Հոռոմի բերդ

Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց Շիրակի մարզում (Հայաստան)

Հոռոմի բերդ, մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակում հիմնադրված կիկլոպյան ամրոց Հոռոմ գյուղում (Հայաստան, Շիրակի մարզ)։ Այն անվանում են նաև Ուրարտական ցիտադել։

Հոռոմի բերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՇիրակի մարզ և Հոռոմ
Երկիր Հայաստան
Քարտեզ
Քարտեզ

Տեղադրություն խմբագրել

Հոռոմ (Խորոմ, Խորում, Խուրում, Օրոմ) գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Մանթաշ գետի ձախ ափին, Երևան-Գյումրի ավտոմայրուղու աջակողմում, ծովի մակերևույթից 1570 մ բարձրության վրա։

Գյուղը եզերող բլուրների վրա է գտնվում «Արծնաբերդ», տեղացիների բնորոշմամբ Ղալաչի (Ղալաիչի, այսինքն՝ միջնաբերդ) անունով հայտնի նախնադարյան ամրոց-քաղաքատեղին (բերդ-շեն)՝ շրջափակված կիկլոպյան պարիսպներով, բնակարան-քարայրներով։

Հիմնադրում խմբագրել

Բերդը հիմնադրվել է Ք. ա. 3-2 հազարամյակում, շրջակայքում հայտնաբերվել է հիշյալ պատմական ժամանակաշրջանին վերագրվող դամբարանադաշտ։ Այն այլ կերպ անվանվում է նաև Ուրարտական ցիտադել։ Այն գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցված կիկլոպյան շարվածքով հատվածներ։ Մոտավոր հաշվարկով՝ Հոռոմի պաշտպանական պարսպապատերի ընդհանուր երկարությունը կազմել է 7 կմ։ Նշված կառույցների ավերակների վերաբերյալ իրենց ուղեգրական նոթերում տեղեկություններ են ավանդել Ատրպետն ու Թ. Թորամանյանը, որոնք 1913 թվականի նոյեմբերին միասին եղել են Հոռոմում։

Ստուգաբանություն խմբագրել

Ըստ բանագետ Արամ Ղանալանյանի՝ տեղանվան ստուգաբանությունն ավանդական հիմք ունի. «Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։ Ղալաչի լեռան վրա նա հիմնել է մի ամրոց։ Այդ աղջկա անունով գյուղը կոչվել է Հոռոմ (Հռիփսիմե)»[1]։

1930-ական թվականներին Հայաստանի կիկլոպյան ամրոցներն ուսումնասիրող արշավախմբի անդամներից Ե. Բայբուրդյանը Հոռոմի ամրոցը հիշատակում է որպես մինչուրարտական և ուրարտական ժամանակաշրջանի կառույց։ Եվ ըստ այդ պեղումների փաստագրվել է, որ Հոռոմի ամրոցում առկա է հռոմեական մշակույթ։ Իննչից նա եզրակացրել է, որ Հոռոմ տեղանունը ծագում է Հռոմից[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին՝ մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը քարարկղային դամբարաններ։ Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով, հիմնականում՝ մեկ, երբեմն՝ երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր[3]։

Շինության հատակագիծը շրջապատված է կիսաբոլորակ աբսիդով և վարդաձև է։ Պատերը շարված են նախնական ձևի կիկլոպյան քարերով՝ արտաքուստ առանց նկատելի լինելու, ներքին երեսների վրա երևում են կրաշաղախ և կիսաբոլորակ աբսիդներից թվով ութը։ Շենքն ավելի շատ աշտարակի տպավորություն է թողնում, քան այլ նպատակի համար նախատեսված շինություն։

Պարսպից դուրս նկատելի է ընդարձակ հրապարակ, որի հատակը սալապատ է և այլ շինությունների հետքեր չկան։ Այդ հրապարակի վրա կան միայն մեծամեծ ժայռեր, որոնց վրա փորագրված են խորհրդավոր նշանագրեր (հետևյալ ձևով՝ ՈՍՈ), որոնցից յուրաքանչյուրի երկարությունը մինչև 50 սմ է, իսկ խորություն ու լայնությունը՝ 4-5 սմ։ Հոռոմի նախնադարյան ավերակ քաղաքը թերևս միակն է, որն իր մեջ պահել է հնագույն քաղաքակրթության նմուշներ, և որի հատակագիծն այսօր էլ կարելի է ստանալ աննշան շեղումներով[4]։

  Բոլոր նախնադարյան բերդաքաղաքների մեջ Հոռոմի բերդաքաղաքը միակն է թե իր մեծությամբ, թե բովանդակությամբ, և անկարելի է առանց ապշության դիտել, թե ինչպիսի մարդկային արտակարգ ուժ և միջոցներ են ի գործ դրել պարսպաքարերը միմյանց վրա բարձրացնելու համար։  

Ամրոցի պեղումներ խմբագրել

20-րդ դարի առաջին կեսին Հոռոմում հնագիտական-հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ն. Մառը[5], Բ. Խալաթյանցը, Բ. Պիոտրովսկին, Ա. Հաջյանը, Լ. Գյուզալյանը, Ե. Բայբուրդյանը և այլք[6]։

Պիոտրովսկու, Ա. Հաջյանի, Լ. Գյուզալյանի և Բայբուրդյանի կողմից հետազոտվել ու դասակարգվել են Շիրակի մի շարք ամրոց-բնակատեղիներ (Արթիկ, Ծաղկահովիտ, Հնաբերդ, Արևշատ, Սպանդարյան, Հոռոմ, Սառնաղբյուր և այլն), որոնց թվագրումն ըստ խեցեղեն նյութի և ճարտարապետական մանրամասների՝ հնագետները սահմանում են մ.թ.ա. I հազարամյակի առաջին դարերի միջակայքում։

Ե. Բայբուրդյանը մասնակցել է 1930-ական թվականներին Հայաստանի կիկլոպյան ամրոցներն ուսումնասիրող արշավախմբի աշխատանքներին։ Նմանատիպ կառույցների կազմում նա Հոռոմի ամրոցը հիշատակում է որպես մինչուրարտական և ուրարտական ժամանակաշրջանի կառույց։ Հնագետի համոզմամբ՝ Շիրակի տարածաշրջանում և հատկապես Հոռոմի ամրոցի պեղումներով փաստագրվում է հռոմեական մշակույթի առկայությունը, ինչը թույլ է տվել նրան կարծել, որ Հոռոմ տեղանունը ծագում է Հռոմից (Բյուզանդիա)[2]։

Պրոֆ. Բ. Խալաթյանցի՝ 1908 թվականին իրականացրած պեղումներով հայտնաբերվել են բազմաթիվ քարարկղային դամբարաններ (շուրջ 30), որոնցից ի հայտ եկած նյութերը թվագրվում են առավելապես մ.թ.ա. XI-VIII դարեր և սերտորեն աղերսվում են Արթիկից և Գյումրիից հայտնի առարկաներին (գտածոները պահվում են Էրմիտաժում)։

Հնագետ Տ. Խաչատրյանի՝ 1967 թվականի պեղումներով գտնված նյութերը վերաբերում են մ.թ.ա. III հազարամյակի վերջերին. խեցեղենը բեկորային է՝ սև, անփայլ, հիմնականում աննախշ տեսակի, իսկ աշխատանքային գործիքները պատրաստված են ծակոտկեն բազալտից և տուֆից (գտածոները պահվում են Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում)։

1914 թվականին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել է Թ. Թորոմանյանը։

Հոռոմում 1990-ական թվականներին լայնածավալ պեղումներ է իրականացրել նաև հայամերիկյան արշավախումբը (Ռ. Բադալյան, Ֆ. Կոլ)։ Ինչպես հնագետներն են փաստում, հուշարձանն ուշագրավ է նրանով, որ հստակ արտացոլում է Շիրակի պատմության հիմնական շրջափուլերը մ.թ.ա. IV հազարամյակի կեսերից մինչև մ.թ. I հազարամյակի կեսերը։ 1992-1993 թվականների պեղումներով պարզ է դարձել, որ այս «դասական հուշարձանի տարածքում եղել են՝ պալեոլիթյան կայան, վաղ բրոնզի դարաշրջանի բնակավայր և դամբարանադաշտ (Կուր-Արաքսյան մշակույթ), միջին բրոնզի դարաշրջանի բնակավայր (կարմիրբերդյան մշակույթ), ուշ բրոնզ-վաղ երկաթի դարաշրջանների ամրոց, բնակավայր և դամբարանադաշտ, ուրարտական շրջանի ամրոց, վաղ միջնադարյան ամրոց»[7]։

1997 թվականին բրոնզեդարյան դամբարանների պեղումներ է իրականացրել նաև հայ-գերմանական արշավախումբը։ 1914 թվականին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել է Թ. Թորոմանյանը։ Հայտնաբերվել են մեծ մասամբ մ.թ.ա. 3-1 հազարամյակների աննախշ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ և այլ իրեր։

Հոռոմի ամրոցն ու քաղաքատեղին զբոսաշրջային արշավների հետաքրքիր վայրերից է ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա այցելուների համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղանալանյան Ա., Ավանդապատում, Եր., 1969, էջ 185
  2. 2,0 2,1 Байбуртян Е., Последовательность древнейших культур Армении на основании археологического материала,Ер.,2011, с.72,78
  3. https://www.armgeo.am/horom_castle/
  4. Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.1, հ.2, Եր., 1942, 1948:
  5. ДОКЛАДНЫЕ ЗАПИСКИ Н. Я․ МАРРА О РАСКОПКАХ В АНИ (1893 г.)
  6. Аджян А., Гюзальян Л., Пиотровский Б., Циклопические крепости Закавказья, ГАИМК, 1932, с. 63.
  7. Քալանթարյան Ա., Մելքոնյան Հ., Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003 թթ. (հիմնական արդյունքները), Եր., 2005, էջ 54

Գրականություն խմբագրել