↑ Keymer T. The Cambridge Companion to 'Pride and Prejudice' — Cambridge University Press, 2013. — ISBN 978-0-511-84459-1, 978-0-521-27958-1, 978-1-107-01015-4 — doi:10.1017/CCO9780511844591
- ↑ Pride and Prejudice / P. Rogers — Cambridge University Press, 2006. — P. 510. — ISBN 978-0-521-82514-6
- ↑ Pride and Prejudice / P. Rogers — Cambridge University Press, 2006. — P. xix. — ISBN 978-0-521-82514-6
- ↑ 6,0 6,1 Austen, Jane (1993). Pride and Prejudice. Hertfordshire: Wordsworth Editions Limited. ISBN 9781853260001
- ↑ Ջ. Օսթին, Հպարտություն և նախապաշարմունք, Թարգմ. անգլ.՝ Արմենուհի Փալանդուզյան, խմբ.՝ Հրաչուհի Փալանդուզյան, Երևան, «Անտարես» հրատ., 2014, 462 էջ:
Արտաքին հղումներ
խմբագրել- Գիրքը gutenberg.org կայքում
- Digital resources relating to Jane Austen British Library's Discovering Literature կայքում Արխիվացված 2019-04-04 Wayback Machine
- Pride and Prejudice ePub/Հեռախոսային տարբերակ
- «Հպարտություն և նախապաշարմունք»
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հպարտություն և նախապաշարմունք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հպարտություն և նախապաշարմունք» հոդվածին։ |