Հողային ծածկույթի կառուցվածք
Հողային ծածկույթի կառուցվածք, միմյանց հետ որոշակի գենետիկական և աշխարհագրական կապ ունեցող, բազմակիորեն կրկնվող հողային անհամասեռությունների կայուն զուգորդություններ, որոնք ստեղծում են տվյալ հողային ծածկույթի տարածական պատկերը։ Տարբեր հողային ծածկույթի կառուցվածքներ կազմված են՝
- հողային համալիրներում
- բծավորություններում
- զուգորդություններում
- խճանկարներում և այլ տարածական պատկերներում համախմբված տարրական հողային արեալներից (աշխարհագրական ամենափոքր օբյեկտներից)։
Բնորոշում
խմբագրելՀողային ծածկույթի կառուցվածքների ձևավորումը բնորոշվում է
- մեզո և միկրո ռելիեֆների համատեղ ազդեցությամբ
- հողագոյացնող ապարների ու բույսերի խմբերի տարածական հերթափոխությամբ
- կենդանիների գործունեությամբ
- հողածածկույթի վրա մարդածին գործոնի ազդեցությամբ։
Հողի էրոզիան և երկրորդական հողի աղակալումը հողային ծածկույթի կառուցվածքը դարձնում են ավելի բարդ և հակադիր, իսկ հողի մշակումը և ոռոգումը նպաստում են ավելի պարզ ու համասեռ հողային ծածկույթի կառուցվածքի ձևավորմանը։ Հողային ծածկույթի կառուցվածքի բնույթով մեծապես որոշվում են երկրագործության հնարավորությունները և հողային պաշաղների օգտագործման արդյունավետությունը։
Հայաստանում հողի շրջանացումը կատարվել է հողային ծածկույթի կառուցվածքի հաշվառմամբ, որը մեծ դեր է խաղում հողի տնտեսական գնահատման և հողի որակական գնահատման ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |