Արմավիրի ջրանցք (նախկինում՝ Հոկտեմբերյանի ջրանցք), սկիզբ է առնում Արաքս գետից։ Կառուցվել է 1926-1930 թվականներին։ Մայր ջրանցքի երկարությունը 44 կմ է, սկզբնահատվածում թողունակությունը 30 մ3/վրկ-ն է։ Ջրանցքից սկիզբ է առնում առափնյա ճյուղը (15 կմ երկարությամբ), որի ջրանկման մասում կառուցված է Արմավիրի ՀԷԿ-ը։ Ջրանցքը հիմնականում անցնում է հողային հունով։ Ջրի ներծծման դեմ պայքարելու նպատակով վերջնամասում (10 կմ երկարությամբ) կատարվել են տղմակալման աշխատանքներ։ Ջրանցքի վրա կառուցված են ակվեդուկներ, դյուկերներ, հեղեղաթողներ, նաև պոմպակայաններ։

Հոկտեմբերյանի ջրանցք

Ոռոգում է մարզի 24 հազար հեկտար հողատարածություն (խաղողի և պտղատու այգիների, խորդենու, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային բույսերի դաշտեր), որի 50% -ից ավելին, մինչև 1930 թվականը ոռոգվում էր ուրարտական ժամանակաշրջանում կառուցված հին Սարդարապատի և այլ ջրանցքներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 524