Հնդկացիների ցեղասպանություն, Ամերիկայի բնիկների թվաքանակի կրճատումը եվրոպական գաղութարարների ու նրանց սերունդների գործողությունների հետևանքով (ներառյալ մարդկանց մահերը նաև նրանց բերած հիվանդությունների հետևանքով)։

Հնդկացիները դիմավորում են Կոլումբոսին (հնագույն փորագրանկար)
Աթաուալպայի մահապատիժը

Լատինական Ամերիկա խմբագրել

Ամերիկայի գաղութացումն իրականացվել է Ամերիկայի բնիկների՝ իրենց հայրենի տարածքներից վտարման և նրանց ոչնչացման միջոցով։

1492 թվականի օգոստոսի 3-ին Քրիստափոր Կոլումբոսը դուրս է եկել Պալոս դե լա Ֆրոնտերա քաղաքից երեք նավերով՝ «Նինյա», «Պինտա» և «Սանտա Մարիա»՝ նպատակ ունենալով գտնել դեպի Հնդկաստան տանող ճանապարհը։ Յոթանասուն օր լողալուց հետո նա հասել է նոր, դեռևս անհայտ մայրցամաքի մի քանի կղզիների։

Հոկտեմբերի 12-ին Կոլումբոսը 90 մարդուց բաղկացած իր անձնակազմի հետ ափ է իջել Բահամյան կղզիներից մեկում։ Նույն օրը տեղի է ունեցել առաջին հանդիպումը կղզու տեղաբնակների հետ։ Իր անձնական օրագրում այդ օրը Կոլումբոսը կատարել է գրառում առաջին տպավորությունների մասին.

«Այս մարդին ոչնչի կարիք չունենին։ Նրանք հոգ էին տանում իրենց բույսերի մասին, հմուտ ձկնորսներ էին, կանոեիստներ ու լողորդներ։ Նրանք կառուցում էին գեղեցիկ կացարաններ ու դրանք պահում մաքուր։ Գեղագիտական տեսանկյունից նրանք ինքնադրսևորվում էին փայտի օգնությամբ։ Նրանք ունեին ազատ ժամանակ, որ զգաղվեն գնդակ խաղալով, պարերով ու երաժշտությամբ։ Նրանք ապրում էին խաղաղության ու բարեկամության մեջ։ ...Այս մարդիկ շրջում են մորեմերկ, բայց բարեհոգի են... նրանց կարելի է դարձնել ազատ ու փոխել մեր Սուրբ Հավատին։ Նրանցից կստացվեն լավ ու հմուտ ծառաներ»[1]։

Հետագայում Կոլումբոսը նավային մատյաններում բազմիցս նկարագրել է կղզիների գեղեցկությունն ու նրանց բարյացակամ, երջանիկ, խաղաղասեր բնակիչներին, իսկ առաջին հանդիպումից երկու օր անց՝ նույն թվականի հոկտեմբերի 14-ին, նավային մատյաններից մեկում կատարվել է հետևյալ գրառումը.

«50 զինվորը բավական են նրա համար, որ հնազանդեցնեն նրանց բոլորին և ստիպեն կատարել այն ամենը, ինչ մենք ենք ուզում։ Տեղի բնակիչները մեզ թույլ են տալիս գնալ այնտեղ, ուր մենք ենք ուզում, և տալիս են այն ամենը, ինչ մենք նրանցից խնդրում ենք»[1]։

1493 թվականի մարտի 15-ին Քրիստափոր Կոլումբոսը վերադարձել է Իսպանիա։ Իր առաջին ճանապարհորդությունից նա իր հետ տարել է բույսեր, կենդանիներ և վեց հնդկացիների[2]։

1493 թվականի սեպտեմբերի սեպտեմբերի 25-ին Կոլումբոսն ուղևորվել է Ամերիկայ երեք կարակներով, 17 կարավելլաներով, որոնց տախտակամածին կար 1500 մարդ։ Հենց նրանց կողմից է Նոր աշխարհ տարվել անգլիական մաստիֆների ու գրեյհաունդների մեծ խմբաքանակ, որոնք վարժեցված են եղել մարդկանց վրա հարձակվելու։ Կատարվել են նաև զանգվածային մահապատիժներ կախաղանի միջոցով, կազմակերպվել են պատժիչ արշավանքներ[3]։

Երկրորդ ճանապարհորդության ընթացքում Կոլումբոսն զբաղվել է ոսկու և «չինական մեծ խանության» որոնմամբ Կուբայի հարավային ափերի երկայնքով, ինչպես նաև զբաղվել է հնդացիներին ստրկության վաճառելով։ Արքեբուզներով զինված և մարտական շների ուղեկցությամբ հեծյալ ջոկատը շրջել է հնդկացիների գյուղերում՝ ոսկու հետ փոխարինում կատարելու նպատակով։ Դիմադրության հանդիպելու դեպքում իսպանացիները ուժով վերցրել են ոսկին և ստրկացրել մարդկանց։

Դեպի Նոր աշխարհ թագավորական էքսպեդիցիայից հետո Իսպանիայում հայտնվել են ոսկու բազմաթիվ «որսորդներ», որոնք կազմակերպել են մասնավոր արշավախմբեր։ Իսպանական միապետությունը նրանցից վերցրել է 1/3 մասը, իսկ ավելի ուշ՝ 1/5[4]։ Թագավորները գաղութարարներին հատկացրել են հողեր և նրանց թույլ են տվել այնտեղ ապրող բնիկներին ստիպել ցանել դաշտերն ու բանջարանոցները «նոր տերերի» համար։ Իսպանացիները ոչ միայն սահմանել են օրենքներ, որոնցով հնդկացիներին դատապարտել են մահվան, այլև հաճախ գրազ են եկել, թե ով կարող է սրի մի հարվածով մարդու մարմինը բաժանել երկու մասին վերևից ներքև։ Սպանված մեկ իսպանացու դիմաց սպանվել է հարյուր հնդկացի[5]։ Շներին մայրցամաք տանելուց հետո իսպանացիները նրանց կերակրել են սպանված հնդկացիներով[5][6]։ Պահպանված մի նամակում, որ գրվել է իսպանացու կողմից, գրված է.

 
Հնդկացի երեխաներով շներին կերակրող իսպանացի, շուրջ 1495 թվականի

...Երբ ես վերադարձա Կարթագենից, ես հանդիպեցի Ռոխե Մարտին անունով մի պորտուգալացու։ Նրա տան սանդղամուտքում կախված էին հնդկացիների մարմնի կտրատված մասեր շներին կերակրելու համար, կարծես թե նրանք վայրի գազաններ լինեին...[7]

Այդ ճանապարհորդության ընթացքում Իսպանիոլա է գնացել Բարտոլոմե դե Լաս Կասասը։ Տեղի բնակիչների, ինչպես նաև հենց իսպանացիների վիճակը նա գնահատել է որպես սարսափելի և Իսպանիա վերադառնալուց եհոտ միապետին զեկուցել է Կոլումբոսի և նրա եղբայրների՝ գործերի վարման վատ վիճակի մասին։ Հետագայում նա բազմիցս կանգնել է ի պաշտպանություն Ամերիկայի բնիկների։ Նրա «Համառոտ ռազմազեկույց Հնդկաստանի ավերման մասին» (իսպ.՝ Brevísima relación de la destrucción de las Indias) գրքում, որ հրատարակվել է 1552 թվականին, բերվում են վայրագությունների վառ օրինակներ, որ կատարվել են կոնկիստադորների կողմից Ամերիկայում, մասնավորապես Կարիբյան կղզիներում, Կենտրոնական Ամերիկայում և այն տարածքներում, որոնք ներկայում պատկանում են Մեքսիկայում, դրանց թվում կան բազմաթիվ իրադարձություններ, որոնց ականտեսն է եղել ինքը, ինչպես նաև որոշ դեպքեր, որոնք նա ներկայացնում է ըստ ականատեսների խոսքերով։ Մեծ մասամբ նրա ջանքերի շնորհիվ 1542 թվականին ընդունվել են Նոր օրենքներ գաղութներում հնդկացիների պաշտպանության օգտին։

Ավելի ուշ իսպանական միապետները ստուգման համար ուղարկել են Խուան Ագուադոյին, որը 1495 թվականի վերջին զեկուցել է գաղութարարների դաժան քաղաքականության պատճառով հնդկացիների շրջանում տիրող մահացության բարձր մակարդակի մասին։ Կոլումբոսը հրապարակել է օրենք, որը 14 տարեկանից մեծ բոլոր հնդկացիներին պարտադրել է երեք ամիսը մեկ իսպանացիներին վճարել հարկ ոսկով կամ 25 ֆունտ բամբակ (այն շրջաններում, որտեղ ոսկի չկար)։ Այդպիսի «հարկ» վճարած մարդուն տրվում էր պղնձե ժետոն վերջին վճարման ամսաթվով։ Այդպիսով՝ ժետոնը հնդկացու ապրելու իրավունքը երկարաձգել է երեք ամսով։ Եթե հարկի վճարման օրն անցել է, ապա կտրել են հնդկացու երկու ձեռքերի դաստակները, կախել դրանք նրա վզից և ուղարկել մեռնելու իր գյուղում[5]։

 
«Պերուի ժամանակագրություն» գրքի առաջին մասը, որում առաջին անգամ նկարագրվել են Հարավային Ամերիկայի էթնոսները (1553)

Օրենքի պահանջը կատարելը եղել է անիրական, քանի որ հնդկացիները պետք է դադարեցնել իրենց դաշտերի մշակումն ու որսորդությունը և զբաղվեին միայն ոսկու որոնմամբ։ Սկսվել է սով։ Թուլացած ու բարոյալքված հնդկացիները մնացել են անպաշտպան եվրոպացիների բերած վարակների դեմ[8]։

1498 թվականին ուժի մեջ է մտել իսպանացիների համար հնդկացիների հարկադիր աշխատանքի մասին օրենքը։ Դրա համար առիթ է ծառայել ոսկի հավաքելուց և հնդկացիներին ստրկության վաճառելուց ստացվող շահույթի անբավարար լինելը[9]։

1539 թվականի հուլիս-սեպտեմբերին կոնկիստադոր Ֆրանսիսկո դե Չավեսը հողին է հավասարեցրել Կարուա Կոնչուկոս թագավորությունը, որը մինչև 1533 թվականը մտնում էր Ինկերի կայսրության կազմի մեջ (կոնչուկո ժողովուրդն զբաղեցրել է այն տարածքը, որտեղ ներկայում գտնվում են Պերուի Անկաշ դեպարտամենտի հյուսիսում գտնվող Պալասկա և Կորոնգո պրովինցիաները) և սպանել մինչև երեք տարեկան 600 երեխաների, որը դարձել է երեխաների ամենազանգվածային սպանությունը պատմության մեջ[10]։

1598 թվականին, ի պատասխան իսպանացի 11 զինվորների սպանության, դոն Խուան դե Օնատեն կատարել է պատժիչ արշավանք և Ակոմա լեռան (իր անունը լեռն ստացել է այնտեղ ապրող ցեղի անունից) մոտ եռօրյա մարտում ոչնչացրել 800 հնդկացիների և հրամայել կտրել 25 տարեկանից մեծ բոլոր տղամարդկանց ձախ ոտքերը[11]։

1835 թվականին նախորդած տարիների ընթացքում բրազիլական կառավարությունը փորձել է իրեն ենթարկել հնդկացիներին՝ ստեղծելով «տեղական կառավարություն»։ Արդյունքում բռնկվել է մի քանի ցեղերի ապստամբություն Բելեմում, որը ճնշվել է[12]։

Ամազոն գետի դելտայում բնակվող յանոմամի ցեղի հնդկացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառը եղել է այդ տարածքի՝ օգտակար հանածոներով հարուստ լինելը։ Մեծ թվով հնդկացիներ են զոհվել այն վարակների պատճառով, որ բերել են շինարարներն ու զինվորները։ Ներկայում յանոմամի ցեղի ներկայացուցիչների թվաքանակը կազմում է շուրջ 500 մարդ. 1974 թվականին նրանց թվաքանակը կազմում է մոտավորապես 2000 մարդ[12][13]։

Հյուսիսամերիկյան գաղութներ խմբագրել

1637 թվականի մայիսի 26-ին անգլիացի գաղութարարները Ջոն Անդերհիլի գլխավորությամբ և մոհիկանների ու նարագանսետների ցեղի աջակցությամբ հարձակվել են պեկոտների ցեղի գյուղի վրա (ժամանակակից Կոնեկտիկուտ նահանգի տարածքում) և կենդանի այրել մոտավորապես 600-700 մարդ։

1740 թվականին ֆրանսիացի մի ճանապարհորդ գրել է.

...Հարյուրավոր մղոններ գետափեր առանց մարդկային կյանքի հետքերի ու երբեմնի ծաղկուն գյուղեր, որոնք ամայացվել են ու դատարկ են[12]։

ԱՄՆ-ի անկախության պատերազմի ժամանակ՝ 1782 թվականի մարտի 8-ին, 96 մկրտված հնդկացիներ սպանվել են Փենսիլվանիա նահանգի ամերիկյան ժողովրդական աշխարհազորայինների կողմից։ Այդ դեպքը տեղի է ունեցել մորավիական եղբայրների՝ Գնադեհյութեն կոչվող միասիայում, որը տեղակայված էր ներկայիս Օհայո նահանգի Գնադենհյութեն քաղաքի մոտ։

ԱՄՆ խմբագրել

Հեղափոխական պատերազմի և ԱՄՆ-ի անկախության հռչակումից հետո հազվադեպ չեն եղել զինված բախումները վերաբնակիչների ու հնդկացիների միջև։ Որոշ իրադարձություններ աչքի են ընկել դաժանությամբ ու ողբերգականությամբ և ստացել են լայն հայտնիություն։ 1774 թվական ապրիլի 30-ին տեղի է ունեցել կոտարածը Դեղին առվակի մոտ (ժամանակակից Ուելսվիլի մոտ, Օհայո նահանգ)։ ԱՄՆ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչների ու հնդկացիների հետ լարված հարաբերությունների և պարբերական կոնֆլիկտների ժամանակաշրջանում 22-30 վիրջինիացի սահմանամերձ վերաբնակիչների խումբը, որի գլուխ կանգնած էր Դենիել Գրեյթհաուզը, սպանել են առնվազն տասը հնդկացիներ մինգո ցեղից, որոնց թվում էին ցեղի առաջնորդ Լոգանի եղբայրը, և որոշ տվյալներով՝ նրա կինը, զարմիկն ու քույրը։ Լոգանի սպանված քրոջ՝ Կունայի հետ եղել է նրա երկու ամսական դուստրը, որին թողել են կենդանի ու փոխանցել հայր Ջոն Գիբսոնին, որն այդ ժամանակ ամենահայտնի սպիտակամորթ առևտրականներից մեկն էր տարածաշրջանում և հետագայում դարձել է Ինդիանայի տարածքի կառավարիչը։ 1825 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը իր որոշումներից մեկում ձևակերպել է Հայտնաբերման դոկտրինան, որի համաձայն՝ «հայտնաբերված» տարածքներում հողերը պատկանում են նրանց, որոնք դրանք հայտնաբերել են, իսկ բնիկները պահպանում են այնտեղ ապրելու իրավունքը, բայց չունեն սեփականության իրավունք հողերի նկատմմաբ։ Այդ դոկտրինայի հիման վրա արդեն 1830 թվականին ընդունվել է Հնդկացիների վերաբնակեցման մասին օրենքը, որի զոհ են դարձել Հինգ քաղաքակիրթ ցեղերը։

1860 թվականի փետրվարի 26-ին Ինդիան Այլենդ կղզում՝ հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ, վեց տեղաբնակներ՝ հողատերեր ու գործարարներ, իրականացրել են վիյոտ ցեղի հնդկացիների կոտորած՝ կացիններով ու դանակներով սպանելով առնվազն 60 կամ հավանաբար ավելի քան 200 կանանց, երեխաների ու ծերերի[14][15]։

1867 թվականին հրապարակվել է հնդկացիներին արգելաթաղերում վերաբնակեցնելու մասին օրենքը։

Հնդկացիական արգելաթաղերը (ռեզերվացիաներ) հաճախ ստեղծվել են գյուղատնտեսության համար ոչ պիտանի վայրերում։ Մեծ արգելաթաղեր են տեղակայված եղել Արիզոնա նահանգի Կոլորադո սարահարթում (նավահների ցեղ), Յուտա նահանգի հյուսիսի լեռներում, Հյուսիսային Դակոտա և Հարավային Դակոտա նահանգների Մեծ հարթավայրերում, Միսսուրի գետի հովտում (սիու ցեղի հնդկացիներ), Վայոմինգ նահանգի միջլեռնային սարահարթում և Մոնտանա նահանգում՝ Կորդիլերների նախալեռներում (շայեններ)։ Մեծ թվով արգելաթաղեր են գտնվել ԱՄՆ-ի և Կանադայի սահմանի երկայնքով։

1890 թվականի դեկտեմբերի 29-ին Հարավային Դակոտա նահանգի Վունդեդ Նի քաղաքի ծայրամասում ԱՄՆ բանակի կողմից լակոտա ցեղի զինաթափման ընթացքում տեղի ունեցած պատահական կրակոցից հետո սկսված անկանոն հրաձգության արդյունքում զոհվել է շուրջ 150 հնդկացի, իսկ շուրջ 50-ը վիրավորվել է։ Այդտեղ հնդկացիները հավաքվել էին, որ անցկացնեն իրենց շրջանում ժողովրդականության վայելող «հոգիների պարը»[16]։

19-րդ դարում տեղի է ունեցել բիզոնների լայնամասշտաբ ոչնչացում, ինչը թուլացրել է պրերիաների բազմաթիվ ցեղերի։ Ըստ ուսումնասիրողների գնահատականների՝ 1800 թվականին բիզոնների թվաքանակը կազմել է 30-40 մլն կենդանի, իսկ դարավերջին նրանք գրեթե ամբողջությամբ ոչնչացված են եղել. մնացել է հազարից էլ քիչ կենդանի[17][18][19]։ Ամերիկյան գեներալ Ֆիլիպ Շերիդանը գրել է. «Բիզոնների որսորդները վերջին երկու տարվա ընթացքում ավելի շատ բան են արել հնդկացիների սուր խնդրի լուծման համար, քան ամբողջ կանոնավոր բանակը վերջին 30 տարում։ Նրանք ոչնչացնում են հնդկացիների նյութական բազան։ Ուղարկեք նրանց վառոդ ու կապար, եթե պետք է, և թույլ տվեք նրանց սպանել, հանել կաշիներն ու վաճառել դրանք, մինչև նրանք ոչնչացնեն բոլոր բիզոններին»։ Շերիդանը ԱՄՆ կոնգրեսում առաջարկել է սահմանել հատուկ մեդալ որսորդների համար՝ ընդգծելով բիզոնների ոչնչացման կարևորությունը[17]։ Շերիդանը նաև հետևյալ արտահայտությանն հեղինակն է. «Լավ հնդկացին մեռած հնդկացին է»[20][21]։

 
40 000 բիզոնի կաշի Կանզաս նահանգի Դոջ Սիթիում, 1878 թվական

1850 թվականին Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր ժողովի առաջին նիստում ընդունվել է «Հնդկացիների կառավարման և պաշտպանության մասին օրենքը»[22], որը սահմանել է սպիտակամորթների ու հնդկացիների միջև հետագա փոխհարաբերությունների սկզբունքները։ Հնդկացիներին տալով իրավաբանական որոշակի պաշտպանություն՝ օրենքը, այնուամենայնիվ, ամրագրել է օրենքի առաջ հնդկացիների ու սպիտակամորթների ոչ հավասար լինելը և սկիզբ դրել հնդկացիներին որպես աշխատուժ օգտագործելու հարցում մեծ չարաշահումներին, թեև նրանց թույլ է տվել ապրել մասնավոր հողերում։ 1851 և 1852 թվականներին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը հավանության է արժանացրել «թնամաբար տրամադրված հնդկացիների ճնշման» համար ոստիկանության ջոկատներ զինելու ու պահելու համար 1,1 մլն դոլարի հատկացման հարցը և 1857 թվականին թողարկել է 410 հազար դոլարի պարտատոմս նույն նպատակով։ Այդ վճարումները, որ տեսականորեն նպատակ ունեին լուծել սպիտակամորթների ու հնդկացիների միջև եղած կոֆլիկտները, միայն ազդակ են դարձել կամավորների նոր ջոկատների կազմակերպման և Կալիֆոռնիայի բոլոր հնդկացիներին ոչնչացնելու փորձեր ձեռնարկելու համար[23]։

Տեղական մունիցիպալիտետների մակարդակում տարածված է եղել սպանված հնդկացու համար պարգևատրումը։ Հյուսիսային Կալիֆոռնիայում Շեստա Սիթիի իշխանությունները վճարել են 5 դոլար հնդկացու գլխի համար 1855 թվականին, Մարիսվիլլի մոտակա բնակավայրում 1859 թվականին բնակչության նվիրատվություններից հավաքված գումարից պարգևատրում է տվել հնդկացու սպանությունն ապացուցող «յուրաքանչյուր գլխամաշկի կամ այլ համոզիչ ապացույցի համար»։ 1861 թվականին Թիհամա շրջանում գոյություն են ունեցել «հնդկացիների գլխամաշկերի համար վճարելու» ֆոնդի ստեղծման պլաններ, և երկու տարի հետո Հանի Լեյքում հնդկացու գլխամաշկի համար վճարվել է 25 ցենտ[24]։

Գերմանացի էթնոլոգ Գուստավ ֆոն Քենիգսվալդը հայտնել է, որ հակահնդկացիական ոստիկանության անդամները «ստրիխնինով թունավորում էին Կայնգանգ գյուղի խմելու ջուրը... պատճառ դառնալով բոլոր տարիքների մոտ երկու հազար հնդկացիների մահվան»[12]։

2009 թվականին ԱՄՆ կոնգրեսը պաշտպանության համար ծախսերի մասին օրենքում ներառել է հայտարարություն՝ ներողություն խնդրելով ԱՄՆ հնդկացիներից «բռնության բազմաթիվ դեպքերի, վատ վերաբերմունքի և արհամարհանքի համար, որոնց ենթարկվել են բնիկ ժողովուրդները Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից»[25]։

Վիճակագրություն խմբագրել

Զոհերի ստույգ թվաքանակը գտնել անհնար է, որովհետև հայտնի չէ, թե որքան է եղել հնդկացիների թվաքանակը նախքան Կոլումբոսի ժամանումը։ Սակայն մի շարք հնդկացիական կազմակերպություններ և պատմաբաններ ԱՄՆ-ում պնդում են, որ հնդկացիների թվաքանակը 1500 թվականից մինչև 1900 թվականը կրճատվել է 15 միլիոնից մինչև 237 հազար[26]։

Համարվում է, որ նախքան եվրոպացիների կողմից հայտնաբերումն Ամերիկայի բնակչությունը կազմել է 40-100 մլն մարդ։ Բայց վենեսուելացի իսպանագետ Անխել Ռոզենբլատը (Ángel Rosenblat) «Ամերիկայի բնակչությունը 1492 թվականին. հին ու նոր հաշվարկներ» (1967) ուսումնասիրության մեջ նշել է, թե Ամերիկայի բնակչությունը չի գերազանցել 13 մլն մարդը և կենտրոնացած է եղել խոշոր խմբերով ացտեկների ու ինկերի կայսրություններում[27]։ Ըստ մլն մայրցամաքի նվաճումն ավարտելուց հետո, իսկ Ֆեռնան Բրոդելի՝ ամբողջ Ամերիկայի բնակչության նվազագույն թվաքանակն Ա. Ռոզենբլատի հաշվարկների համաձայն կազմել է 10-15 մլն մարդ ոնկիստայի նախօրեին, իսկ ամբողջ Ամերիկայի բնակչության առավելագույն թվաքանակը շուրջ 1500 թվականին, հիմնվելով Մեքսիկայի՝ իսպանացիների կողմից նվաճումից անմիջապես հետո 25 մլն բնակչություն ունենալու հանգամանքի վրա, կազմել է 80 մլն ամբողջ մայրցամաքի համար, բայց Բրոդելը կասկածում է առավելագույն թվաքանակը ճշգրտության վրա (թեև ընդունում է, որ հնդկացիների թվաքանակը կտրուկ և ողբերգական անկում է ապրել եվրոպացի գաղութարարների ժամանումից հետո)[28]։ Ըստ Վ. Սուրնինի՝ ճշմարտությանն ամենամոտ գնահատականների համաձայն՝ նախակոլումբոսյան Ամերիկայում ապրել է ավելի քան 25 մլն մարդ. 15-րդ դարի վերջին Հյուսիսային Ամերիկայում ապրել է 1,5-2 մլն հնդկացի, Մեզոամերիկայում՝ 4,5-6 մլն, ներկայիս ԱՄՆ տարածքում՝ 1 մլն, Կարիբյան ջրավազանի կղզներում՝ 0,3-0,5 մլն, Անդերի շրջանում՝ 6-8 մլն[29]։ Ջոն Ուայթը նախակոլումբոսյան Ամերիկայի հնդկացիների ընդհանուր թվաքանակը գնահատել է 0,75-1 մլն մարդ[30]։

Ըստ Ֆեռնան Բրոդելի՝ Նոր աշխարհի բնակչությունը 1500 թվականին կազմել է 46 մլն մարդ, 1650 թվականին Ամերիկայի բնակչությունը կազմել է 8-13 մլն[31], մինչև 1750 թվականը բնիկների թվաքանակը նվազել է մի քանի անգամ. 250 տարվա ընթացքում դադարել են գործածվել մի քանի լեզվաընտանիքներ ու մեկուսացած լեզուներ։ Հնդկացիների ճնշող մեծամասնությունը (մինչև 100 մլն) զոհվել է իսպանացիների կողմից ակամա կամ միտումնավոր կերպով[32] (դիակային թույներով ներծծված կամ բնական ծաղկով հիվանդներին պատկանած ծածկոցների միջոցով)[33] բերված հիվանդությունների նկատմամբ իմունիտետ չունենալու պատճառով։

1960-ական թվականներին Իսպանիայում Կարլ Սոյերի կողմից արխիվում հայտնաբերվել է պատմական փաստաթուղթ, որը գրվել է այդ ժամանակ Էսպանյոլի նահանգապետը եղած Բարտոլոմեո Կոլումբոսի (Քրիստափոր Կոլումբոսի եղբոր) կողմից։ Փաստաթղթում նշված է, որ 1496 թվականին կղզում եղել է 1 մլն 100 հազար հնդկացի։ Սակայն իսպանացիները տիրել են կղզու կեսին և չեն հաշվել կանանց ու երեխաներին։ Այստեղից կարող է եզրակացվել, որ միայն իսպանացիների տիրապետության տակ գտնվող տարածքներում հնդկացիների թվաքանակը կազմել է շուրջ 3 մլն։ Արդեն մեկ սերունդ հետո (մոտ 30 տարի անց՝ շուրջ 1526 թվականին) իսպանացիները հաշվել են ընդամենը 11 հազար հնդկացի, ընդ որում՝ այդ ընթացքում իսպանացիների տիրապետության սահմաններն ընդլայնվել են։

Մյուս կողմի՝ Մեծ հարթավայրերի ցեղերի ներկյաացուցիչների միջին թվաքանակը զանգվածային համաճարակներից հետո, ըստ Յուրի Ստուկալինի, կազմել է շուրջ 3-4 հազար մարդ[34]։ Թեև ստույգ է համարվում այն, որ ԱՄՆ տարածքում հնդկացիների թվաքանակը 19-րդ դարի վերջին կազմել է 250 հազար մարդ, սակայն եվրոպացիների հետ առաջին հանդիպումների շրջանում նրանց թվաքանակը մնում է վիճելի։ 1928 թվականին էթնոլոգ Ջեյմս Մունը Մեքսիկային հյուսիս ապրող հնդկացիների ընդհանուր թվաքանակը գնահատել է 1 152 950 մարդ եվրոպացիների հայտնվելու պահին, 1987 թվականին Ռասել Տորնտոնն նրանց թվաքանակը համարել է ավելի քան 5 մլն, Լենոր Ստիֆարմն ու Ֆիլ Լեյն կրտսերը՝ 12 մլն։ 1983 թվականին մարդաբան Հենրի Դոբինսը Հյուսիսային Ամերիկայի բնակչության թվաքանակը գնահատել է 18 մլն մարդ, իսկ ապագա ԱՄՆ-ի տարածքի հնդկացիների թվաքանակը՝ 10 մլն մարդ[35]։

Ընդհանուր առմամբ ուսումնասիրողների նշած թվերը տատանվում են 3-ից մինչև 112 մլն մարդու սահմաններում։ Ըստ Դմիտրի Սամոխվալովի՝ այդ տարբերությունները պայմանավորված են Ամերիկայի տարբեր տարածքներում բնակչության տարբեր խտություններով. հողագործությամբ զբաղվող բնակչության խտությունը շատ մեծ է, իսկ որսորդների և հավաքորդների մոտ, ընդհակառակը, խտությունը ցածր է։ Որսորդների ու հավաքորդների ցեղերի մի քանի հազար ներկայացուցիչներ զբաղեցրել են եվրոպական միջին պետության տարածքին հավասար տարածք։ Էսկիմոսների նախնիների թվաքանակը կազմել է 2-2,5 հազար մարդ։ Նախքան ձիու հայտնվելը Հյուսիսային Ամերիկայի Մեծ հարթավայրերը և Հարավային Ամերիկայի Պատագոնիան գրեթե բնակեցված չեն եղել։ Մեքսիկայի, Պերուի հողագործական շրջանները և Միսիսիպիի հովիտները, ընդհակառակը, խիտ բնակեցված են եղել[36]։

Վաշինգտոնի նահանգային համալսարանից (Սիեթլ) գենետիկ Բրենդան Օ’Ֆելոնի և Գյոթինգենի համալսարանից գերմանացի մարդաբան Լարս Ֆերեն-Շմիցի կարծիքով (Proceedings of the National Academy of Sciences) 16-17-րդ դարերում Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բնիկների թվաքանակը կրճատվել է եթե ոչ 90 %-ով, ապա մոտավորապես կիսով չափ[37]։

Վեճեր ցեղասպանության հարցի վերաբերյալ խմբագրել

Այն, թե եղել են արդյոք հնդկացիները ցեղասպանության զոհ, միանշանակ չէ և վեճերի տեղիք է տվել Ամերիկայի բնիկների թվաքանակի կրճատման պատմության մեջ[38]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից կազմակերպված Հոլոքոստից հետո ցեղասպանությունը սահմանվել է որպես հանցագործություն «ազգային, էթնիկ կամ կրոնական խումբը՝ որպես այդպիսին մասամբ կամ ամբողջովին ոչնչացնելու նպատակով»։ Ամերիկայի գաղութացման համատեքստում այդ վեճի հիմնական հարցն այն է, թե արդյոք բնիկների թվաքանակի՝ բազմաթիվ պատճառներ ունեցող կրճատումը պետք է կոչել այդ տերմինով։

Պատմաբան Դևիդ Ստանարդը կարծում է, որ Ամերիկայի (ներառյալ Հավայան կղզիները) բնիկները[39] դարձել են «եվրաամերիկացիների ցեղասպանական պատերազմի» զոհ[40]՝ ընդունելով, որ հնդկացիների մեծ մասը մահացել է գաղութարարների բերած վարակների պատճառով բռնկված համաճարակներից։ Ըստ նրա գնահատականների՝ զոհվել է գրեթե 100 մլն մարդ նրանից, ինչը նա կոչել է «Ամերիկյան հոլոքոստ»[41]։ Ստանարդի հայացքներին կողմ են եղել Քրքպատրիկ Սեյլը, Բեր Քիրնանը, Լենոր Ստիֆարմը, Ֆիլ Լեյն կրտսերը և այլք։ Այդ տեսակետը հետագայում զարգացվել է Կոլորադյի համալսարանի նախկին պրոֆեսոր Ուորդ Չերչիլի հրատարակություններում, որը մասնավորապես կարծիք է հայտնել, թե «գործն արվել է չար մտադրությամբ, ոչ թե բնության կողմից»[40]։

Ստանարդի պնդումը 100 մլն զոհերի մասին կասկածի է ենթարկվել ժողովրդագրական տվյալների վրա հիմնված չլինելու, ինչպես նաև այլն պատճառով, որ Ստանարդը չի տարբերակել բռնի մահվան զոհ դարձածներին հիվանդությունների հետևանքով զոհվածներից։

Ի տարբերություն Ստանարդի գնահատականի՝ Հավայան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռուդոլֆ Ռամելի կարծիքով՝ եվրոպական գաղութացման շրջանում ցեղասպանության զոհ է դարձել 2-15 մլն հնդկացի։ Ռամելը գրել է[42].

Նույնիսկ եթե այս թվերը թեկուզ հեռավոր կերպով արտացոլում են իրականը, Ամերիկայի նվաճումը կարելի է համարել ամենաարյունահեղ և տևական ցեղասպանություններից մեկը համաշխարհային պատմության մեջ։

Մյուս կողմից՝ լատինաամերիկագետ և Ֆլորիդայի միջազգային համալսարանի պատմության պրոֆեսոր Նոբլ Դևիդ Կուկը կարծում է, որ Ստանարդի հրատարակությունները, ինչպես նաև այլ հեղինակների աշխատանքներ, որոնց նվիրված են Ամերիկայի հայտնաբերման 500-ամյակին, ոչ արդյունավետ վերադարձ է բնիկների թվաքանակի կրճատումը սև լեգենդի ոճով բացատրելուն[43]։

Թեև հեղինակավոր գիտնականներից ոչ ոք չի հերքում եվրոպացիների կողմից Ամերիկայի բնիկներին սպանելու և տանջանքների մատնած լինելու փաստը, այնուամենայնիվ, պատմաբանների մեծ մասը վիճարկում է այն փաստը, թե ցեղասպանությունը, որ «մտադրված հանցագործություն» է, իրականում եղել է եվրոպացի գաղութարարների նպատակն Ամերիկայում։ Այսպես, պատմաբան Ստաֆորդ Փուլը գրել է[44].

Կան այլ տերմիններ՝ նկարագրելու այն, ինչ տեղի է ունեցել Արևմտյան կիսագնդում, բայց ցեղասպանությունը դրանց թվից չէ։ Սա ավ պրոպագանդիստական տերմին է մի ժամանակաշրջանում, երբ կարգախոսներն ու նշանաբանները փոխարինել են մտորումներին ու հետազոտություններին. այդ համատեքստում դրա օգտագործումն արժեզրկում է ինչպես հենց տերմինը, այնպես էլ այն ողբերգությունը, որ վերապրել են հրեաներն ու հայերը՝ որպես այս հարյուրամյակի խոշորագույն զոհերի երկու օրինակներ։

Հնդկացիների ցեղասպանության դեմ փաստարկումները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի.

  • Ամերիկայի գրավումը գրեթե առանց նվաճողական պատերազմների, որի ընթացքում որոշակի ժամանակաշրջաններում և որոշակի տարածքներում գերակշռությունը եղել է տարբեր կողմերում։ Ընդ որում՝ հնդկացիները բազմիցս իրենք են սկսել մարտական գործողությունները։
  • Հնդկացիների ոչնչացմանը հաճախ մասնակցել են ոչ միայն սպիտակամորթները, այլև հենց հնդկացիները, որոնք թշնամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ, ոչնչացրել են միմյանց, ծառայել սպիտակամորթ գաղութարարներին, մասնակցել իրենց թշնամի ցեղերի դեմ մարտական գործողություններին, և հաճախ իրենք են սկսել պատերազմներ, ինչի համար սպիտակամորթներից ստացել են նյութական կամ այլ շահ։
  • Հնդկացիների ճնշող մեծամասնությունը մահացել է եվրոպական գաղութարարների կողմից ակամա կամ միտումնավոր կերպով բերված հիվանդությունների դեմ իմունիտետ չունենալու պատճառով։

Հակափաստարկներ գաղութարարների գործողությունները ցեղասպանություն ճանաչելու օգտին.

  • Վերաբնակիչների զինվածության մակարդակն ակնհայտ կերպով գերազանցել է, այսինքն՝ կողմերը հավասար ուժեր չեն ունեցել։
  • Բնիկների միջցեղային բախումները հրահրել են եվրոպացիները՝ հետևելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքին։
  • Բնիկների մոտ եվրոպական հիվանդությունների համար իմունիտետի բացակայության մասին անգլիացիներն իմացել են՝ միտումնավոր կերպով բաժանելով բնական ծաղկի վարակ կրող իրեր (հագուստ և ծածկոցներ)։
  • Գաղութարարներ գիտակցված և նպատակաուղղված գործողություններ հնդկացիների շրջանում զանգվածային սով կազմակերպելու նպատակով բիզոններին ամբողջությամբ ոչնչացնելու ուղղությամբ, որոնք բնիկների համար ծառայում էին որպես սննդի, հագուստի ու կացարանի հիմնական աղբյուր։

Ամերիկացի պատմաբանների մեծ մասը զերծ է մնում Ամերիկայի բնիկների թվաքանակի նվազման վերաբերյալ «ցեղասպանության» տերմինն օգտագործելուց, մի շարք պատմաբաններ եվրոպական գաղութացման պատմությունը՝ որպես մել ամբողջական ու տևական գործընթաց դիտարկելու փոխարեն առանձին պատերազմներ ու արշավանքներ դիտարկում են որպես ցեղասպանական ինչպես նպատակով, այնպես էլ հետևանքներով։ Սովորաբար դրանց թվում են պատերազմը պեկոտների դեմ (1637) արշավանքներն ընդդեմ Կոլիֆոռնիայի ցեղերի, որ սկսվել են 1850 թվականին[45]։

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բազմիցս խոսել է բնիկ ամերիկացիների դեմ եվրոպական գաղութարարների կատարած գործողությունների՝ որպես ցեղասպանության մասին և լատինաամերիկացիներին կոչ է արել չտոնել Կոլումբոսի օրը, որովհետև այդ իրադարձությունը (Ամերիկայի հայտնաբերում) դարձել է ցեղասպանության սկիզբ։

Բնակչության թվաքանակի նվազում համաճարակների պատճառով խմբագրել

 
Բնական ծաղկից մահացող հնդկացիներ, նկարներ Բեռնարդիոն դե Սաագունի «Ֆլորենտիական օրենսգրքից»

Եվրոպացի վերաբնակների հետ միասին Ամերիկայում տարածվել են Հին աշխարհին հատուկ վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք էին ծաղիկը, տիֆը, կարմրուկը, գրիպը, այտուցային ժանտախտը և այլն։ Նշվում է, որ եվրոպացի վերաբնակիչներն ավելի բարձր իմունիտետ են ունեցել առնվազն մի քանի հիվանդությունների նկատմամբ, ի տարբերություն հնդկացիների, որոնց մոտ իմունիտետն ակնհայտորեն բացակայել է։ Կարծիքը հիմնված է այն վարկածի վրա, թե Եվրասիայի ու Աֆրիկայի բոլոր վարակիչ հիվանդությունները վերջնական հաշվով մարդն ստացել է ընտանի կենդանիներից, ինչը եղել է յուրօրինակ վարձ անասնապահության համար, ինչը գրեթե տարածված չէր նախակոլումբոսյան Ամերիկայում[46][47]։ Ըստ որոշ գնահատականների՝ ծաղկով հիվանդանալու դեպքում հնդկացիների մահացության աստիճանը հասել է 80-90 %[48]։ Գոյություն ունի կարծիք, թե Ամերիկայի բնիկների մինչև 95 %-ը ոչնչացել է եվրոպացիների բերած հիվանդությունների հետևանքով[49]։

Մահերի ոչ փոքր մասը եղել է բնական ծաղկի պատճառով[50]։ Արդեն 1507 թվականին նկատվել է բնական ծաղկով հիվանդության առաջին դեպքն Էսպանյոլում (Հայիթի)։ 1520 թվականին իսպանացի վերաբնակիչների հետ Էսպանյոլայից բնական ծաղիկն անցել է մայրցամաք։ Ըստ Տորիբիո դե Բենավենտեի (Մոտոլինիա) վկայության՝ հնդկացիներն անօգնական են եղել ծաղկի դեմ, որը նրանց վրա թողել է հրեշավոր ազդեցություն. հիվանդը ծածկվել է սարսափելի խոցերով։ Մահացել է Կենտրոնական Մեքսիկայի պրովինցիաների բնակչության մինչև կեսը[51]։ Բնական ծաղկի համաճարակն է հիմնականում պատճառ դարձել ացտեկների ու ինկերի կայսրությունների անկման համար[50]։ Ընդ որում՝ ծաղիկն ինկերի տարածքներ հասել է նախքան իսպանացի կոնկիստադորների ժամանումը. 1526 թվականին՝ իսպանացիների ներխուժումից հինգ տարի առաջ, ծաղկից մահացել ինկերի կառավարիչ Ուայնա Կապակը[52]։ Ըստ ժամանակակից գնահատականների՝ 1524-1527 թվականների ընթացքում ինկերի կայսրության 6 մլն բնակիչներից մահացել է առնվազն 200 հազար մարդ[50]։ Ծաղկի համաճարակները կրկնվել են հարավամերիկյան մայրցամաքում ամեն 10-20 տարին մեկ. մինչ 1578 թվականը դրանք հասել են նաև Բրազիլիայի դժվարամատչելի շրջաններ, որտեղ հիվանդությունը հասցրել են միսիոներները։ Հիսուսյանների կողմից հարավամերիկյան խոշոր գետերի ափերին ստեղծված բնակավայրերում (մինչև 100 000 հնդկացիներ) 1660 թվականից ոչ ուշ վարակիչ հիվանդություններից մահացել է 44 հազար բնակիչ, իսկ 1669 թվականին կրկնված համաճարակից՝ ևս 20 հազար[50]։

Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերին 17-րդ դարում բնակավայրերի հիմնումը նույնպես ուղեկցվել է հնդկացիների[53] և հետագայում արդեն ամերիկյան մայրցամաքում ծնված գաղութարարների շրջանում ծաղկի մահացու համաճարակներով և հետագայում[54]։ Միսիսիպի գետի ափին գտնվող հնդկացիական խոշորագույն քաղաքները, որ նկարագրել է Էռնանդո դե Սոտոն 1540 թվականին, գոյություն չեն ունեցել մինչ 17-րդ դարի կեսերը, երբ այդտեղ հայտնվել են առաջին մշտական ֆրանսիական բնակավայրերը[47]։ 1620 թվականին հիմնադրված Պլիմուտի՝ Նոր աշխարհում անգլիական առաջին գաղութի ստեղծման վայրամայացել է հնդկացիների շրջանում 1617-1619 թվականներին տարածված ծաղկի սարսափելի համաճարակի հետևանքով[50]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Антон Баумгартен «Американский Геноцид. Часть 1:Эпоха Колумба:1492 год»
  2. Основные события XV века
  3. Индейский геноцид | Washington ProFile — International News & Information Agency
  4. «Чистова Надежда Константиновна. ИНДЕЙЦЫ ПЕРУ В КОЛОНИАЛЬНЫЙ ПЕРИОД». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 http://www.left.ru/2002/22/baumgarten72.html
  6. http://historic.ru/books/item/f00/s00/z0000106/st002.shtml Путешествия Христофора Колумба, с. 505—506
  7. Дэвид Станнард «Американский холокост» Արխիվացված 2009-12-30 Wayback Machine. С. 88.
  8. Кто стал жертвой самого массового геноцида в мировой истории? — — Индейцы
  9. Народы Америки. Т.2. М., 1959. С. 16.
  10. Espinoza Soriano, Waldemar. La Pachaca de Puchu en el reino de Cuismancu: siglos 15 y 16 // Bulletin de l’Institut français d'études andines. III. № 1. — Lima, 1964, p. 11.
  11. Conquistador Statue Stirs Hispanic Pride and Indian Rage — The New York Times
  12. 12,0 12,1 12,2 12,3 War, Disease, Slavery And Poisoned Wells — The New York Times
  13. Геноцид: от библейских времен до XX века — Наследие — Правда. Ру
  14. In 1860 six murderers nearly wiped out the Wiyot Indian tribe — in 2004 its members have found ways to heal
  15. «Account Suspended». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  16. «Wounded Knee Introduction». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  17. 17,0 17,1 Моуэт Ф. Конец бизоньей тропы. Вокруг света, № 7 (2574), июль 1988.
  18. Дорст Ж. До того как умрёт природа. М.: Прогресс, 1968.
  19. Isenberg A. The Destruction of the Bison: An Environmental History, 1750—1920. New York: Cambridge University Press, 2000.
  20. Hutton, Paul Andrew. 1999. Phil Sheridan and His Army. p. 180
  21. Skeleton Cave Massacre Արխիվացված 2012-11-15 Wayback Machine
  22. http://gifi.stat.ucla.edu/background/Cultural/Indians/caindian/ACT%20of1850.pdf(չաշխատող հղում)
  23. http://www.nps.gov/history/history/online_books/5views/5views1c.htm A History of American Indians in California: 1849—1879 (материал Службы национальных парков США)
  24. Indians of California: The Changing Image by James J. Rawls, University of Oklahoma Press, 1986, ISBN 0-8061-2020-7
  25. McKinnon, John D. (2009 թ․ դեկտեմբերի 22). «U.S. Offers An Official Apology to Native Americans». Blogs.wsj.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  26. http://www.pravda.ru/world/2005/5/82/337/19724_GENOCID.html (Ричард Диннон / Richard Drinnon, «Американский Индеец: Первая Жертва» / The American Indian: The First Victim)
  27. Демоскоп. № 659—660. 19 октября — 1 ноября 2015. Газеты пишут о геноциде индейцев. Миф о геноциде аборигенов Нового Света. Сесар СЕРВЕРА. (Cesar Cervera). «ABC.es», 13 октября 2015 года InoSMI 14 октября 2015 года
  28. Фернан БРОДЕЛЬ МАТЕРИАЛЬНАЯ ЦИВИЛИЗАЦИЯ, ЭКОНОМИКА И КАПИТАЛИЗМ,XV-XVIII вв. Том=1. СТРУКТУРЫ ПОВСЕДНЕВНОСТИ Глава 1. БРЕМЯ КОЛИЧЕСТВА. НЕДОСТАТОК ЦИФР. страница № 5
  29. В. А. Сурнин. Народонаселение, история, геополитика. страница 39
  30. Джон Уайт. Индейцы Северной Америки. Быт, религия, культура
  31. Фернан БРОДЕЛЬ МАТЕРИАЛЬНАЯ ЦИВИЛИЗАЦИЯ, ЭКОНОМИКА И КАПИТАЛИЗМ,XV-XVIII вв. Том=1. СТРУКТУРЫ ПОВСЕДНЕВНОСТИ Глава 1. БРЕМЯ КОЛИЧЕСТВА. СПОРНЫЕ ЦИФРЫ. страница № 10
  32. The Effect of Smallpox on the Destiny of the Amerindian; Esther Wagner Stearn, Allen Edwin Stearn; University of Minnesota; 1945; pp. 13–20, 73–94, 97
  33. Vectors of Death: The Archaeology of European Contact; University of New Mexico Press; 1987; pp. 147–48
  34. Юрий Стукалин. Индейцы Дикого Запада в бою. «Хороший день, чтобы умереть!»
  35. Guenter Lewy. Were American Indians the Victims of Genocide?
  36. Каково было население доколумбовой Америки?
  37. Газета. ру Мертвых индейцев пересчитали Доколумбовы цивилизации погибли на фоне сильного демографического спада Дмитрий Малянов 06.12.2011, 10:59
  38. NATIVE AMERICAN HISTORY,COMPARATIVE GENOCIDE AND THE HOLOCAUST:HISTORIOGRAPHY, DEBATE AND CRITICAL ANALYSIS. Brenden Rensink, University of Nebraska-Lincoln, 2006
  39. INTERVIEW: David Stannard
  40. 40,0 40,1 Were American Indians the Victims of Genocide?
  41. Stannard, p. x (quotation), p. 151 (death toll estimate).
  42. Cook on Stannard, p. 12; Rummel’s quote and estimate from his website, about midway down the page, after footnote 82. Rummel’s estimate is presumably not a single democide, but a total of multiple democides, since there were many different governments involved.
  43. Cook, Noble David. Born to Die: Disease and New World Conquest, 1492—1650. Cambridge: Cambridge University Press, 1998
  44. Stafford Poole, quoted in Royal, p. 63.
  45. Օրինակ՝ The Oxford Companion to American Military History (Oxford University Press, 1999) հրտարակությունում պնդվում է, թե եթե եվրոաամերիկացիները կատարել են ցեղասպանություն ամերիկյան մայրցամաքում ընդդեմ հնդկացիների, ապա դա եղել է Կալիֆոռնիայում։
  46. Березкин Юрий Евгеньевич Инки. Исторический опыт империи. — Л.: Наука, 1991. — 232 с. — ISBN 5-02-027306-6
  47. 47,0 47,1 Даймонд, 2010
  48. «The Cambridge encyclopedia of human paleopathology». Arthur C. Aufderheide, Conrado Rodríguez-Martín, Odin Langsjoen (1998). Cambridge University Press. P. 205. ISBN 0-521-55203-6
  49. Henry F. Dobyns Their Number Become Thinned: Native American Population Dynamics in Eastern North America. — Univ of Tennessee Pr, 1983. — ISBN 978-0-870-49400-0
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 Fenner, Frank (1988). Smallpox and Its Eradication (History of International Public Health, No. 6) (PDF). Geneva: World Health Organization. ISBN 92-4-156110-6.
  51. Торибио де Бенавенте Мотолиниа История индейцев Новой Испании (фрагмент) = Historia de los indios de la Nueva España.
  52. Инки: владыки золота и наследники славы. — Терра, 1997. — 168 с. — ISBN 5-300-01114-2
  53. «Encyclopedia of North American Indians(չաշխատող հղում)». Frederick E. Hoxie (1996). P. 164. ISBN 0-395-66921-9
  54. Koplow, David A. (2003). «Smallpox The Fight to Eradicate a Global Scourge». University of California Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել