Հոսանքի քիմիական աղբյուրներ

Հոսանքի քիմիական աղբյուրներ, սարքեր, որոնք օքսիդավերականգնման ռեակցիայի քիմիական էներգիան ուղղակիորեն փոխարկում են էլեկտրականի։ Առաջին հոսանքի քիմիական աղբյուրները ստեղծվել են XIX դարում (Վոլտայի սյուն, 1800 թվականին, Դանիել-Յակոբիի էլեմենտ, 1836 թվականին, Լեկլանշեի էլեմենտ, 1865 թվականին։ Մինչև XIX դարի 60-ական թվականները դրանք էլեկտրաէներգիայի միակ աղբյուրներն էին էլեկտրական սարքերը սնուցելու և լաբորատոր հետազոտությունների համար։ Հոսանքի քիմիական աղբյուրները կազմված են երկու էլեկտրոդից (մեկը՝ օքսիդիչ պարունակող, մյուսը՝ վերականգնիչ), որոնց միջև կոնտակտը հաստատվում է էլեկտրոլիտով կամ էլեկտրոլիտով ծծեցված թաղանթ-անջատիչով։ Էլեկտրոդների միջև ստեղծվում է պոտենցիալների տարբերությունը՝ էլեկտրաշարժ ուժ (էլշու), որը համապատասխանում է օքսիդավերականգնման ռեակցիայի ժամանակ ազատ էներգիայի փոփոխությանը։ Հոսանքի քիմիական աղբյուրների աշխատանքը պայմանավորված է նրանով, որ արտաքին փակ շղթայի դեպքում բացասական էլեկտրոդի վրա վերականգնիչը օքսիդանում է, առաջացած ազատ էլեկտրոններն արտաքին շղթայով անցնում են դեպի դրական էլեկտրոդ և մասնակցում օքսիդիչի վերականգնման ռեակցիային։ Ըստ շահագործման յուրահատկությունների և էլեկտրա-քիմիական համակարգի (նյութերի և էլեկտրոլիտների ընդհանրություն) բնույթի, հոսանքի քիմիական աղբյուրները լինում են գալվանական էլեմենտներ, որոնք նյութերի ծախսվելուց (լիցքաթափումից) հետո դառնում են ոչ պիտանի, և կուտակիչներ, որոնցում նյութերը վերականգնվում են լիցքավորվելիս։ Այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ որոշ էլեմենտներ կարող են մասնակիորեն լիցքավորվել։ Հեռանկարային հոսանքի քիմիական աղբյուրներն են. էլեկտրաքիմիական գեներատորները, որոնք ընդունակ են տևական անընդհատ աշխատանքի, քիմիական ռեագենտների նոր բաժինների մշտական մատուցման և ռեակցիայի արգասիքների հեռացման շնորհիվ։ Հոսանքի քիմիական աղբյուրներում որպես օքսիդիչ նյութեր օգտագործում են ևն, վերականգնիչներ՝ և այլ մետաղներ, իսկ էլեկտրոլիտներ՝ ալկալիների, թթուների, աղերի ջրային լուծույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 549