Հոհենակերիա անցողուն

բույսերի տեսակ
Հոհենակերիա անցողուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Hohenackeria
Տեսակ Հոհենակերիա անցողուն (H. exscapa)
Միջազգային անվանում
Hohenackeria exscapa

Հոհենակերիա անցողուն (լատին․՝ Hohenackeria exscapa), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա անցողուն բույս է, որի բարձրությունը 5–10 սմ է։ Տերևները գծային–նշտարաձև են։ Ծաղկաբույլը գլխիկանման է՝ տեղավորված համարյա արմատավզիկի մոտ։ Պտուղները խմբված են, հակաբրգաձև, դժվարությամբ մերիկարպների բաժանվող և ունեն 5–6 սմ երկարություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք, Կոշ, Ուջան, Վեդի)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Անատոլիայում և Հարավային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1500 մ բարձրությունների վրա, կավային քարքարոտ լանջերին, կիսաանապատում, տափաստանում, երրորդական կարմիր կավերի վրա։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքներ են՝ քաղաքաշինությունը, գյուղատնտեսական հանդակների ընդարձակումը, անասունների կողմից տրորումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.