Հիպոթալամուս-ադենոհիպոֆիզային համակարգ

Հիպոթալամուս-ադենոհիպոֆիզային համակարգ (ենթատեսաթումբ-գեղձամակուղեղային համակարգ), հետին հիպոթալամուսի (ենթատեսաթումբ) կորիզներից և առաջային հիպոֆիզից (ադենոհիպոֆիզ, առաջային մակուղեղ) բաղկացած համակարգ, որի հիմնական նպատակը ադենոհիպոֆիզի հորմոնային ֆունկցիայի հսկողությունն է։ Այն իրականացվում է հիպոթալամուսի հիպոֆիզատրոպ գոտում տեղակայված նեյրոհյութազատիչ հատուկ բջիջներում արտադրվող նեյրոպեպտիդային հորմոններով։ Համակարգի կապն իրականացվում է արյունատար անոթներով։

Հիպոթալամուս-առաջային հիպոֆիզային համակարգ

Համակարգի հորմոնները խմբագրել

Հիպոթալամուսում արտադրվող և հիպոֆիզի վրա ազդող հորմոնները բաժանվում են երկու խմբի.

Լիբերիններն ու ստատինները գեղձային հիպոֆիզ են անցնում դռներակային անոթային համակարգով։ Հիպոֆիզատրոպ գոտու նեյրոհյութազատիչ բջիջների աքսոններն ավարտվում են գեղձային հիպոֆիզ արյուն բերող մազանոթների պատերի վրա։ Այս մազանոթներից հիպոֆիզատրոպ նեյրոհորմոններն անցնում են գեղձային հիպոֆիզի թիրախ-բջիջներին և խթանում կամ արգելակում վերջիններս հյութազատական գործունեությունը։ Տարբերում են վեց լիբերիններ և երեք ստատիններ, որոնք իրենց անունները ստացել են հիպոֆիզի այն հորմոնների անուններից, որոնց սինթեզը դրանք կարգավորում են։

Լիբերիններ խմբագրել

  1. Սոմատոլիբերին` (սոմատոտրոպ-ռիլիզինգ հորմոն) սինթեզվում է հիպոթալամուսի յուրահատուկ կորիզներում ու խթանում աճի հորմոնի արտադրությունը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության, սթրեսի և քնի ընթացքում սոմատոլիբերինի արտադրությունն ուժեղանում է։ Իր ազդեցությունն իրագործում է G-սպիտակուցի միջոցով։
  2. Մելանոլիբերին՝ (մելանոխթանիչ-ռիլիզինգ հորմոն) խթանում է մելանոխթանիչ հորմոնի արտադրությունը։
  3. Պրոլակտոլիբերին՝ (պրոլակտին-ռիլիզինգ հորմոն) խթանում է պրոլակտինի արտադրությունը։
  4. Թիրեոլիբերին՝ (թիրեոտրոպին-ռիլիզինգ հորմոն) խթանում է թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը և համեմատաբար թույլ չափով նաև` պրոլակտինի սինթեզը։ Այն նաև մասնակցում է որոշ հոգեկան ֆունկցիաների կարգավորմանը. մասնավորապես՝ հայտնի է նրա հակադեպրեսային ակտիվությունը։ Պրոլակտինի վրա թիրեոլիբերինի խթանիչ ազդեցությամբ է բացատրվում վահանագեղձի թերֆունկցիայի ժամանակ նկատվող գերպրոլակտինեմիան։ Որոշ դեպքերում հիպերպրոլակտինեմիան այնքան նշանակալից է արտահայտվում, որ արու առանձնյակների մոտ առաջ է գալիս գալակտորեա և սեռական ցանկության թուլացում, իսկ իգական առանձնյակների մոտ՝ գալակտորեա, ախտաբանական և երկարատև կաթնարտադրություն, դաշտանի բացակայություն։
  5. Կորտիկոլիբերին՝ (կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոն) խթանում է ադենոկորտիկոտրոպ հորմոնի արտադրությունը։ Հիմնականում սինթեզվում է ենթատեսաթմբի հարփորոքային կորիզում, իսկ առավել քիչ քանակներով՝ լիմբիական համակարգում, ուղեղաբնում, ողնուղեղում, գլխուղեղի կեղևի ներդիր նեյրոններում, ընկերքում և T-լիմֆոցիտներում։ Արյան մեջ այս հորմոնի կիսաքայքայման տևողությունը 60 րոպե է։ Կորտիկոլիբերինը մասնակցում է մի շարք հոգեկան ֆունկցիաների կարգավորմանը։ Ազդելով կենտրոնական նյարդային համակարգի վրա այն առաջացնում է ակտիվության և կողմնորոշման ռեակցիաների ուժեղացում, անհանգստություն, վախ, լարվածություն, ինչպես նաև ախորժակի, քնի և սեռական ակտիվության վատացում։ Կորտիկոլիբերինը թույլ չափով խթանում է նաև պրոլակտինի հյութազատությունը։
  6. Գոնադոլիբերին՝ (գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոն, ԳՌՀ) խթանում է գոնադոտրոպ հորմոնների (ֆոլիկուլախթանիչ, լյուտեինացնող) հյութազատությունը։ Այն առավել մեծ չափով ազդում է լյուտեինացնող հորմոնի արտադրության վրա, որի պատճառով էլ շատ հաճախ անվանում են նաև լյուլիբերին[2]։ Գոնադոլիբերինի արտադրությունն անընդհատ չէ, այլ կարճատև՝ իրար հաջորդող պիկերով, որոնց ընդմիջումները տարբեր սեռերի մոտ տարբեր են[3][4]։

Ստատիններ խմբագրել

  1. Սոմատոստատին՝ ընկճում է սոմատոտրոպ հորմոնի սինթեզը հիպոֆիզում սոմատոլիբերինի սինթեզը հիպոթալամուսում։ Սոմատոստատինն արգելակում է նաև թիրեոտրոպ հորմոնի, սերոտոնինի, գլյուկագոնի, գաստրինի, խոլեցիստոկինինի, անոթաակտիվ աղիքային պեպտիդի, աճի ինսուլինանման գործոն-1-ի սինթեզն ու հյութազատությունը։ Այս հորմոնն արտադրվում է նաև ենթաստամոքսային գեղձում և մարսողական ուղում։
  2. Մելանոստատինը՝ ընկճում է մելանոխթանիչ հորմոնի սինթեզը։
  3. Պրոլակտոստատինը՝ ընկճում է պրոլակտինի սինթեզը[5][6]։

Մի շարք լիբերիններ և ստատիններ կարող են սինթեզվել ոչ միայն հիպոթալամուսում, այլև այլ օրգաններում ևս։ Օրինակ. երկկենցաղների օրգանիզմում թիրեոլիբերինը հայտնաբերվել է նաև մաշկում ու արյան պլազմայում, կաթնասունների մոտ՝ նաև թալամուսում (տեսաթումբ), ուղեղիկում և ուղեղի այլ բաժիններում։ Սոմատոստատինը հայտաբերվել է նաև աղիներում, ենթաստամոքսային գեղձում, ընկերքում և ուղեղի այլ կառույցներում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Le Tissier, P.R; Hodson, D.J; Lafont C; Fontanaud P; Schaeffer, M; Mollard, P. (2012) Anterior pituitary cell networks. Front Neuroendocrinol. Aug; 33(3):252-66
  2. Dobson, H; R F Smith (2000 թ․ հուլիսի 2). «What is stress, and how does it affect reproduction?». Animal reproduction science. 60–61: 743–752. doi:10.1016/s0378-4320(00)00080-4. ISSN 0378-4320.
  3. Malendowicz, L.K; Rucinski, M; Belloni, A.S; Ziolkowska, A; and Nussdorfer, G.C. (2007) Leptin and the regulation of the hypothalamic-pituitary-adrenal axis. Int Rev Cytol. 263: 63-102.
  4. Sone, M. and Osamura, R.Y. (2001) Leptin and the pituitary. Pituitary. Jan-Apr; 4(1-2): 15-23.
  5. Racagni, G; Apud, J.A; Cocchi, D; Locatelli, V; Muller, E.E. (1982) GABAergic control of anterior pituitary hormone secretion. Life Sci. Aug 30;31(9):823-38.
  6. Hedge, G.A. (1977) Roles for the prostaglandins in the regulation of anterior pituitary secretion. Life Sci. Jan 1;20(1):17-33.