Հիբրիդային հաշվողական մեքենա

Հիբրիդային հաշվողական մեքենան (ՀՀՄ) անալոգա-թվանշանային հաշվողական մեքենա է, որում զուգակցվում են անալոգային ու թվանշանային սարքավորումների մի շարք առանձնահատկություններ։ ՀՀՄ-ների ստեղծումը պայմանավորված է որոշ խնդիրների լուծման ընթացքում առաջացող բարդություններով, որոնք չեն հաղթահարվում անալոգային հաշվողական մեքենաների (ԱՀՄ) [հաշվողական մեքենաներ, որոնք մշակում են անալոգային (անընդհատ) տեսքով ներկայացվող ինֆորմացիան] ու թվանշանային հաշվողական մեքենաների (ԹՀՄ) առանձին օգտագործումով։ Դա բերեց ԱՀՄ-ի ու ԹՀՄ-ի միավորմանը մեկ ընդհանուր հաշվողական հավաքածուի մեջ՝ անալոգա-թվանշանային ու թվանշանա-անալոգային փոխակերպիչների օգնությամբ։ ՀՀՄ -ը լինում են ունիվերսալ ու մասնագիտացված։ Ունիվերսալ ՀՀՄ- ը լուծում են համեմատաբար տարբեր դասերի խնդիրներ, իսկ մասնագիտացված մեքենաները ՝ միայն մեկ դասի։ ՀՀՄ-ի բաղադրիչների (ԱՀՄ և ԹՀՄ) հաշվարկային ֆունկցիաների բաժանումը որոշվում է տվյալ խնդրի դասի առանձնահատկություններով։ ԹՀՄ-ի ֆունկցիաներն են՝ ինֆորմացիայի մուտքը, ելքը, հիշեցումը, ԱՀՄ-ի կառավարումը և ստացված արդյունքների վերլուծումը։ ՀՀՄ-ով արդյունավետ կերպով լուծվում են լայն դասերի խնդիրներ, ավտոմատ կառավարման համակարգերի (կամ պրոցեսների) մոդելավորում՝ ժամանակի իրական մասշտաբով, վիճակագրական, կենսբ. համակարգերի մոդելավորում, մասնակի ածանցյալներով հավասարումների լուծում, կառավարման համակարգերի օպտիմալացում ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 387