Հոլանդական անկյուն (անգլ.՝ Dutch Angle, ինչպես նաև` գերմանական անկյուն), տերմին, որ բնորոշում է լուսանկարի կամ ֆիլմի համար օգտագործվող հատուկ հնարք։ Այս հնարքը հաճախ օգտագործվում է ցույց տալու համար հերոսի հոգեկան անհանգստությունը կամ լարված դրությունը։ Հոլանդական անկյունն ստացվում է այն ժամանակ, երբ տեսախցիկը թեքված է այնպես, որ հորիզոնը զուգահեռ չլինի կադրի ներքևի կողմին։ Հոլանդական անկյունից նկարահանված կադրերի մեծ մասը ստատիկ են։ Տեսախցիկը շարժման մեջ կարող է պտտվել, գնալ դերասանի հետևից կամ շարժվել ռեժիսորի կամ օպերատորի տված անկյունագծով։ Հոլանդական անկյունով նկարահանված կադրերը սովորաբար այնպես են մոնտաժվում, որ հորիզոնի շրջվածությունը հաջորդական լինի։ Օրինակ, նախ լինի թեքվածություն դեպի ձախ, հետո` դեպի աջ, ու այդպես շարունակ։

Հատուկ կառուցվածքով շտատիվի գլխիկ, որ թույլ է տալիս թեքել տեսախցիկը ստեղծագործական մտահղացմամբ պահանջվող անհրաժեշտ անկյունով

Այդօրինակ դիտանկյունը հաճախ օգտագործվում է գերմանական էքսպրեսիոնիզմի ոճով նկարահանված ֆիլմերում` ցուցադրելու խելագարություն, անհանգստություն, արտասովորություն և ապակողմնորոշում։ Համարվում է, որ այստեղից է ծագել հնարքի անվանումը։ Անգլերենում Deutsch (գերմաներեն) բառը հաճախ է շփոթվում Dutch (հոլանդերեն) բառի հետ, որն ունի նման ծագում և արտասանություն։

Հոլիվուդ հասած գերմանական էքսպրեսիոնիզմի վետերանները լայնորեն կիրառել են սուր անկյունից նկարահանումը սարսափ և նեո նուար ֆիլմերում։ Սա նուարյան գեղագիտության ամենատարածված ոճական հնարքներից է։ Օրինակ, 1949 թվականին այս ոճով նկարահանված «Երրորդ մարդը» ֆիլմում լայնորեն կիրառվել են հոլանդական անկյունից նկարահանված կադրեր` ընդգծելու համար հերոսի օտարացումը բոլորից, ովքեր նրան շրջապատում էին այլ երկրում։

Dutch head սարքավորում խմբագրել

Կինոնկարահանման շտատիվների գլխիկների մեծ մասը թույլ չեն տալիս կադրը հորիզոնի համեմատ իջեցնել։ Այդ պատճառով այդպիսի կադրեր ստանալու համար օգտագործվում է հատուկ Dutch Head սարքավորում, որը տեղադրվում է տեսախցիկի ու շտատիվի գլխիկի մեջ[1]։ Այդպիսի սարքավորումները հիմնականում թույլ են տալիս սահուն կարգավորել տեսախցիկի թեքությունն ու փոփոխել դա անգամ նկարահանման ընթացքում։

Հոլանդական Անկյունի լուսանկարների պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • М. Ю. Малкин Штативы и головки(ռուս.) // «Техника и технологии кино» : журнал. — 2008. — № 1.