Հերպես սիմպլեքս կերատիտ

Հերպես սիմպլեքս կերատիտ, կերատիտի տեսակ, որի պատճառը եղջերենու ախտահարումն է հերպես սիմպլեքս վիրուսով[1]։ Այն սկսում է եղջերենու էպիթելիալ բջիջների ախտահարումով ու նրա նյարդաթելերի ռետրոգրադ ախտահարումով[2]։ Սկզբնական շրջանում ախտահարումը հիմնականում արտահայտվում է շաղկապենու և կոպերի այտուցով (բլեֆարոկոնյունկտիվիտ) զուգակցված փուքր սպիտակ վնասված տեղամասերով եղջերենու մակերեսին։ Սրանք կարող են լինել ինչպես էպիթելի շատ փոքր վնասվածքներ(մակերեսային կետային կերատիտ) այնպես էլ ավելի լուրջ ու ծանր հետևանքներ ինչպիսիք են դենտրիտային խոցերը[3]։ Ախհտահարումը լինում է միակողմանի, յուրաքանչյուր անգամ ազդելով մեկ աչքի վրա։ Հավելյալ գանգատները ներառում են բութ ցավ աչքի ներսից, թեթև կամ արտահայտված չորության զգացում, և ծոցաբորբի նշաններ։ Առաջնային ախտահարումների մեծ մասն անցնում է ինքնուրույն մի քանի շաբաթվա ընթացքում։ Բուժումը հնարավոր է կատարել օգտագործելով օրալ կամ տեղային հակավիրուսային դեղորայք։

Հերպես սիմպլեքս կերատիտ
Herpes simplex keratitis
դենդրիտիկ խոց, ֆլյուորեսցեինով ներկված
Տեսակառողջական խնդիր և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԱկնաբուժություն
ՀՄԴ-10B00.5
 Herpetic simplex keratitis Վիքիպահեստում

Հետագայում կրկնվելը ավելի ծանր ընթացք կարող է ունենալ, ինչին բնորոշ են ախտահարված էպիթելիալ բջիջների կողմից ավելի մեծ դենդրիտիկ խոցերի առաջացումն ու սպիտակ վնասվածքի տեղամասերի առաջացումը։ Դենդրիտիկ խոցի աճին զուգահեռ մեծանում է էպիթելիալ շերտի դեֆեկտը։ Հնարավոր է նաև բորբոքային ռեակցիայի առաջացում ծիածանաթաղանթի ընդգրկմամբ։ Եղջերենու վնասված տեղամասերում վերանում է զգայունությունը, բերելով եղջերենու գեներալիզացված զգայունության կորստի, ինչն էլ առիթ է հանդիսանում հետագա կրկնության։ Ռեցիդիվը կարող է համակցված լինել քրոնիկ չորության, շաղկապենաբորբի հետ, կամ քրոնիկ անհայտ պատճառի ծոցաբորբերի հետ։ Կայուն ինֆեկցիան բերում է վիրուսի ԴՆԹ ի ծայրահեղ մեծ քանակի կուտակման։ Հակամարմինների պատասխանը վիրուսի հակածնի նկատմամբ կարող է բերել ծավալուն իմուն պատասխանի։ Այս իմուն պատասխանը կարող է բերել եղջերաթաղանթի ստրոմայի լուրջ վնասման և պղտորման, որը կարող է դառնալ կուրության պատճառ․ Սա հայտնի որպես իմուն միջնորդված ստրոմալ կերատիտ։

Հերպես սիմպլեքս վիրուս ինֆեկցիան շատ տարածված է։ Համարվում է, որ պոպուլյացիայի 1/3 մասն ունի կրկնվող ինֆեկցիա։ Հերպես սիմպլեքս վիրուսի պատճառով առաջացած կերատիտները համարվում են եղջերենու ախտահարմամբ պայմանավորված կուրության պատճառներից ամենատարածվածը զարգացող երկրներում։ Հետևաբար հերպես սիմպլեքս վիրուսով պայմանավորված ինֆեկցիաները համարվում են մեծ առողջապահական խնդիր ամբողջ աշխարհում[4]։ Համաշխարհային տարածվածությունը հերպես կերատիտները մոտավորապես 1․5 միլիոն է, ներառելով տարեկան ևս 40,000 դեպք, որոնք բերում են մոնոկուլյար տեսողության ծանր խանգարման, կամ կուրության[5]։

Ախտանշաններ խմբագրել


Առաջնային ինֆեկցիա խմբագրել

 
Հերպետիկ բլեֆարիտ

Սկզբնական շրջանում առաջին նշանը հիմնականում լինում է բլեֆարոկոնյունկտիվիտը, այսինքն, կոպերի և շաղկապենու ախտահարումը, որոնք լավանում են առանց սպիացման․ Հատկապես բնորոշ են կոպերի վրա առաջացող վեզիկուլները։ Սկզբնական ախտահարման ժամանակ եղջերենին սովորաբար ներգրավված չէ։

Աչքի կրկնվող ախտահարում խմբագրել

Աչքի կրկնվող հերպեսի պատճառը զգացող գանգլիոնում գտնվող վիրուսի կրկին ակտիվացումն է, ապա նրա տեղափոխումը նյարդի աքսոնի միջոցով դեպի նյարդաթելի վերջավորություններին, ինչն էլ բերում է աչքի մակերեսի ախտահարման։ Հիվանդությունը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ հերպես սիմպլեքս կերատիտների հետևյալ դասակարգումը։

Դենդրիտիկ խոց (Էպիթելիալ կերատիտ) խմբագրել

Դասական հերպետիկ դեֆեկտը եղջերենու գծային, ճյուղավորված խոց է (դենդրիտիկ խոց)։ Հետազոտության ժամանակ այս դեֆեկտն ուսումնասիրվում է ֆլյուորեսցեինով ներկելուց հետո։ Հերպետիկ կերատիտով հիվանդները հաճախ նշում են օտար մարմնի զգացում, լուսազգայունություն, կարմրություն և պղտոր տեսողություն։

Եղջերենու զգայունության տեղային կամ տարածում անկումը զարգանում է կրկնվող էպիթելիալ կերատիտից հետո։

 
Ֆլյուորեսցեինով ներկված եղջերաթաղանթ, աշխարհագրական էպիթելիալ դեֆեկտ

Իմունադեֆիցիտով հիվանդների մոտ, կամ նրանց, ովքեր օգտագործում են կորտիկոստերոիդ դեղամիջոցներ, խոցը կարող է մեծանալ, և այս դեպքում այն կոչվում է աշխարհագրական խոց[6]։

Դիսկոիդ կերատիտ (էնդոթելիալ կերատիտ) խմբագրել

Էնդոթելիալ կերատիտն առաջացնում է էնդոթելի դիսկաձև բորբոքում։ Եղջերենու երկարատև այտուցը բերում է նրա մշտական սպիացման, ինչն էլ տեսողության հերպես սիմպլեքսով պայմանավորված խանգարման գլխավոր պատճառներից է։

Այլ ձևեր խմբագրել

  • Մետահերպետիկ խոց․ սրա պատճառը ոչ թե կենդանի վիրուսն է, այլ եղջերենու մակերեսի վերականգնվելու անկարությունը։
  • Նեկրոզացնող կերատիտ
  • Կերատոուվեիտ․ Լինում է սովորաբար գրանուլեմատոզ ուվեիտ, մեծ պրեցիպիտատներով եղջերենու էնդոթելին

Պատճառները խմբագրել

Հերպես սիմպլեքս վիրուսը երկշղթա ԴՆԹ պարունակող վիրուս է որն ունի իկոսաեդր կապսիդ։ Հերպես սիմպլեքս-1 վիրուսը հիմնականում հայտնաբերվում է բերանում, իսկ հերպես սիմպլեքս-2 վիրուսը գենիտալ շրջանում։ Ակնային հերպես սիմպլեքսի հիմնական պատճառը հերպես սիմպլեքս-1 վիրուսն է[7]։

Ախտորոշում խմբագրել

Ակնային հերպես սիմպլեքս վիրուսի կլինիկական ախտորոշումը սովորաբար դրվում է ակնաբույժի կողմից հիմնվելով դենդրիտային կերատիտի առկայության վրա։ Հատուկ ախտորոշիչ հետազոտությունները կարիքը հազվադեպ է զգացվում, քանի որ վիրուսն ունի իրեն բնորոշ կլինիկական նշանները։ Լաբորատոր հետազոտությունները ցուցված են բարդ դեպքերում, երբ կլինիկական ախտորոշումը հստակ չէ, և բոլոր այն դեպքերում, երբ կասկած կա նեոնատալ հերպեսի[4][6]։

Բուժում խմբագրել

Հերպես սիմպլեքսի ակնային ձևի բուժումը տարբեր է, կախված արտահայտումից․ էպիթելիալ կերատիտի պատճառը կենդանի վիրուսն է, ստրոմալ ախտահարումը լինում է իմուն պատասխանի պատճառով, իսկ մետահերպետիկ խոցի պատճառը եղջերենու էպիթլի վերականգնվելու անկարողություն է[4][6]։

Էպիթելիալ կերատիտ խմբագրել

Էպիթելիալ կերատիտը բուժվում է տեղային հակավիրուսային դեղամիջոցներով, որոնք շատ արդյունավետ են և կայունությունը հանդիպում է շատ հազվադեպ։ Տեղային հակավիրուսային դեղորայքով բուժումը սովորաբար տևում է 10-14օր։ Ացիկլովիրի դեղահաբերը նույնքան արդյունավետ են, որքան տեղային հակավիրուսային դեղորայքը, և ունեն առավելություն, քանի որ չունեն ակնային տոքսիկ ազդեցություն։ Այդ իսկ պատճառով շատ ակնաբույժներ նախընտրում են դեղահաբերով թերապիան։

Գանցիկլովիրով և բրիվուդինով բուժումները նույնքան արդյունավետ են, ինչքան ացիկլովիրով բուժումը[8]։

Վալացիկլովիրը, կարող է բերել թրոմբոցիտոպոնիկ պուրպուրայի առաջացման, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի իմունոդեֆիցիտով հիվանդների մոտ, հետևաբար այն պետք չէ նշանակել առանց պարզելու հիվանդի իմուն համակարգի վիճակը։

Տեղային կորտիկոստերոիդնեը հակացուցված են ակտիվ հերպետիկ էպիթելիալ կերատիտի ժամանակ։ Եթե հիվանդը այլ համակարգային խնդրի համար ստանում է կորտիկոստերոիդներով բուժում, ապա կերատիտը բուժելիս պետք է տալ մեծ դոզայով, համակարգային հակավիրուսային պրեպարատներ։

Ինտերֆերոնի դերը հակավիրուսային պրեպարատի հետ դեռ ամբողջովին հետազոտված չէ[8]։

Ստրոմալ կերատիտ խմբագրել

Հերպետիկ ստրոմալ կերատիտը սկզբում բուժվում է պրեդնիզոլոնի կաթիլներով 2 ժամը 1 անգամ, և պրոֆիլակտիկ հակավիրուսային դեղորայքով․ կամ տեղային հակավիրուսային պրեպարատներ, կամ հակավիրուսային դեղահաբեր, օրինակ՝ ացիկլովիր կամ վալացիկլովիր։ Պրեդնիզոլոնի դոզան վերանայվում է ամեն 1 կամ 2 շաբաթը մեկ անգամ, կախված հիվանդի վիճակի փոփոխությունից։ Տեղային հակավիրուսային դեղորայքը չի ներծծվում անվնաս եղջերենու միջոցով, իսկ ացիկլովիրի դեղահաբերը հասնում են մինչև առաջային խցիկ, այսինքն դեղահաբի տեսքով ացիկլովիրը կօգնի նաև եղջերենու խոր շերտերի բորբոքման դեպքում։

Մետահերպետիկ խոց խմբագրել

Բուժումը ներառում է արհեստական արցունքի կաթիլներ, տոքսիկ ազդեցությամբ դեղորայքի օգտագործման դադարեցում, արցունքային կետիկների խցանում, բուժիչ կոնտակտային ոսպնյակի տեղադրում և ամնիոտիկ թաղանթի փոխպատվաստում։ Այս ամենը ուղղված են վերականգնման գործընթացների բարելավմանը։

Հակավիրուսային դեղորայքի օգտագործումը իջեցնում է եղջերաթաղանթի փոխպատվաստումով հիվանդների մոտ հերպես սիմպլեքս կերատիտի հետագա առաջացումը, և երկարեցնում է տրանսպլանտատի օգտագործման ժամանակը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. James, William D.; Berger, Timothy G. (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  2. Carr DJ, Härle P, Gebhardt BM (May 2001). "The immune response to ocular herpes simplex virus type 1 infection". Experimental Biology and Medicine. 226 (5): 353–66. doi:10.1177/153537020122600501. PMID 11393165.
  3. Suresh PS, Tullo AB (September 1999). "Herpes simplex keratitis". Indian Journal of Ophthalmology. 47 (3): 155–65. PMID 10858770.
  4. 4,0 4,1 4,2 Myron Yanoff; Jay S. Duker (2009). Ophthalmology (3rd ed.). Mosby Elsevier. pp. 279–288. ISBN 9780323043328.
  5. Farooq AV, Shukla D (September 2012). "Herpes simplex epithelial and stromal keratitis: an epidemiologic update". Survey of Ophthalmology. 57 (5): 448–62. doi:10.1016/j.survophthal.2012.01.005. PMC 3652623. PMID 22542912.
  6. 6,0 6,1 6,2 Basic and clinical science course (2011–2012). External disease and cornea. American Academy of Ophthalmology. pp. 105–117. ISBN 978-1615251155.
  7. Barker NH (July 2008). "Ocular herpes simplex". BMJ Clinical Evidence. 2008: 0707. PMC 2907955. PMID 19445742.
  8. 8,0 8,1 Wilhelmus KR (January 2015). "Antiviral treatment and other therapeutic interventions for herpes simplex virus epithelial keratitis". The Cochrane Database of Systematic Reviews. 1: CD002898. doi:10.1002/14651858.CD002898.pub5. PMC 4443501. PMID 25879115.
  9. Bhatt UK, Abdul Karim MN, Prydal JI, Maharajan SV, Fares U (November 2016). Cochrane Eyes and Vision Group (ed.). "Oral antivirals for preventing recurrent herpes simplex keratitis in people with corneal grafts". The Cochrane Database of Systematic Reviews. 11: CD007824. doi:10.1002/14651858.CD007824.pub2. PMC 6464863. PMID 27902849.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերպես սիմպլեքս կերատիտ» հոդվածին։