Հովհաննես Քյաթիպյան

հայ հրապարակախոս, խմբագիր, հասարակական գործիչ, բժիշկ

Հովհաննես Քյաթիպյան (նաև՝ Մարգար Հովհաննես, 1821, Ադրիանապոլիս - հոկտեմբերի 21 նոյեմբերի 5, 1882, Կ. Պոլիս), հայ բժիշկ, հասարակական և քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Հովհաննես Քյաթիպյան
Ծնվել է1821
ԾննդավայրԱդրիանապոլիս
Մահացել էհոկ­տեմ­բե­րի 21 (նո­յեմ­բե­րի 5), 1882
Մահվան վայրԿ. Պոլիս
Քաղաքացիություն Թուրքիա
Ազգությունհայ
Այլ անուններՄարգար Հովհաննես
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, հրա­պա­րա­կա­խոս
Պաշտոնհրա­տա­րա­կիչ-խմբա­գիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1821 թվականին, Ադ­րի­ա­նա­պոլ­սում` Ակն քա­ղա­քից գաղ­թած հա­յի ըն­տա­նի­քում։ Ա­ն­վանի եր­գի­ծա­բան Հակոբ Պարոնյանի հո­րեղ­բո­րոր­դին է։ Նախ­նա­կան կրթու­թյունն ստա­ցել է Ադ­րի­ա­նա­պոլ­սի ազ­գա­յին վար­ժա­րա­նում, միջ­նա­կար­գը` Կ․ Պոլսի համայնքային դպրոցներից մեկում։ 1855-1861 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և դա ավարտել 1861 թվականի հունվարի 18-ին։ Ուսումնառության տարիներին ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ (որը նրան անվանում էր բժիշկ Հովհաննես Քյաթիպ) և խանդավառվել նրա հեղափոխական գաղափարներով ու ծրագրերով։ Ընդունել է Ֆրանսիայի հպատակություն։

1859 թվականին Փարիզում մասնակցել է Ստեփան Ոսկանյանի «Արևմուտք պարբերական|Արևմուտք» պարբերականի հիմնադրմանը։ 1861 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, ապա՝ Ադրիանապոլիս և բժշկությամբ զբաղվել։ 1862 թվականին տեղափոխվել է Կ. Պոլիս, բնակություն հաստատել Ֆընդըկլի թաղամասում և բժիշկ աշխատել։ 1862 թվականից Զեյ­թու­նի ապս­տամ­բու­թյան օրերին եղել է Կ. Պոլսում հիմնադրված և «Մեղու» հանդեսի հրատարակիչ-խմբագիր Հարություն Սվաճյանի գլխավորած գաղտնի «հե­ղա­փո­խա­կան մարմ­նի» ղեկավար անդամներից մեկը։

1862 թվականի մարտի 14-ին Կ. Պոլսից Միքայել Նալբանդյանին և Սերովբե Թագվորյանին ուղարկած նամակում (որն ընկել է ցարական ոստիկանության ձեռքը) Հ. Քյաթիպյանը հիշատակվել է որպես կապող օղակ արևմտահայ դեմոկրատների և համաեվրոպական ազատագրական շարժման առաջնորդների միջև։ Հետագայում գրավոր կապ է պահպանել Մ. Նալբանդյանի հետ, մինչև նրա ձերբակալվելը։ Կապեր է ունեցել արևմտահայ դեմոկրատների, Լոնդոնի ռուս վտարանդիներ Ալեքսանդր Հերցենի, Նիկոլայ Օգարյովի, իտալական ազգային ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Մաձձինի ի հետ։

1867 թվականին ընտրվել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ 1867 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ և եռանդով մասնակցել ընկերության միջոցառումներին։ 1872 թվականից աշխատել է Կ. Պոլսի Կուլեդիբի թաղամասի Ֆրանսիական հիվանդանոցում, որպես բժիշկ, վիրաբույժ։ Կ. Պոլսում առաջինն է օգտագործել ստերիլիզացման մեթոդը և դրանով գրավել մասնագետների ուշադրությունը։ 1874-1878 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության և Կ. Պոլսի Հա­յոց Բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյան ղեկավարության անդամ։ Եղել է Կ. Պոլսի հայ համայնքում սիրված, հարգված և լայն ժողովրդականություն վայելած հասարակական գործիչ։ Իր տունը բուժարանի է վերածել և աղքատ հիվանդների ընդունել։ Վերջիններիս բուժելիս ո՜չ միայն բուժավճար չի վերցրել այլև, երբեմն դեղի փող է տվել։ Ճանաչված է եղել նաև սուլթանի պալատում ու օտար երկրների դեսպանատներում։ Նրա առաջավոր հայացքները և ժողովրդասեր գործունեությունը թշնամական մթնոլորտ են ստեղծել նրա շուրջը, հատկապես պալատական շրջանակում։

1882 թվականի հոկտեմբերի 20-ին սուլթան Աբդուլ Համիդ II-ի պալատական բժիշկը Հ. Քյաթիպյանին հրավիրել է սուլթանի հարեմի կանանցից մեկի ծննդաբերությունը վարելու։ Բարեհաջող ծննդաբերությունից՝ մոր և մանկան կյանքը փրկելուց հետո սուլթանը պալատի բժշկապետի պաշտոնն է առաջարկել նրան։ Շնորհակալություն հայտնելով՝ բժիշկը մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը «աղ­քատ­նե­րի բժիշկ է և կփա­փա­գի միշտ այդ­պես մնալ»։ Այդ մերժումով, փաստորեն, նա վիրավորել է սուլթանին։ Նույն օրը հրավիրվել է մի թուրք փաշայի տուն՝ հիվանդի նայելու, որտեղից չի վերադարձել։ 1882 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 5) անհայտ, չպարզված և խորհրդավոր հանգամանքներում, նրա՝ վնասվածքներ ստացած և խեղդամահ արված դիակը գտել են Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի ծովափին։ Դոկտոր Մյուլուքի բժշկական քննությունը ցույց է տվել, որ սպանվել է ոճրագործի ձեռքով, այլ ոչ թե ինքնասպան եղել։ Ենթադրվել է, որ սպանվել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի ցուցումով կամ պալատի ներքին խարդավանքների հետևանքով։ Սպանության պահին եղել է 61 տարեկան և ամուրի։ 1882 թվականին հոկտեմբերի 29-ին Բժշկական միությունը մեծ շուքով կատարել է հուղարկավորությունը։ Թաղվել է Կ. Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանոցում։ Նրա դագաղի մոտ դամբանական են կարդացել բժիշկ Քիրիաքոն, Ռեթեոս Պերպերյանը, իսկ նրա մտերիմ Գրիգոր Օտյանը հրապարակել է «Ողբ ի վե­րայ բա­րե­կա­միս» մահախոսականը։

Գրականություն խմբագրել

  • Մազմանեան Գ., Դոկտոր Քեաթիպեան, «Անա­հիտ», Փարիզ, հունվար-ապրիլ։
  • Զարդարեան Վ., Յիշատակարան (1512-1933), հ. 3, Գահիրէ, 1933։
  • Զարդարեան Վ., Յիշատակարան (1512-1933), հ. 4, Գահիրէ, 1939 (կենսագրականը, մահվան վարկածը)։
  • Մեզպուրեան Ա., Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Իսթանպուլ, 1950։
  • Ստեփանյան Գ., Հակոբ Պարոնյան, Ե., 1964։
  • Հայկական սովետական հանրագիտարան, հ. 12, Երևան, 1986։
  • Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, Ե., 1997։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Փաշայան Ա.,, Տիտղոսակիր հայեր XV-XIX դարեր, Ե., 2001։
  • Փամուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։
  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2, Ե., 2007։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։