Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի արևելյան նահանգներում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Մյուս մասը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմը։ Առաջնորդանիստը Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն է[2]։

սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Նյու Յորք

Պատմություն խմբագրել

Կազմավորվել է 1957 թվականին, երբ ԱՄՆ-ի մի շարք եկեղեցիներ, որոնք պատկանել են Մայր աթոռ Սուրբ էջմիածնի իրավասության տակ գտնվող ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմին, անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության տակ։ Ի սկզբանե ընդգրկում էր ամբողջ ԱՄՆ-ի և Կանադայի տարածքը և կոչվում էր «Հյուսիսային Ամերիկայի թեմ», սակայն 1972 թվականին առանձնացել է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմը։ Բաժանումից հետո թեմը կոչվում էր «Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմ», որն ընդգրկում էր ԱՄՆ-ի և Կանադայի 17 նահանգների 30 ծխական համայնքներ, սակայն 21-րդ դարում Կանադայի թեմն առանձնացել էր։

Եկեղեցիներ խմբագրել

 
սուրբ Սարգիս եկեղեցի, Դետրոյթ

1957 թվականի հոկտեմբերին առաջնորդական տեղապահ է ընտրվել Հրանա արքա Խաչատուրյանը և 1961 թվականի նոյեմբերից պաշտոնավարել իբրև թեմի առաջնորդ։ Նրա օրոք կառուցվել և օծվել են Դետրոյթի Սուրբ Սարգիս, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Էնսինոյի Սրբոց Նահատակաց, Վաշինգտոնի Սուրբ Խաչ, Թրոյի Սուրբ Խաչ, Բեյսայդի Սուրբ Սարգիս, Սփրինգֆիլդի Սուրբ Գրիգոր, Կոլումբուսի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։

1973-1977 թվականին թեմի առաջնորդն էր Գարեգին արքա Սարգիսյանը, 1977-1998 թվականին՝ Մեսրոպ արքա Աշճյանը։ 1978 թվականի մայիսից լույս է ընծայվել “Outreach” ամսագիրը, կազմավորվել են կրոնական և հայեցի դաստիարակության գրասենյակներ։ Նորոգվել է 1973 թվականին գնված առաջնորդարանի շենքը, բացվել է Սուրբ Ներսես Շնորհալի գրադարանը և այլն։ Օծվել են Չիկագոյի Ամենայն Սրբոց, Ուսթըրի Սուրբ Երրորդություն, Քեմբրիջի Սուրբ Նշան, Սենթ Լուիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Օռլանդոյի Սուրբ Կարապետ եկեղեցիները, բարգավաճել են Նյու Յորքի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Բոստոնի Սուրբ Ստեփանոս եկեղեցիներին կից գործող վարժարանները։ Բացվել են ամենօրյա, շաբաօրյա և կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ներկայումս (2003) սովորում են շուրջ 2 հզ. հայ աշակերտներ։

Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդն է Օշական արքա Չոլոյանը (1998 թվականից)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Համայնքի մասին». usa.mfa.am. Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։