Հոլոքոստը Նիդերլանդներում

Հոլոքոստը Նիդերլանդներում, հրեաների հետապնդումներն ու ոչնչացումը Նիդերլանդներում գերմանական օկուպացիայի ժամանակ՝ 1940 թվականի մայիսի 10-ից մինչև 1945 թվականի մայիսի 5-ը։ Կազմել է նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից հրեաների ոչնացման քաղաքականության մի մասը։

Նիդերլանդների տարածքում բնակվող 140 հազար հրեաներից կենդանի են մնացել միայն 27 հազարը, իսկ մնացածները սպանվել են[1]։

Հրեաները մինչպատերազմյան Հոլանդիայում խմբագրել

20-րդ դարի առաջին տասնամյակներում Նիդերլանդներն ու մասնավորապես Ամստերդամը եղել են հրեաների բնակության կարևոր կենտրոններ։ Ամստերդամի ու նիդերլանդական մյուս խոշոր քաղաքների հրեական համայնքներն արագորեն աճում էին[2]։

Օկուպացիայից առաջ Նիդերլանդներում ապրում էր շուրջ 140 հազար հրեա։ Նրանցից 121,4 հազարն ընդգրկված էր աշկենազների համայնքի կազմում, 4,3 հազարը՝ սեֆարդների, իսկ 12,4 հազարը կրոնական համայնքների անդամ չէին։ Դրանից բացի երկրում ապրում էին նաև 1900 մկրտված հրեաներ և շուրջ 30 հազար հրեա փախստականներ Գերմանիայից, Ավստրիայից ու Չեխոսլովակիայից[1]։

Նացիստական հետապնդումներից փախած հրեա ապօրինի ներգաղթյալների համար Նիդերլանդների կառավարությունը 1939 թվականի փետրվարին ստեղծել է ճամբար Վեստերբորկ քաղաքում, որը նացիստները հետագայում վերածել են համակենտրոնացման ճամբարի։ Փախստականների ճամբարը գոյատևել է հրեական «Հրեական հատուկ գործերի կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցներով[1]։

Դեպքերի ընթացք խմբագրել

Օկուպացիա խմբագրել

1940 թվականի մայիսի 10-ին գերմանական զորքերը ներխուժել են Հոլանդիայի տարածք, իսկ մայիսի 14-ին գերմանական ավիացիան ռմբակոծել է Ռոտերդամը։ Վիլհելմինա թագուհին ու կառավարության անդամները օդանավով մեկնել են Մեծ Բրիտանիա, իսկ մայիսի 15-ին հոլանդական բանակի գլխավոր հրամանատար գեներալ Հենդրիկ Վինկելմանն ստորագրել է կապիտուլյացիան։ Նույն օրը Գերմանիայից փախած շուրջ 200 հրեաներ ինքնասպանություն են գործել[2][3]։

Նիդերլանդներն օկուպացվել է, ստեղծվել է Գերմանիային հարող խամաճիկային կառավարություն Անտոն Մյուսերտի գլխավորությամբ։ Նիդերլանդների ռայխսկոմիսար է նշանակվել Արթուր Զեյս Ինկվարտը։

Հրեաների հետապնդում խմբագրել

Նացիստները սահմանափակել են հրեաների մասնակցությունը երկրի տնտեսությանն ու հասարակական կյանքին և պլանաչափորեն հետապնդել են նրանց 1940-1941 թվականների ընթացքում։ 1940 թվականի օգոստոսին հրապարակվել է որոշում, որ արգելում էր անասունների մորթի դաժան պրակտիկան և ուղղված էր հուդայականության կրոնական պահանջների դեմ։ Նույն թվականի սեպտեմբերին հրեաներին արգելվել է բնակվել մի շարք շրջաններում և զբաղվել որոշ մասնագիտություններով։ Հոկտեմբերին բոլոր պետական պաշտոնյաներին ստիպել են անցնել «արիական ատեստավորում», որի ընթացքում հրեաները հաշվառվում էին մյուս ծառայողներից առանձին։ Այդ նույն ժամանակ հրապարակվել է հրեաների սեփականության գրանցման հրաման, որ դարձել է սեփականազրկության առաջին քայլը։ Նոյեմբերին հրեական ծագում ունեցող բոլոր պետական աշխատողներն ու ուսուցիչներն ազատվել են աշխատանքից։ Շատ հոլանդացիներ բողոքել են այդ խտրականության դեմ, այդ թվում նաև հրապարակայնորեն[1][4]։

1941 թվականի հունիսին անցկացվել է բնակչության համընդհանուր գրանցում, որի շրջանակներում հրեաների անձնագրերում դրվել է «J» կնիք։ 1941 թվականի աշնանից հրեաներին արգելվել է հաճախել շատ հասարակական վայրեր, բռնագրավվել է նրանց ունեցվածքը[4]։ Փետրվարին գերմանացիների հանձնարարությամբ ստեղծվել է Հրեական խորհուրդը, որ սկզբում պատասխանատու էր Ամստերդամի, իսկ 1941 թվականի հոկտեմբերի 7-ից հետո՝ ողջ երկրի հրեաների համար[1]։

Սկսվել են բախումներ կոլաբորացիոնիստների՝ Նացիոնալ-սոցիալիստական շարժման անդամների ու հրեական ինքնապաշտպանության ջոկատների միջև։ Փետրվարին տեղի ունեցած այդպիսի մի բախման ընթացքում զոհվել է Նացիոնալ-սոցիալիստական շարժման ակտիվիստ Կոոտը։ Դրան ի պատասխան գերմանացիները փետրվարի 22-ին շրջապատել են Ամստերդամի հրեական թաղամասն ու պատանդ վերցրել 400 մարդ[5]։

 
Հոլանդացի հրեաներ Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարում

Հրեա պատանդներն ուղարկվել են Բուխենվալդ, ապա Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ զոհվել են իրենց ուժից վեր աշխատանքներից կամ դաժան ծաղրանքների ենթարկվելուց․ նրանցից կենդանի է մնացել միայն մեկ մարդ։ Դա դարձել է միջազգային սկանդալի պատճառ, քանի որ Նիդերլանդների հրեական խորհուրդը բողոք է ուղարկել չեզոք Շվեդիա, որը Գերմանիայից պահանջել է ստուգել Մաութհաուզենում կալանավորների գոյության պայմանները[5]։

1942 թվականին հետապնդումներն ուժեղացել են։ Մարտի 21-ին հրեաներին արգելվել է տեղափոխվել մեքենաներից, բացառությամբ շտապօգնության մեքենաների, նվաճողների ծառայողական տրանսպորտից ու դիակառքերից։ Մայիսի 8-ին հրապարակվել է հրաման, համաձայն որի վեց տարեկանից բարձր հրեաները պարտավոր էին կրել «դեղին աստղեր»։ Հունիսի 12-ին հրենաներին արգելվել է զբաղվել ֆիզկուլտուրայի և սպորտի ցանկացած ձևով շենքից դուրս, ոչ հրեական խանութներից գնումներ կատարել թույլատրվում էր միայն ժամը 15-17-ը[6]։ Գերմանացիներն ստեղծել են 42 աշխատանքային ճամբարներ հրեաների համար։ Այդ ճամբարներ են ուղարկվել շուրջ 7500 հրեաներ երկրի 85 քաղաքներից (2500 մարդ հետագայում ազատ է արձակվել)[7]։

Տեղափոխում մահվան ճամբարներ խմբագրել

1942 թվականի ամռանը նացիստներն սկսել են հրեաների զանգվածային ձերբակալություններ և նրանց ուղարկել մահվան ճամբարներ։ Վեստերբորկը դարձել է տրանզիտային ճամբար հրեաներին արևելք, հիմնականում Աուշվից 2 (Օսվենցիմ) և Սոբիբոր ուղարկելու համար։

Առաջին էշելոնն Օսվենցիմ է ուղարկվել 1942 թվականի հուլիսի 16-ին, վերջինը՝ 1944 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այդ ընթացքում 65 էշելոններով տեղափոխվել է 60 026 մարդ, որոնցից կենդանի է մնացել 1052-ը։ Համակենտրոնացման ճամբարաներում կենդանի է մնացել հոլանդացի հրեաների 22%-ը[8]։

Նիդերլանդների պետական ապարատի (պետական պաշտոնյաներ, ոստիկաններ, երկաթուղայիններ) արդյունավետ աշխատանքը նպաստել է հրեաների զանգվածային ոչնչացմանը[9][10]։

Դիմադրություն խմբագրել

Նիդերլանդներում դիմադրության հիմնական ձևը եղել են սաբոտաժները և դաշնակիցների բանակներին օգնություն ցուցաբերելը (մասնավորապես հետախուզական տեղեկատվության տրամադրում)։ Զանգվածային պարտիզանական պայքար, ինչպես Ֆրանսիայում, առավել ևս ինչպես Լեհաստանում և ԽՍՀՄ-ում, Նիդերլանդներում չի եղել[11]։ Սակայն հրեական երեք ընդհատակյա խմբեր Հոլանդիայում իրականացրել են դիվերսիաներ խճուղիներում։ Շուրջ հարյուր զինված ընդհատակայիններ լուրջ դիմադրություն են ցույց տվել նացիստներին նրանց կողմից Ամստերդամի այսպես կոչված «Հրեական թաղամասում» հետախուզություն անցկացնելիս։ Արդյուքնում նացիստներից կենդանի է մնացել միայն 7 մարդ[12]։

Նիդերլանդացի 7000 հրեաներ կռվել են դաշնակիցների բանակներում[13], նրանցից 3000-ը ծառայել է Նիդերլանդների բանակում[14]։

Բողոքներ և օգնություն հրեաներին խմբագրել

1941 թվականի փետրվարի 25-ին հոլանդական Դիմադրության շարժումը համընդհանուր գործադուլ՝ որպես բողոքի նշան ընդդեմ հրեաների կոտորածների ու հրեաներին պատանդ վերցնելու։ Գործադուլին մասնակցել է գրեթե ողջ Հոլանդիան, սակայն այն դաժանորեն ճնշվել է գերմանացիների կողմից։ Գործադուլի չորս առաջնորդները մահապատժի են ենթարկվել, հարյուրավոր մասնակիցներ ուղարկվել են բանտ կամ համակենտրոնացման ճամբարներ[15][5]։

1942 թվականի հուլիսի 11-ին երկրի քրիստոնեական բոլոր համայնքները ստացել են հեռագրեր քարոզի տեքստով, որ միասին կազմել էին բողոքական ու կաթոլիկ համայնքների առաջնորդները․ այն նախատեսվում էր կարդալ հուլիսի 26-ին։ Քարոզի տեքստում բողոք էր արտահայտվում ընդդեմ հրենաերի հետապնդումների։ Այն բանից հետո, երբ Զեյս Ինկվարտը սպառնում է, թե այդ քարոզի կարդալու դեպքում բոլոր մկրտված հրեաները կարտաքսվեն, բողոքական առաջնորդները չեղարկել են քարոզի ընթերցումը, իսկ կաթոլիկները կարդացել են։ 1942 թվականի հուլիսի 27-ից մինչև 31-ը չորս հազար կաթոլիկ հրեաներ արտաքսվել են արևելք[16]։

Շատ հոլանդացիներ, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, մասնակցել են հրեաների փրկությանը։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Նիդերլանդների 5516 բնակիչներ հրեաներին փրկելու համար Իսրայելի Աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ։ Լեհաստանից հետո Նիդերլանդներն զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի արդարակյացների ընդհանուր թվով[17]։

Ամստերդամում Հենրիետ Վաուտեն, Ժիզել Վիբերդինկ Զյոնլյայն ու ընդհատակի այլ ակտիվիստներ փրկել են հրեա երեխաներին, որոնք հավաքվել էին տրանզիտային ճամբար, իսկ հետո մահվան ճամբարներ ուղարկվելու համար[18]։

Առանձնահատուկ դեպք է գրանցվել Նիվլանդե գյուղում։ Բնակիչների ժողովը որոշել է, որ գյուղում ապրողներից յուրաքանչյուրը պետք է փրկի առնվազն հրեայի․ այդպիսով մատնության հավանականությունը հասցվել է նվազագույնի։ Գյուղի բոլոր չափահաս բնակիչները՝ 117 մարդ, ճանաչվել են աշխարհի արդարակյացներ։ Գործողության ղեկավարներն են եղել Յոհանես Պոստն ու Առնոլդ Դաուեսը[19]։

Հոլոքոստի հիշատակ խմբագրել

 
Գերցոգենբուշ համակենտրոնացման ճամբարում զոհված երեխաների հուշարձան

Ժամանակակից Հոլանդիայի հասարակության շրջանում Հոլոքոստի հիշատակը պահպանվում է մի շարք նպատակաուղղված ծրագրերի օգնությամբ։ Հոլոքոստի թեմայի արդիականացումը ձևակերպվում է որպես հանդուրժողականության դաստիարակություն։ Ստեղծվել են մի շարք թանգարաններ ու հուշարձաններ այդ թեմատիկայով, մասնավորապես Հրեական պատմության թանգարանն Ամստերդամում[20]։ Նիդերլանդներում, ինչպես նացիստների գործողությունների պատճառով տուժած եվրոպական այլ երկրներում, իրականացվում է Գյունտեր Դեմնիգի «Փորձաքարեր» նախագիծը։ Հատուկ հուշաքարեր են տեղադրվել Հոլանդիայի բազմաթիվ քաղաքներում[21]։

Նիդերլանդները Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման գործում համագործակցության միջազգային կազմակերպության անդամ է (ITF)[22]։

Հոլանդացի հրեաների շրջանում զոհերի մեծ տոկոսը (մի քանի անգամ ավելի շատ, քան Դանիայում ու Բելգիայում) դարձել է հրապարակային քննարկումների ու պատմագրական գրականության մեջ կատարվող հատուկ ուսումնասիրությունների առարկա։ Հոլանդիայում ակտիվորեն քննարկվել է Իս Վյոյսեի գիրքը, որում նա պնդում է, թե զանգվածային սպանությունների մասին հրեաներից բացի իմացել է նաև Լոնդոնում գտնվող Նիդերլանդների կառավարությունը, սակայն չի բարձրաձայնել այդ մասին։ Վյոյսեի կարծիքով՝ բարձրաձայնելը կարող էր էապես ազդել ստեղծված իրադրության վրա[23]։ Նանդա վան դեր Զեեն «Որպեսզի կանխվի վատագույնը» գրքում գրում է, թե Վիլհելմինա թագուհին Լոնդոնի Օրանժ ռադիոյով իր ելույթների ժամանակ չի հիշատակել հրեաների հետապնդումների մասին[10]։

Հայտնի զոհեր խմբագրել

Ամստերդամում գտնվող ընդհատակյա ապաստարանում է իր օրագիրը գրել Աննա Ֆրանկը, ով հետագայում ընկել է նացիստների ձեռքն ու զոհվել Բերգեն Բելզեն համակենտրոնացման ճամբարում։ Հայտնի է նաև Օսվենցիմում զոհված Էտտի Հիլեսումի օրագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Նիդերլանդներ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. 2,0 2,1 Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 81
  3. Presser, 1985, էջ 15
  4. 4,0 4,1 Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 82
  5. 5,0 5,1 5,2 Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 83
  6. Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 84
  7. Encyclopaedia Judaica, 2007, էջ 105
  8. Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 32
  9. Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 95
  10. 10,0 10,1 «De Groene Amsterdammer - Een hollandse historikerstreit» (հոլանդերեն). groene.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  11. Романовский Д. Еврейское сопротивление Холокосту в Западной Европе // Лехаим : журнал. — Апрель 2007. — В. 4 (180).
  12. Маляр И. И. «Вклад евреев в победу над нацизмом». Курс «Катастрофа европейского еврейства». Открытый университет Израиля. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. Զինվորական ծառայություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. «Статистика участия евреев в войне по странам мира». Музей еврейского воина Второй мировой войны. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
  15. Поскакухин А. (26 февраля 2008). «В Амстердаме состоялся митинг памяти об антифашистской забастовке». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  16. Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 88
  17. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  18. «Генриетт Вауте и Жизела Вибердинк-Зёнляйн». Яд Вашем. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  19. «Мемориал жителям деревни Ньюланде (Nieuwlande)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 5,20,31
  21. «Struikelstenen in Nederland» (հոլանդերեն). struikel-stenen.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  22. «Holocaust Education, Remembrance, and Research in The Netherlands». holocausttaskforce.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  23. Дослідження та викладання історії Голокосту, 2010, էջ 31

Գրականություն խմբագրել

  • Дослідження та викладання історії Голокосту. Україна, Нідерланди, Бельгія. Збірник матеріалів міжнародного проекту «Історія Голокосту в Україні та Нижніх Землях». — Киiв: Дух i Лiтера, 2010. — 396 с. — ISBN 978-966-378-145-7
  • Abel Jacob Herzberg. Kroniek der jodenvervolging, 1940-1945. — 3. — Meulenhoff, 1978. — 283 p. — ISBN 9789029009676 (նիդեր.)
  • Jacques Presser. Ondergang De vervolging en verdelging van het Nederlandse jodendom 1940-1945. — Gravenhage, 1985. — Т. 1-2. — ISBN 9789012048934 (նիդեր.)
  • Yohanan Meroz. Netherlands, the // Encyclopaedia Judaica / Ed. Fred Skolnik, Michael Berenbaum. — Second edition. — Macmillan Reference USA, 2007. — Vol. 15 (Nat-Per). — P. 93-110. — ISBN 978-0-02-865943-5.

Արտաքին հղումներ խմբագրել