Հունաստանի անկախության օր

Հունաստանի անկախության օր կամ Հունաստանի վերստեղծման ազգային օր (հուն․՝ Ημέρα της Ελληνικής Ανεξαρτησίας), համազգային տոն Հունաստանում, որի ընթացքում հույները և աշխարհի բոլոր ծայրերի ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում զոհված մարտիկներին։

Հունաստանի անկախության օր
հուն․՝ Ημέρα της Ελληνικής Ανεξαρτησίας

Ռազմական շքերթը Հունաստանի Հարավային Եգեյան կղզեախմբի Նաուսա քաղաքում
Այլ կերպՀունաստանի վերստեղծման ազգային օր
Տեսակազգային տոն
Ամսաթիվմարտի 25
Տոնվում էՀունաստան Հունաստան
Հաստատվածմարտի 25, 1838
ՏոնումԱյս օրը հույները և ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում Հունաստանի ազատագրական պայքարում ընկածներին

Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցում Ավետման տոնի նշման հետ։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այն նշվում է ամեն տարի մարտի 25-ին[1]։

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այս օրը տեղի է ունենում զինվորական շքերթ, տոնական երթ և զանգվածային տոնակատարություններ[2]։

Պատմություն խմբագրել

1453 թվականի մայիսի 29-ին թուրքերը գրավում են Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ Այս իրադարձությունից հետո Հունաստանը վերջնականապես հաստատվեց, որպես Օսմանյան կայսրության տիրույթ։ Չնայած այս հանգամանքի, հույների մի ստվար զանգված հրաժարվեց ընդունել մուսուլմանական գերակայությունը։ Նրանք փախան լեռները և ստեղծեցին նոր բնակավայրեր Պելոպոնեսում, մասնավորապես՝ Մանի թերակղզում։ Վերջինիս բնակիչները համարվում են Հունաստանի ազգային-ազատագրական շարժման հիմնադիրները։

1821 թվականի մարտի 25-ին Կալավրիտայի Սուրբ Լավրայի վանքից առաջին անգամ կոչ արվեց առաջնորդվել «ազատության կամ մահ» կարգախոսով և միահամուռ կերպով պայքարել ընդդեմ բռնացող կառավարության։ Հենց այս ժամանակ էլ առաջին անգամ բարձրացվեց հունական հեղափոխության դրոշը, որը հետագայում ստանձնեց Հունաստանի դրոշի պաշտոնը՝ մինչև 1978 թվականը։ Դրան հաջորդած ժամանակահատվածում հույները մի շարք հաղթական մարտեր են մղել ընդդեմ Օսմանյան կայսրության։ Հեղափոխության ութ տարիների ընթացքումմոբիլիզացվել է մոտ 100.000 զինվոր, իսկ մոտ 50000-ը մահացել են։

1829 թվականին Թուրքիան ստիպված է լինում ճանաչել Հունաստանի թագավորության անկախությունը։ Այն հաստատվում է սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրով։ 1830 թվականի փետրվարի 3-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ստորագրում են Լոնդոնի արձանագրությունը, որով Մեծ տերությունները ևս փաստացի ճանաչում են հունական պետականության անկախությունը։

Մարտի 25-ը Հունաստանում հայտարարվում է ազգային տոն։ 1838 թվականին առաջին անգամ կատարվում է անկախության օրվա տոնակատարություն։ Այս օրը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունենում հանդիսավոր պատարագ։ Մայրաքաղաքի փողոցներում հավաքվում են հազարավոր քաղաքացիներ, իսկ Սինտագմա հրապարակում տեղի է ունենում հաղթահանդես և ռազմական շքերթ։

Տոնական միջոցառումներ տեղի են ունենում նաև Հունաստանի մյուս քաղաքներում՝ Սալոնիկում, Պատրասում, Հերակլիոնում և այլուր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Α.Ε., tovima.gr — Δημοσιογραφικός Οργανισμός Λαμπράκη. «tovima.gr - 25η ΜΑΡΤΙΟΥ». TO BHMA. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  2. «Военный парад прошел в Афинах в День независимости Греции». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.