Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոն (այլ կիրառումներ)
Հոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Հոնազգիներ (Cornaceae)
Ցեղ Հոն (Cornus)
L., 1753

Հոն (լատին․՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։

Հայտնի է 4, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական (լատին․՝ Cornusmas)՝ տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բարձրությունը 4-8 մ է, պսակի տրամագիծը՝ 3-6 մ։ Երկարակյաց է։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները՝ երկսեռ, մանր՝ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի։

Նշանակություն խմբագրել

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղանյութեր[1]։ Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։

Պտուղներն օգտագործում են իբրև տուբերկուլյոզով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։

Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985