Հովհաննես Պատկերահան
Հովհաննես Պատկերահան (Հովհաննես Էմիրի (Հովսեփի) 1695[1], Կեսարիա, Թուրքիա - փետրվարի 21, 1758[2], Ալբանո-Լացիլե, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա), հայ նկարիչ, կրոնական գործիչ։
Հովհաննես Պատկերահան | |
---|---|
Ծնվել է | 1695[1] |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մահացել է | փետրվարի 21, 1758[2] |
Մահվան վայր | Ալբանո-Լացիլե, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Պատկերահանը ծնվել է Կեսարիայում՝ 1695 թվականին, հայ մորից և մուսուլման հորից։ Չորս տարեկանում կորցրել է հորը և չորսամյա գտնվել մորաքրոջ և նրա վաճառական ամուսնու խնամքի տակ, նրանց հետ տեղափոխվել է Հալեպ, որտեղ գաղտնի մկրտվել է՝ մուսուլմանի անունը փոխարինելով Հովհաննես անունով։ Հալեպից տեղափոխվել է Տրիպոլի, ապա՝ Բեյրութ, Մարսել, և ի վերջո, Հռոմ, որտեղ դարձել է պապական պալատի հսկիչ-զինվոր։ Ստացած վարձատրության մի մասը հատկացրել է իր ուսումնառությանը և սկսել հմտանալ մանկուց սիրած նկարչության արվեստում։ Սերտ կապեր է ստեղծել Ալբանոյում (Հռոմի մոտ) հաստատված «Հիսուսի և Մարիամի նվիրյալ քույրեր» միաբանության և նրա հիմնադրուհի Մարիամ Մաջիորիի հետ։ 1718 թվականին Հռոմում ծանոթացել է Մխիթար Սեբաստացու հետ և որդիական սիրով ցկյանս կապվել նրա ու նրա միաբանության հետ։ Ամբողջ կյանքը զինվորության մեջ անցկացնելով հանդերձ, միշտ զբաղվել է սիրած գործով՝ սրբապատկերներ է նկարել հիմնականում Մխիթարյան վանքի և իտալացի կույսերի համար։
Նկարչությամբ զբաղվել է 13-14 տարեկանից։ 1720 թվականից ստորագրել է «Յովհաննէս Պատկերահան»։ 1716-1740 թվականներին նյութական ապահովության համար եղել է Հռոմի պապի զինվորը, ապրել Հռոմում, համագործակցել Վենետիկի Սուրբ Ղազար վանքի Մխիթարյան միաբանության հետ[3]։
Մխիթար Սեբաստացու և այլոց պատվերներով կատարել է մի շարք նկարներ («Աստվածամոր ծնունդը», 1719, «Գրիգոր Լուսավորիչ», 1720, «Ս. Անտոն Անապատական», 1741, «Ս. Բենեդիկտիոս», 1742, «Խաչելություն», 1742, բոլորը՝ Սուրբ Ղազար վանքում, «Ցավագին Տիրամայրը», Մարիա Մաջորե վանք, Ալբանո), որոնք օժտված են ռոմանտիկական շնչով, կոմպոզիցիայի, հեռանկարի ու գծանկարի խոր զգացողությամբ՝ կատարված նկարչական որոշակի սահմանափակումներով։ Պահպանվել են Հովհաննես Պատկերահանի ինքնակենսագրությունը, նամակները (Սուրբ Ղազար վանքի դիվան), կտակը և շիրիմը (Մարիա Մաջորե վանք, Ալբանո)։
Ստեղծագործություններ
խմբագրել- Աստվածամոր ծնունդը, 1719
- Գրիգոր Լուսավորիչ, 1720
- Սուրբ Անտոն Անապատական, 1741
- Սուրբ Բենեդիկտիոս, 1742
- Խաչելություն, 1742
- Ցավագին Տիրամայրը, Մարիա Մաջորե վանք, Ալբանո
Գրականություն
խմբագրել- Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը 17-18-րդ դարերում, Երևան, 1974։
- Ճեմճեմյան Ս., Յովհաննես Պատկերահան, «Բազմավեպ», 1986, № 1-4:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=12715
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Արտաքին հղումներ
խմբագրել- Վարդանյան, Յու. Հ. (1988) Հ. Սահակ Ճեմճեմյան, Հովհաննես Պատկերահան (1695—1758), Վենետիկ, Ս. Ղազար, 1987, 61 էջ։. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 12 . pp. 75-77. ISSN 0320-8117 Արխիվացված 2019-01-23 Wayback Machine
- Hovhannēs Patkerahan 1695-1758
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |