Տարրական մասնիկների հմայք

(Վերահղված է Հմայք (ֆիզիկա)ից)

Տարրական մասնիկների հմայք, ուժեղ փոխազդող տարրական մասնիկների քվանտային թվերից մեկը, որը պահպանվում է ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություններում։ Հասկացությունը մուծվել է 1971 թվականին U. Գլեշոուի կողմից, իսկ գոյությունը փորձով ապացուցվել է 1976 թվականին, երբ հայտնաբերվեցին, այսպես կոչված, հմայված D0 և այլ մեզոններ։

«Տարրական մասնիկների հմայք» հասկացությունն առանձնապես անհրաժեշտ դարձավ 3100 ՄէՎ զանգվածով J/ψ մասնիկների (հայտնաբերվել են 1974 թվականին) հատկությունները (կյանքի մեծ տևողությունը) բացատրելու համար։ Քվարկների մոդելի համաձայն, տարրական մասնիկները կազմված են առնվազն չորս առաջնային աղյուսիկներից՝ քվարկներից և համապատասխան հակաքվարկներից։ Չորրորդ քվարկն օժտված է նոր հատկությամբ՝ հմայքով, որը նշանակվում է c տառով (անգլ.՝ charm - հմայք)։ Հմայքով քվարկ ունեցող մասնիկը կոչվում է հմայված մասնիկ։ J/ψ մասնիկը բաղկացած է հմայքով քվարկից և հակաքվարկից, այնպես, որ նրա գումարային հմայքը հավասար է զրոյի կամ, ինչպես ասում են, այն ունի թաքնված հմայք։ Այդ մասնիկը և իր գրգռված վիճակները ψ՛ψ” պոզիտրոնիումի նմանությամբ երբեմն կոչվում են չարմոնիում։ Ներկայումս հայտնաբերված են մի քանի հմայված մեզոն (ինչպես նաև հմայված բարիոն), որոնց կյանքի տևողությունը 10−12 վրկ կարգի է, ուսումնասիրված են մի շարք չարմոնիումային վիճակներ և դրանց տրոհումները։

Տես նաև Խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 437