Հորոսկոպ (հունարեն՝ ώρα՝ ժամ, ժամանակահատված, ժամկետ և σκοπός՝ հսկիչ, դիտող, բառացիորեն՝ "իր ժամը հսկող", հայերեն՝ ժամադիտակ, նաև ռադիքս լատիներեն radix՝ արմատ)՝ աստղագուշակության մեջ մոլորակների, լուսատուների և այլ երկնային մարմինների դիրքերի արտապատկերումը խավարածրի վրա ժամանակի տվյալ պահի և աշխարհագրական տվյալ վայրի նկատմամբ։ Ժամանակակից աստղագուշակության մեջ հորոսկոպ է կոչվում որոշակի ժամանակահատվածում երկնային քարտեզի ոճավորված գծապատկերը, այդ գծապատկերը գերազանցապես երկրակենտրոն է, չնայած կան նաև այնպիսի ուղղություններ, որոնք կիրառում են են արևակենտրոն համակարգը։ Հին շրջանի աստղագուշակները, սակայն, հորոսկոպ էին անվանում ասցենդենտը, կամ այն նշանը, որի մեջ նա գտնվում էր/այսպես կոչված ելնող կամ ծագող նշանը/, այսինքն երկնակամարի մի փոքր հատված, որը տվյալ պահին հորիզոնից վեր էր բարձրանում։ Կ.Պտղոմեոսը իր Թեթրաբիբլոսում գրում է. "Որոշ գիտնականներ, սակայն, օգտագործում են իգական և արական նշանների այնպիսի հերթականություն, որի դեպքում առաջին արական նշանը համապատասխանում է ելնող նշանին, որն անվանվում է հորոսկոպ":

Ժամանակակից հորոսկոպի օրինակ:

Հորոսկոպի կառուցումը խմբագրել

Կենդանակերպի նշանների գծապատկերը:

Տեսականորեն հնարավոր է հորոսկոպ ստեղծել ցանկացած իրադարձության համար, եթե հայտնի է երբ և որտեղ է այն տեղի ունեցել։ Հորոսկոպի կառուցումը սկսվում է կոսմոգրամմայի լրացումով, որն իրենից ներկայացնում է մոլորակների և լուսատուների արտապատկերումը էկլիպտիկայի վրա, որոնց կոորդինատները իրենց էկլիպտիկ երկայնություններն են՝ անկյունային աստիճաններով արտահայտված։ Ժամանակակից աստղագուշակության մեջ էկլիպտիկան գերազանցապես պատկերվում է 12 հավասար մասերի բաժանված շրջանագծի տեսքով, որը կազմում է այսպես կոչված արևադարձային կենդանակերպը։ Արևմտյան աստղագուշակության մեջ էկլիպտիկայի սկիզբն է համարվում գարնանային գիշերահավասարի կետը, որից սկսվում է կենդանակերպի առաջին նշանը՝ Խոյը։ Կենդանակերպի նշանները հավասարապես բաժանվում են 30 աստիճանի՝ Խոյ /0°-30°/, Ցուլ /30°-60°/, Երկվորյակներ /60°-90°/ և այլն։ Այդպիսով երկնակամարի բոլոր մարմինները հայտնվում են էկլիպտիկայի որոշակի հատվածում՝ զբաղեցնելով որոշակի կենդանակերպի նշան։ Մոլորակների դիրքերը կենդանակերպի նշաններում և նրանց փոխհարաբերությունները՝ հայեցողությունները կամ ասպեկտները կազմում են կոսմոգրամմայի պատկերը։ Միևնույն ժամի և տարբեր աշխարհագրական վայրերի համար կազմված կոսմոգրամաները տարբերվում են գերազանցապես Լուսնի դիրքով, քանի որ այն առավել արագաշարժ երկնային մարմին է։ Այս պատճառով կոսմոգրամման ընդհանրական է, այն հնարավորություն է տալիս որոշելու տվյալ անհատի խառնվածքն ու բնավորության գծերը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է նրա կյանքին ու զարգացմանը բնորոշ առանձնահատկությունները նկարագրելու համար։ Երկնակամարի դիրքը ժամանակի տվյալ պահի և տվյալ աշխարհագրական վայրի նկատմամբ բնութագրելու համար կոսմոգրամմայի վրա նշվում են էկլիպտիկայի և հորիզոնի ու երկնային միջօրեականի հատման կետերը։ Դրանք 4 են և կազմում են հորոսկոպի անկյունները՝ ASC ու DSC՝ ելնող և մայր մտնող երկնակամարի հատվածները և MC ու IC՝ երկնակամարի կենտրոնն ու "հատակը" կամ խորությունը։ Այս 4 հատվածները տարբեր եղանակներով բաժանվում են ևս 3 մասի՝ առաջացնելով 12 աստղագուշակական տուն։ Աստղագուշակական տները չափազանց կարևոր դեր ունեն հորոսկոպի վերլուծության ժամանակ, քանի որ նրանք հնարավորություն են տալիս անհատականացնել կոսմոգրամման, ուսումնասիրելով անհատի ճակատագրական իրադարձությունների բնութագիրն ու ժամկետները։ Հին աստղագուշակները հորոսկոպ էին անվանում առաջին աստղագուշակական տունը, որը սկսվում էր ասցենդենտից՝ երկնակամարի ելնող հատվածից, դրանով իսկ կարևորելով ծննդյան պահի նշանակությունը, որից կախված էր անհատի կյանքի տևողությունն ու հաջողակությունը։ Այսպիսով նույն վայրում միևնույն օրվա տարբեր ժամանակահատվածներում ծնված անհատների հորոսկոպները էապես տարբեր են, մնանապես՝ իրարից տարբերվում են միևնույն ժամանակ բայց տարբեր աշխարհամասերում ծնված անհատների հորոսկոպները, որը և արտահայտվում է անհատականության ու ճակատագրերի բազմազանության մեջ։

Հորոսկոպի տեսակները խմբագրել

  • Նատալ կամ ռադիքս՝ մարդու ծննդյան հորոսկոպ, որը կազմվում է անհատի ծննդյան պահն ու աշխարհագրական վայրը հաշվի առնելով։ Այն բնութագրում է մարդու բնածին ընդունակություններն ու կարողությունները, կենսական պայմաններն ու կյանքի իրադարձությունները, ձգտումներն ու նրանց իրականացնելու հնարավորությունները և այլն։
  • Լոկալ կամ տեղային հորոսկոպ։ Կազմվում է անհատի ծննդյան ժամը և օտար աշխարհագրական վայրի կոորդինատները հաշվի առնելով և բնութագրում է նրա ճակատագրի փոփոխությունները հայրենիքից այլ երկրներ մեկնելու դեպքում։ Մարդկանց մոտ հաճախ հարյ է առաջանում, թե որ երկրներում նրանք առավել երջանիկ կլինեն, որտեղ կկարողանան լիարժեքորեն իրագործել իրենց ունա կություններն ու կարողությունները։ Այս հարցերին պատասխանում է լոկալ հորոսկոպների ուսումնասիրությունը։
  • Թեմատիկ հորոսկոպ։ Այն գծագրվում է ասցենդենտի տեղափոխությամբ հետաքրքրող աստղաբանական օբեկտի աստիճանի մեջ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել անհատի կյանքի որոշակի ոլորտների իրադարձությունների մանրամասները։ Օրինակ Յուպիտերի հորոսկոպը կազմելով որոշվում է անհատի հաջողակությունը հասարակական ոլորտում, նրա դիրքը, մերժված լինելը կամ մեծարանքի արժանանալը։
  • Կարմիկական հորոսկոպ։ Թեմատիկ հորոսկոպի տարատեսակ է, որը հնարավորություն է տալիս որոշելու անհատի նախկին մարմնավորումների ազդեցությունը ներկա կյանքի վրա։
  • Հարմոնիկներ։ Հորոսկոպների այս տեսակը ստացվում է նատալի մոլորակների դիրքերը թվաբանական փոփոխությունների ենթարկելով։ Անհատի նատալի հարմանիկների թիվը տեսականորեն անսահման է, սակայն առավելապես կարևորվում են առաջին 40-ը։ Հարմոնիկները ունեն ինչպես կանխատեսական արժեք, այնպես էլ օգնում են աստղաբանին բնութագրել անհատի թաքնված կարողություններն ու հնարավորությունները։

Գոյություն ունեն նաև հորոսկոպների այլ տարատեսակներ։

Հորոսկոպի տարրերը խմբագրել

Արեգակնային համակարգի մոլորակների գքապատկերներ:

Հին դարերում և միջնադարում աստղագուշակները հորոսկոպ կազմելիս օգտագործում էին աստղագուշակական հիմնական տարրեր հանդիսացող արեգակնային համակարգի 7 մոլորակները՝ Արևը, Լուսինը /որոնք կոչվում էին նաև լուսատուներ/, Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։ Հնուց ի վեր բացի մոլորակներից մեծ կարևորություն ունեին այսպես կոչված անշարժ աստղերը։ Ի տարբերություն մշտապես շարժվող և իրենց ուղղությունը փոխող՝ մոլորվող մոլորակների, անշարժ աստղերը հավերժության խորհրդանիշ էին, հնագույն շրջանում նրանք մեծ պարբերաշրջանների հետ էին կապվում, օրինակ Սոթիկ պարբերաշրջանը Հին Եգիպտոսում, որն առնչվում էր Սիրիուս աստղի հետ։ Հատկապես մեծ կարևորություն ունեին երկնակամարի առավել պայծառ աստղերը, դրանցից են՝ Պլեյադներն ու Ալդեբարանը Ցուլ համաստեղության մեջ, Ռիգելն ու Բետելգեյզեն Օրիոնում, Մեծ Շան α՝ Սիրիուսը, Առյուծի α՝ Ռեգուլը, Կույսի α՝ Սպիկան, Կարիճի α՝ Անտարեսը, Հարավային Ձկան α՝ Ֆոմալհաութը, Լիրայի α՝ Վեգան և այլն։ Միջնադարում աստղագուշակները սկսեցին կիրառել նաև Լուսնային հանգույցները/Վիշապի պոչն ու գլուխը/ և արաբական կետերը կամ բաժինները։ Վերջիններից հատկապես կարևորվում էր Երջանկության բաժինը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով ՝ ASC+Լուսին-Արև, համարվում էր, որ նա մեծ ազդեցություն ունի ծնվածի ճակատագրի վրա, երբեմն այս կետից սկսում էին տների բաշխումը։ Նորագույն շրջանի աստղագուշակները հորոսկոպ կառուցելիս հաշվի են առնում նաև երեք նորահայտ մոլորակները՝ Ուրանը, Նեպտունը և Պլուտոնը, ինչպես նաև բազմաթիվ աստերոիդներ՝ Յունոնան, Վեսթան, Պալլասը, Խիրոնը և այլ։ Աստղագուշակական յուրահատուկ օբեկտներից են Սև լուսինը՝ Լիլիթը և Սպիտակ լուսինը՝ Սելենան, առաջինը՝ լուսնային ուղեծրի Երկրագնդից ամենահեռավոր կետն է, որը խորհրդանշում է մարդու մութ, բացասական, ստվերային կաղմը և չար գործերը, երկրորդը՝ զուտ թվաբանական կետ է և աստղագիտական բովանդակություն չունի, սա մարդու բարի գործերի և արժանիքների համագումարն է։

Մարդու կենդանակերպի նշանն ու հորոսկոպը խմբագրել

Հորոսկոպ 18-րդ դարի իսլանդական ձեռագրից:
Նոր հազարամյակի հորոսկոպը:

Դարեր շարունակ հորոսկոպի ստեղծումը երկարատև և դժվարին գործընթաց էր, որը կապված էր մաթեմատիկական բարդ հաշվարկների հետ։ Աստղագուշակության վարպետ դառնալու համար հաճախ անհրաժեշտ էր ամբողջ մի կյանք նվիրել այս արվեստին։ 16-րդ դարի հայտնի աստղագուշակ Ջ.Կարդանոն իր առաջին աֆորիզմում գրում է՝

Կյանքը կարճատև է, Արվեստը հավերժ, Փորձը դժվարությամբ է ձեռք բերվում, Բատողությունը ծանր է նվաճվում, այդ պատճառով անհրաժեշտ է, որ Հետազատողը ոչ միայն հորոսկոպների որոշակի քանակության ուսումնասիրությամբ վարժվի, այլև որ նա ջանասիրաբար ուսումնասիրի նրանց ստեղծագործություններն, ովքեր խելամտորեն մեկնել են այս Գիտությունը, նա պիտի իր զբաղմունքը դարձնի իրերի բնական պատճառների ուսումնասիրությունը փորձարարական ճանապարհով, մոլորակների և անշարժ աստղերի շարժումն ու ճշգրիտ դիրքերի որոշումը, բայց առավելապես նա պետք է լինի ճշմարտության կրքոտ որոնող։

Այսպիսով հորոսկոպի ստեղծումն ու ուսումնասիրությունը աստղագուշակի համար մշտապես եղել է մարդու և տիեզերքի ճանաչողության հավերժական գործընթաց, միստիկ արարողություն, որը նրան մոտեցրել է արարչության գաղտնիքների բացահայտմանը։ Հորոսկոպի ստեղուծմը պատահական պահի զբաղմունք չէր, անհատական հորոսկոպները կազմվում էին ժամանակի որոշակի պահին, երբ երկնային մարմինների դիրքերը բարենպաստ էին դրա համար։ Հին աստղագուշակության մեջ կոսմոգրամման երբեք հորոսկոպից անկախ չէր դիտարկվում։ Միջնադարյան հորոսկոպները ունեին բացված ծրարի տեսք, որի անկյուններում նշվում էին մոլորակների դիրքերը կենդանակերպի նշաններում և աստղագուշակական տներում։ Աստղագուշակական ավանդույթի համաձայն կարևորվում էր հատկապես ծննդյան պահին ելնող նշանը կամ առաջին տունը։ Այդ նշանն իշխող մոլորակը անվանվում էր մարդու ծննդյան տիրակալը և համարվում նրա հովանավորը։

XX դարի սկզբի անվանի աստղագուշակ Ալան Լեոն, որն ուներ չափազանց մեծ քանակության հորոսկոպների պատվերներ, ստիպված էր փոփոխություններ մտցնել այս ոլորտում։ Նա մշակեց հորոսկոպի վերլուծության էքսպրես մեթոդ, որը արագորեն հասանելի և հասկանալի կլիներ հասարակության լայն շրջանակի համար։ Ելնելով այն փաստից, որ Արևը մեծ կշիռ ունի հորոսկոպի մեջ, Ալան Լեոն կրճատեց հորոսկոպի վերլուծությունը՝ հանգեցնելով այն կենդանակերպի նշաններում Արևի դիրքի վերլուծության։ Կենդանակերպի ամեն մի նշանում Արևը գտնվում է մոտ 30 օր ՝ նշանից նշան անցնելով յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում։ Այսպիսով ամեն տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ը բոլոր ծնվածներն անկախ ծննդավայրից, ծննդյան օրից և ժամից համարվում են Խոյ նշանի տակ ծնված, ապրիլի 20-ից մայիսի 21՝ Ցուլ և այլն։ Այդպես սկիզբ առավ մինչ այժմ մեծ ժողովրդականություն վայելող արեգակնային աստղագուշակությունը, որի կանխատեսումները լայնորեն տարածում են ժամանակակից բոլոր լրատվաիջոցերը։

Հղումներ խմբագրել