Հովհաննես Պուճիգանյան

հայ հրապարակախոս

Հովհաննես Պուճիգանյան (1874, Չնքուշ, Արևմտյան Հայաստան - 1915, Խարբերդ, Արևմտյան Հայաստան ), հայ կրթական գործիչ, հրապարակախոս, քարոզիչ, գրող, բարոյական գիտությունների պրոֆեսոր։ Ծնվել է Տիգրանակերտի շրջանի Չնքուշ գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստան), որտեղ և ստացել է նախնական կրթություն։ 1896 թ-ին փայլուն կերպով ավարտել է Խարբերդի «Եփրատ» քոլեջը, որտեղ և պաշտոնավարել է ավարտելուց անմիջապես հետո, մինչև 1906 թ։ Այնուհետև քոլեջի ղեկավարության կողմից ուղարկվում է Շոտլանդիա, Էդինբուրգի համալսարան, փիլիսոփայական և ընկերաբանական (սոցիոլոգիական) գիտություններում կատարելագործվելու նպատակով։ 1908 թ-ին, վերադառնալով Խարբերդ, «Եփրատ» քոլեջում ստանձնում է մտավոր և բարոյական գիտությունների ուսուցչապետի պաշտոնը։ Դասավանդում է հոգեբանություն, բարոյագիտություն, մանկավարժություն, տրամաբանություն, քաղաքական տնտեսագիտություն և փիլիսոփայության պատմություն։ Միաժամանակ նշանակվում է քոլեջի գիշերօթիկի ներքին տեսուչ։ Հիմնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան) Խարբերդի Օժանդակ Մասնաճյուղը և վարում քարտուղարությունը։ Աշխատակցել է «Բիւրակն», «Աւետաբեր», «Եփրատ» և «Լոյս» թերթերին։ Հեղինակել է «Ընտանիքի Վերլուծումներ» գիրքը։ Նահատակվել է 1915 թ. հունիսի 20-ին։ Հովհաննես ՊուՃիգանյանի անվամբ է կոչվում Նոր Խարբերդի ազգագրական թանգարանը։ Նրա անունը հիշատակվում և նկարը ցուցադրված է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ հայ նշանավոր մտավորական զոհերի շարքում։

Հովհաննես Պուճիգանյան
Դիմանկար
Ծնվել է1874 կամ 1873
ԾննդավայրՉնքուշ
Մահացել է1915
Մահվան վայրԽարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա
Մասնագիտությունհրապարակախոս

Կենսագրություն խմբագրել

Յովհաննես Պուճիգանյանը ծնվել է Տիգրանակերտի Չնքուշ գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստան) 1874 թ-ին։ Նա մեծ համբավ վայելող Յակոբ և Մարիամ Պուճիգանյանների ընտանիքի անդրանիկ զավակն էր։ Նախակրթարանի ուսուցիչները, նկատելով իր ու եղբայրների ուշիմությունը, համոզում են ծնողներին, որ նրանց ուղարկեն սովորելու Խարբերդի «Եփրատ» քոլեջում, որը եզակի դեր ուներ հայկական վեց նահանգների բնակչության կրթության գործում։ Ուստի ընտանիքը հաստատվում է Խարբերդում։ Հովհաննեսը 15 տարեկան հասակում ընդունվում է քոլեջ և երեք տարի ուսանելուց հետո ուսուցչության է անցնում Հյուսեյնիկ գյուղում։ 1894-ին վերադառնում է Խարբերդ և ավարտում ուսումը 1896-ին։ Հաջորդ 10 տարին պաշտոնավարում է նույն հաստատության մեջ՝ մեծապես գնահատվելով աշակերտների և քոլեջի վարչության կողմից։ 1906-ին ուղարկվում է Շոտլանդիա, որպեսզի ավելի հմտանա իր մասնագիտության մեջ։ Էդինբուրգի համալսարանում հոգեբանության, բարոյագիտության, փիլիսոփայության և տնտեսագիտության երեք տարվա դասընթացը ավարտում է երկու տարում՝ առաջին կարգի ավարտական վկայականով։ Իր ավարտական ճառով շահում է մրցանակ համալսարանի կողմից հայտարարված մրցույթում, որից հետո համալսարանի նախագահը հայտարարում է. «Եթե մեր համալսարանում հինգ աշխարհահռչակ անհատներ ենք ունեցել, մեկը հաստատապես Յովհաննես Պուճիգանյանն է»։ 1908-ին, մերժելով համալսարանում աշխատելու առաջարկը, վերադառնում է «Եփրատ» քոլեջ, որտեղ նրան շնորհվում է մտավոր և բարոյական գիտությունների ուսուցչապետի պաշտոնը։

Մինչև իր ձերբակալությունը՝ պրոֆ. Հովհ. Պուճիգանյանը դասավանդում է հոգեբանություն, բարոյագիտություն, մանկավարժություն, տրամաբանություն, քաղաքական տնտեսագիտություն և փիլիսոփայության պատմություն։ Միաժամանակ վարում է գիշերօթիկի ներքին տեսչությունը և իր կողմից հիմնված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Խարբերդի Օժանդակ Մասնաճյուղի քարտուղարությունը։ Ընտրվում է քոլեջի Վարչական ժողովի անդամ, Ուսուցչական մարմնի և Շրջանավարտների ժողովի քարտուղար։ Իր համբավը տարածված էր որպես «Խարբերդի Սոկրատ»։ Շուտով նա հրավիրվում է Բալու՝ դասախոսելու Միացյալ ընկերության կազմակերպած ուսուցիչների համար ամառային դասընթացներում, ինչպես նաև 1910-ին Սեբաստիա՝ Վարժապետանոցի ավարտական հանդիսության ժամանակ շրջանավարտներին ուղերձ տալու։

Կարդացել է բազմաթիվ բանախոսություններ՝ հանրության ընդհանուր զարգացման համար, տպագրել հոդվածներ «Բիւրակն», «Աւետաբեր», «Եփրատ» և «Լոյս» թերթերում։ Հեղինակել է «Ընտանիքի Վերլուծումներ» գիրքը։ Ամուսնացել է Մարիցա Թուֆենքջյանի հետ, և ունեցել վեց զավակ՝ երեք աղջիկ և երեք տղա։ Զավակները հավաքել են իր բոլոր աշխատությունները և ծննդյան հարյուրամյակի առթիվ՝ 1974-ին Բեյրութում հրատարակել «Ամբողջական Գործեր» խորագրով։

1912-ին, Հայ գրերի 1500-ամյակի և Տպագրության 400-ամյակի տոնակատարության առթիվ, որի կազմակերպիչներից մեկն էր Հովհաննես Պուճիգանյանը, «Եփրատ» քոլեջի աշակերտների, ուսուցիչների ու բազմահազար հայորդիների թափորը գլխավորում է Խարբերդից Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) և արտասանում հայրենաշունչ մի ճառ, որը երեք տարի անց, 1915 թ. կոտորածների ժամանակ, հանդիսացավ իր դեմ հարուցած «մեղադրանքի»՝ թուրքական պետության թշնամի, հիմքը։ Սաներին «հա՛յ ապրինք, հա՛յ մեռնինք» էր պատգամում, առանց գիտենալու, որ այդ խոսքերի համար շատ թանկ պիտի վճարի և անլուր չարչարանքների ենթարկվի։ Իրեն տանջող թուրքերից մեկը ասել է. «Ռումբդ այս պինդ գլխիդ մեջ է, ես այն պիտի պայթեցնեմ»։

1915-ի մայիսի 1-ին քոլեջի իր պաշտոնակիցների հետ բանտարկվել է։ Ոստիկանները տունը խուզարկելով տարել են բոլոր գրություններն ու գրքերը՝ որպես իր հանցավոր գործունեության ապացույցներ։ Գարշահոտ զնդանի մեջ բազմաթիվ բարբարոսական տանջանքներ կրելիս իր դահիճներին գոչել է. «Ի՞նչ իրավունքով...»։ Խարբերդի հոգեվոր, մտավոր, առևտրական ընտրանու հետ քշվել է Ծովք (Կէօլճիւկ) լճի ափը և Շապկահան ձորակում հունիս 20-ին դաժանորեն սպանվել։

Կրթություն խմբագրել

  • Նախակրթարան - Չնքուշ
  • Երկրորդական և բարձրագույն վարժարան - Խարբերդի «Եփրատ» քոլեջ
  • Համալսարան - Էդինբուրգ (Շոտլանդիա)

Գործունեությունը խմբագրել

  • Ուսուցիչ դպրոցում - 1893-1894 (Հյուսեյնիկի նախակրթարան)
  • Ուսուցչապետ համալսարանում - 1896-1906, և 1908-1915 (Խարբերդի «Եփրատ» քոլեջ)
  • Ներքին տեսուչ - Խարբերդի «Եփրատ» քոլեջի գիշերօթիկի
  • Քարտուղար - Խարբերդի «Եփրատ» քոլեջի Ուսուցչական մարմինի և Շրջանավարտների ժողովի
  • Քարտուղար - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Խարբերդի Օժանդակ Մասնաճյուղի
  • Դասախոս տարբեր լսարաններում, քարոզիչ եկեղեցիներում (Խարբերդ և շրջակայք)
  • Գրող և հրապարակախոս

Ուսումնասիրություններ խմբագրել

  • Մանուկը
  • Հանճարը
  • Տիպար կեանքը
  • Տիպար քաղաքացին
  • Տիպար ուսուցիչը
  • Գորդեան հանգոյցը կամ աշխատանքի հարցը
  • Ընկերվարութիւն
  • Խուժանին հոգեբանութիւնը
  • Խենդը
  • Ազգերու բախտախաղը

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ընտանիքի Վերլուծումներ» - աշխատություն
  • «Դեղագիր Կենաց» - չափածո

Մտորումներ խմբագրել

  • «Ընտանիքը անհատական կեանքի Օմեղան ու ընկերական կեանքի Ալֆան է։ Չուկէտն է ընկերային ամէն կարգի հիմնարկութեանց, ձուլարանը նկարագրի, ընկերային զեղծումներու ծորակը։ Ընտանիքը մարդկային ցեղի աճումին գործարանն է։ Վայր մը ուր բնազդն ու դատողութիւնը, հարկն ու սէրը իրարու հետ հաշտուած՝ կեանքի ներդաշնակութիւնը կը յօրինեն»։
  • «Ազգը՝ դարերու մէջ թափուած արեան գինն է»։
  • «Իրենց աջ ձեռքին մէջ Աստուած ու ձախ ձեռքին մէջ հայրենիք ունեցողները, իրենց սրտին մէկ բլթակին Աստուած ու միւս բլթակին մէջ հայրենիք կրողները, իրենց կեանքին ճակատը Աստուած ու յատակը հայրենիք քանդակողները միայն կրնան ճշմարտապէս ծառայել ազգին»։
  • «Եկեղեցին սիրտն է ազգային կենաց, ու երբ սիրտը հիւանդ է, ազգը մահամերձ է»։
  • «Ժողովուրդի մը հոգևոր ապագան կախուած է երիտասարդներու մտածելակերպէն։ Ի՞նչ կը մտածենք, ոսկիի դէզե՞ր... վաշխառուներ պիտի ունենանք։ Դիրքե՞ր... ինքնահաւաններու և հարստահարողներու լեգէոններ։ Հաճո՞յք... փափկացած անասուններ։ Մարդկութեան ծառայե՞լ... հոգևորապէս և բարոյապէս պիտի օրհնուինք Աստուծմէ»։
  • «Անկրօն երիտասարդութիւնը կ’ըլլայ անառակ երիտասարդութիւն, ու անառակ երիտասարդութիւնը ազգի մը գերեզմանափորն է»։
  • «Կրօնը գիտակից ձգտումն է դէպի տիեզերաց անհուն Էակը։ Կրօնը հին դարերէ ի վեր նուիրականութիւն մը ունեցած է, այնպէս որ ամենէն պզտիկներն իսկ պատկառանք զգացած են անոր հանդէպ։ Գիտութիւնը կրօնի թշնամի չէ։ Որչափ գիտութիւնը ծաղկի, ծաւալի, որչափ տիեզերքի երևոյթներն ու օրէնքները խուզարկուին, այնչափ աւելի վսեմ հաւատք մը, բարձր ըմբռնում մը կ’ունենանք Աստուծոյ ու բարոյականի վրայ»։
  • «Մամուլը ժողովուրդին բեմն է, դարերու պատգամատեղին, ժամանակի ու միջոցի յաղթանակը։ Մամուլը իմաստութեան աւանդատունն է, մարդկային փորձառութեան գանձարանը, գաղափարի առաքեալը։ Կառավարութիւնները անով կը կանգնին ու կը կործանին։ Մամուլը ճշմարտութեան մարգարէն է և ընկերային բարեշրջութեան անպարտելի գործօնը»։
  • «Անոնք որ կ’ուզեն ճնշել ուրիշին կարծիքը, խորհելով թէ սխալ կարծիք է, լռելեայն կը դաւանին իրենց անսխալականութիւնը, որը կասկածելի է»։
  • «Պէտք է իմաստութեամբ և աստիճանաբար ընդգրկել քաղաքակրթութեան նորագոյն ձևերը, զանոնք յարմարցնելով մեր միջավայրի պահանջներուն։ Պէտք է պահել մեր անհատականութիւնը և մեր ինքնատիպ առաւելութիւնը. պատուական պատմուճանները եվրոպական ցնցոտիներու հետ չփոխել»։
  • «Չկայ տիպար հայրենիք՝ առանց տիպար քաղաքացիներու։ Քաղաքացիին նկարագրէն վեր չի կրնար բարձրանալ հայրենիքը։ Մեր երկրին վերածնութիւնը իրականութիւն պիտի ըլլայ շնորհիւ տիպար քաղաքացիներու։ Պէտք է որ մեր երկրին առաջնորդները ըլլան տիպար քաղաքացի, և ամէն քաղաքացի ջանայ տիպար քաղաքացիին յատկանիշները մարմնացնել իր վրայ։ Առանց տիպար առաջնորդներու՝ ժողովուրդը դիակ մ’է, և առանց տիպար քաղաքացիներու՝ առաջնորդները ջախջախուած ուժեր։ Տիպար քաղաքացիներու և առաջնորդներու գործակցութիւնն է որ պիտի ստեղծէ տիպար հայրենիքը և մարմնացնէ ազատութեան, արդարութեան, հաւասարութեան ու եղբայրութեան անուշ անուրջը»։
  • «Կեանքը յաւիտենական չէ, աշխարհը մեր հայրենիքը չէ, մենք հոս պանդխտանալու եկանք»։

Աշակերտների վկայություններ խմբագրել

  • «Ան ճշմարիտ ուսուցիչ մըն էր. նախ՝ կարգ ու կանոնը պահել գիտէր, և յետոյ՝ իր ճիւղերուն դժուարահասկնալի և վերացական հարցերը կը ներկայացնէր այնքան պարզ ու հասկնալի ձևով, որ ուսանողներ լարուած ու հիացումով կը լսէին, և փափաքով կը սպասէին յաջորդ դասերուն։ Յարգելի փրոֆեսորը սքանչելի խօսող ու գրող էր։ Անթերի և կատարեալ հայերէնով իւրայատուկ ոճ մը ունէր՝ կարճ, կտրուկ նախադասութիւններով, որոնք գիտէր շաղկապել և նիւթին միութիւնը պահել։ Իր բանախօսութիւնները այնքան գրաւիչ էին, որ ուսանողներ հաճոյքով կը լսէին՝ որքան ալ երկար տևէին, որովհետև միշտ ծրագրուած ու խնամուած կը ներկայացնէր իր նիւթերը»։ Մատթէոս Տէր Մատթէոսեան
  • «Կորովի և ուղղամիտ, արդարութեան պաշտպան ու կեղծիքի թշնամի, խորին խորհող ու անյագ սորվող այս հոյակապ մշակը Խարբերդի Սոկրատն էր։ Կը ձաղկէր ու կը ծաղրէր սկեպտիկ մտայնութիւնը։ Իտէալապաշտ էր։ Բեմբասաց էր և ունէր չոր բայց հմտալից գրիչ։ Խիզախ էր ու անկեղծ՝ իր արտայայտութեանց մէջ։ Գոլէճի բեմէն սկզբունք քարոզեց և իր կեանքով անոր թիկունք կեցաւ։ Դպրոցէն դուրս ալ անխոնջ աշխատող մըն էր։ Ամէն կողմ ժողովուրդին բեմէն ժողովուրդին կը խօսէր։ Հզօր իմացականութեան մը հետ կը խառնուէր նկարագրի ոյժ ու տոկունութիւն։ Իր դասաւանդութիւնները չէին յոգնեցներ։ Իր շրթներուն կապուած կը մնային ամէնքը, և շուտ կը սահէին իր դասի պահերը։ Ճշդապահութեան ու մեթոտիկ դասաւանդութեան տիպար մըն էր։ Տղայոց Գոլէճի այս ազդեցիկ տեսուչը, աւա՛ղ որ իր իմացական հսկայ նուաճումներու կէս ճամբուն վրայ ինկաւ նահատակ։ Ինք սահմանուած էր մեր մեծագոյն դէմքերէն մէկը դառնալու»։ Նազարէթ Փիրանեան («Խարբերդի Եղեռնը»)

Աղբյուրներ խմբագրել

[1] [2] [3] [4] [5] [6] [7]

  1. Նազարէթ Փիրանեան (1937). «ԽԱՐԲԵՐԴԻ ԵՂԵՌՆԸ». Պոսթոն.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Յաբէթ Մ. Փիլիպպոսեան (1942). «ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԵՓՐԱՏ ԳՕԼԷՃԻ». Պոսթոն.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Մանուկ Գ. Ճիզմէճեան (1955). «ԽԱՐԲԵՐԴ ԵՒ ԻՐ ԶԱՒԱԿՆԵՐԸ». Ֆրէզնոյ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Վահէ Հայկ (1959). «ԽԱՐԲԵՐԴ ԵՒ ԱՆՈՐ ՈՍԿԵՂԷՆ ԴԱՇՏԸ». Նիւ Եորք.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Յովհաննէս Պուճիգանեան (1974). «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ». Պէյրութ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Երուանդ Հ. Քասունի (Յունիս, Յուլիս 2005). «Փրոֆ. Յովհաննէս Պուճիգանեան». Պէյրութ: «Ջանասէր». էջ 151.
  7. Արի Թօփուզխանեան (Ապրիլ 2011). «Տիպար Դաստիարակը՝ Փրոֆ. Յովհաննէս Պուճիգանեան». Փարիզ: «Նոր Յառաջ». էջ 4, 30.