Հույս I
«Հույս I» (գերմ.՝ Die Hoffnung I), նշանավոր ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի կտավներից, որը հեղինակը նկարել է 1903 թվականին։ Նկարն այժմ գտնվում է Կանադայի ազգային պատկերասրահում (Օտտավա)։ Նկարի գլխավոր թեման հղի և մերկ կինն է։ Նա իր երկու ձեռքերն ամուր դրել է որովայնին և մոտեցրել դեպի կրծքավանդակը։ Նրա հայացքն ուղղված է անմիջապես դիտողին։ Իսկ մազերի ահռելի փունջի վրա անմոռուկներով զարդարված թագ է պատկերված[1]։ Առաջին հայացքից նկարում պատկերված տեսարանը աչքը շոյող է և հաճելի տպավորություն է թողնում։ Բայց հենց ուշադրություն ես դարձնում նկարի ետին պլանին, մահվան կերպարով պատկերված անձինք անմիջապես աչքի են զարնում[2][3][4][5]։
Հույս I | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ |
տարի | 1903 |
բարձրություն | 189 սանտիմետր |
լայնություն | 67 սանտիմետր |
ժանր | այլաբանություն և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կանադայի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Կանադայի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | հույս |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Klimt, Gustav - Die Hoffnung I - 1903 - National Gallery of Canada Վիքիպահեստում |
Նկարի ստեղծման պատմությունը
խմբագրելՆկարի ստեղծման, այսպես կոչված, արտաքին խթանն ու գլխավոր պատճառը եղել է Կլիմտի բնորդուհիներից մեկի՝ Հերմայի հղիությունը։ Մի օր Հերման պետք է, ինչպես միշտ, այցելեր նկարչի արհեստանոց բնորդություն անելու համար։ Սակայն նա այդպես էլ չի գալիս։ Կլիմտն անհանգստանում է և մտածում, որ միգուցե Հերման հիվանդացել է։ Նա մարդ է ուղարկում պարզելու, թե ինչ է պատահել։ Արդյունքում Կլիմտն իմանում է, որ Հերման ոչ թե պարզապես հիվանդացել է, այլ հղի է։ Չնայած որ կինը չէր ցանկանում հղիության ընթացքում բնորդությամբ զբաղվել, Կիլմտը նրան անընդհատ հրավիրում էր իր արհեստանոց[6]։ Հերման ստիպված էր համաձայնել նկարչի առաջարկին, քանի որ պետք է գումար վաստակեր իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Արդյունքում նա տալիս է իր՝ Կլիմտի համար բնորդություն անելու վերջնական համաձայնությունը։ Արվեստագետը, օգտվելով կնոջ ֆինանսական բարդ իրավիճակից, նկարում է նրան՝ ասելով, որ «նրա հետույքը շատ ավելի գեղեցիկ և խելացի տեսք ունի, քան բազմաթիվ մարդկանց դեմքերը»[2][5][7]։
Հայտնի է, որ Կլիմտը սեռական հարաբերություններ է ունեցել իր համարյա բոլոր բնորդուհիների հետ։ Սակայն չկան հստակ տեղեկություններ՝ արդյոք այդ հարաբերությունների արդյունքում հայտնի նկարիչն ունեցել է երեխաներ, թե ոչ։
Նկարագրութjուն
խմբագրելՆկարի ստեղծման տարիներին եվրոպական արվեստում հազվադեպ, անգամ ընդհանրապես չհանդիպող երևույթ էր հղի կնոջը պատկերելը։ Կլիմտն առաջին նկարիչներից էր, որ հակադրվեց այդ կարծրացած սովորույթին և մերկ հղի կնոջը պատկերեց[8]։ Կլիմտը նկարը հանրությանը ներկայացնում է միայն 1909 թվականին Վիեննայում կայացած երկրորդ ցուցադրության շրջանակներում։ Նկարում ներկայացված թեմաները հակասական են։ Առկա է միաժամանակ և՛ ծնունդը և՛ մահը։ Նկարի ետին պլանում պատկերված մահվան կերպարով անձինք պտտվում են հղի երիտասարդ կնոջ շուրջը՝ կարծես թե ցանկանալով աղավաղել կյանքի, մահվան և վերամարմնավորման գաղափարները։
Նկարում պատկերված են ոչ միայն մահվան կերպարներ։ Նկարի ձախ անկյունում երևում է ծովային հրեշը[9]։ Ակնհայտ երևում են հրեշի ատամները և ճանկի նման ձեռքը՝ ուղված դեպի կնոջ որովայնը և կոնքը։ Այդ ծովային հրեշն ունի երկար պոչ, որը փաթաթված է կնոջ ոտքերին և դուրս է գալիս նկարի սահմաններից։ Նկարի ետին պլանում պատկերված երեք հիվանդագին արարծներից բացի կնոջ անմիջապես գլխավերևում տեղադրված է մի գանգ։ Այն ամրացված է կապույտ մարմնի։ Գանգը խորհրդանշում է մահ և անկում, քայքայում։ Իսկ մյուս երեք կերպարները խորհրդանշում են հիվանդություն, ծերություն և խելագարություն[10]։
Կնոջ ետևում պատկերված գանգը կարող է լատիներեն Memento mori արտահայտության կրողը լինել։ Լատիներենից թարգմանաբար Memento mori նշանակում է հիշի՛ր մահվան մասին։ Այսինքն այն, որ կյանքն անցողիկ է, իսկ մահն՝ անխուսափելի։ Նկարիչը ցանկանում է ասել, որ չնայած այն փաստին, որ մարդ կյանքի ծարավ է, պայքարում է կյանքի համար, հաջորդ պահին մահը կարող է վրա հասնել։ Մահը միշտ քայլում է մարդու կողքից։ Memento mori-ն արվեստում հիմնականում հենց գանգի տեսքով է ներկայացվում։
Անձնական կյանք
խմբագրելԱշխարհահռչակ նկարչի նկարները էլ ավելի մեծ կապ ունեն նրա անձնական կյանքի հետ, քան որևիցե մեկը կարող է պատկերացնել։ 1902 թվականին՝ Հույս I նկարի ստեղծումից մեկ տարի առաջ, Կլիմտը զավակ է ունենում, ով մահանում է դեռ մանկահասակ տարիքում։ Նախնական նկարում հղի կնոջ կողքին պատկերված էր նաև մի տղամարդ, ով մխիթարում էր վերջինիս։ Կա կարծիք, որ հենց այս դեպքն է ազդել Կլիմտի վրա և ստիպել նրան վերափոխել կտավը՝ այնտեղ ներկայացնելով կյանքի անցողիկության և մահվան անխուսափելիության գաղափարը։ Այդ տղամարդը վերջնական նկարում հանդես է գալիս գանգի տեսքով[3]։
Կլիմտի անձնական կյանքի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան։ Բայց բավականին շատ փաստեր հայտնի են նրա կարիերայի մասին։
Գուստավ Կլիմտը ծնվել է 1862 թվականին Ավստրիայում։ Տասնչորս տարեկան հասակում նա իրավունք է ստանում սովորել Վիեննայի արվեստի դպրոցում։ 1897 թվականին Կլիմտը և իր ընկերները լքում են Ավստրիայի արվեստագետների հասարակության շարքերը և ստեղծում են նոր գեղարվեստական շարժում՝ Սեցեսիա անվամբ։ Կլիմտը դառնում է այդ ուղղության գլխավորողը Ավստրիայում[3]։
Կլիմտը հայտնի է որպես մի անհատ, ով կոտրում էր բոլոր կարծրատիպերը, դեմ էր գնում բոլոր ընդունված օրենքներին, հատկապես երբ հարցը վերաբերվում էր արվեստին։ Կլիմտի ժամանակակից նկարիչները նույնպես նկարում էին մերկ կանանց, սակայն նրանք օգտագործում էին կտորեղեն՝ նրանց սեռական օրգանների հատվածները ծածկելու համար[11]։ Նա չէր վախենում բացահայտ կերպով նկարել ու հանրության դատին ներկայացնել ամբողջովին մերկ կնոջ մարմինը։ Նրա պատկերած կանայք, ինչպես օրինակ Հույս I և Հույս II նկարների հերոսուհին, հիմնականում գանգուր վարսերով են օժտված, ինչի վրա Կլիմտը մեծ ուշադրություն է դարձնում։ Նա մեկ այլ նախադեպը չունեցող հեղաշրջում է կատարում արվեստի պատմության մեջ, երբ առանց վախի նվազագույն զգացման պատկերում է կնոջ սեռական օրգանի մազածածկույթը։ Այդ ժամանակներում բացի այն, որ այդպիսի երևույթը ընդունված չէր, այլ համարվում էր կնոջ տգեղ ֆիզիկական հատկանիշ[2]։
Այսպիսով՝ Կլիմտը ներկայացնում է մերկ կնոջ գեղեցկության ամբողջովին նոր մոդել։
Հակասություններ
խմբագրելԱրվեստի այս նոր ոճը, որն ներառում էր մերկություն, մարմնական գեղեցկություն, գայթակղիչ կանայք, ստեղծում է հակասություններ Կլիմտի և ավստրիացիների միջև։ Նրանք համարում էին, որ Կլիմտի նկարները չափազանց սկանդալային են և պարունակում են սեռական կյանքի պրոպագանդայի մասնիկներ։ Այս ամենը դեմ էր նրանց մտածելակերպին և ապրելաոճին։ Նախկինում Կլիմտի նկարած կանայք գեղեցիկ, ուժեղ անհատականություններ էին, ովքեր ենթակա չէին իրենց տղամարդկանց։ Այս նոր կինը շոկ էր բոլոր ավստրիացիների համար։ Բայց այն նաև Կլիմտի՝ այսպիսի հայտնի ու հռչակավոր դառնալու գրավականն էր։ Գուստավ Կլիմտը իր մեծ ներդրումն ու ազդեցությունն է ունեցել արվեստի պատմության հետագա զարգացման վրա[2]։
Օգտագործված գրականություն
խմբագրել- Kallir, Jane and Alfred Weidinger. Gustav Klimt: In Search of the "Total Artwork.” New York: Prestel, 2009.(անգլ.)
- Nebehay, Christian Michael. Gustav Klimt: From Drawing to Painting. New York: H.N. Abrams, 1994. (անգլ.)
- Rogoyska, Jane and Patrick Bade. Gustav Klimt. Rochester: Grange Books, 2005.(անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Weidinger, Gustav Klimt, 280.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Partsch, Susanna. Gustav Klimt: Painter of Women. New York: Prestel, 1994.(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Weidinger, Alfred and Marian Bisanz Prakken. Gustav Klimt. New York: Prestel, 2007.(անգլ.)
- ↑ Asenbaum, Paul, Christoph Grunenberg, Tobias G. Natter, and Gallery Liverpool Tate. Gustav Klimt: Painting, Design and Modern Life. London: Tate, 2008.(անգլ.)
- ↑ 5,0 5,1 Sabarsky, Serge. Gustav Klimt: Drawings. London: G. Fraser, 1984.(անգլ.)
- ↑ Rogoyska, "Gustav Klimt," 26.(անգլ.)
- ↑ Rogoyska, "Gustav Klimt," 27.(անգլ.)
- ↑ Rogoyska, "Gustav Klimt," 100.(անգլ.)
- ↑ Weidinger, "Gustav Klimt," 280.(անգլ.)
- ↑ Weidinger, "Gustav Klimt," 281.(անգլ.)
- ↑ Sabarsky, "Gustav Klimt: Drawings," 1984.(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Hope I, 1903 Արխիվացված 2016-03-06 Wayback Machine, The National Gallery of Canada. (անգլ.)