Հովհաննես Արքաեղբայր
Հովհաննես Արքաեղբայր (1220-ականներ[1], Կիլիկիայի Հայկական Թագավորություն - 1289[1]), հայ միջնադարյան գրավոր մշակույթի նշանավոր գործիչ, մանկավարժ-րաբունապետ, գրչության և մանրանկարչության արվեստների հովանավոր, բանաստեղծ, խմբագիր, գրիչ, ծաղկող։
Հովհաննես Արքաեղբայր | |
---|---|
Ծնվել է | 1220-ականներ[1] |
Ծննդավայր | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Մահացել է | 1289[1] |
Մասնագիտություն | մշակութային գործիչ, ուսուցիչ, հովանավոր, բանաստեղծ, խմբագիր, գրիչ և մանրանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Կոստանդին Գունդստաբլ[1] |
Կոստանդին արքահոր կրտսեր որդին, ծնված նրա Բեատրիչե կնոջից, ուստի Հեթում Ա թագավորի համահայր (բայց ոչ համամայր) կրտսեր եղբայրը, որից էլ՝ «Արքաեղբայր» մականունը։ Մկրտության անունը՝ Պաղտին։ Սովորել է Դրազարկի դպրոցում, իր եղբոր՝ տեղի առաջնորդ և հայտնի փիլիսոփա-երաժիշտ Բարսեղի և այլ րաբունապետների մոտ։ 1259 թ.-ին նշանակվել է Մոլևոնի և Բարձրբերդի գավառների հոգևոր առաջնորդ-արքեպիսկոպոս, հիմնադրել Դռների գրչության դպրոցը և դարձել նրա րաբունապետը։ Դռների և Ակների դպրոցները (տես Ականց անապատ) նրա աշակերտների շնորհիվ դարձել են Կիլիկիայի մշակութային խոշոր կենտրոններից՝ Հռոմկլայի, Սկևռայի և Դրազարկի դպրոցների հետ։ Ի տարբերություն մյուսների, այստեղ Հովհաննես Արքաեղբայրի մասնակցությամբ կատարվել են թարգմանություններ, հնագույն ձեռագրերի վերծանություններ և սրբագրություններ։ Հովհաննես Արքաեղբայրը մեծ ուշադրություն է դարձրել գրքի գեղարվեստական ձևավորմանը։ Նրա «դպրոցի» մանրանկարիչները մշակել են մի ոճ, որին բնորոշ է մարդկային մարմնի համաչափությունների ճիշտ վերարտադրությունը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը։ Հովհաննես Արքաեղբայրի «դպրոցը» սերտ կապերի մեջ է եղել Գլաձորի համալսարանի հետ։ Նրա աշակերտները բարձրագույն կրթություն են ստացել Գլաձորում, ձեռագրեր փոխանակել։ Նրա սաներից են՝ նշանավոր գրիչ և մանրանկարիչ Գրիգոր Պիծակը, գրիչ, մանրանկարիչ և որմնանկարիչ Ստեփանոս Վահկացին, Կոստանդին, Բարսեղ գրիչները։ Նրա հանձնարարությամբ Գևորգ Սկևռացին կատարել է մի քանի մեկնություններ։ Հովհաննես Արքաեղբայրը որպես գրիչ (1272, 1287 և 1289 թվականներին գրված ավետարանները), մասնակցել է մի շարք ընդօրինակությունների և միագույն զարդարել իր գրած ձեռագրերը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում Հովհաննես Արքաեղբայրից պահպանվել են իր ձեռքով գրած և ստացած շուրջ երկու տասնյակ ձեռագրեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 556)։ |